96 տարի առաջ այս օրերին տեղի էին ունենում Ադրբեջանական նորաստեղծ պետության ու Օսմանյան Իսլամի բանակի հարձակումները Արցախի դեմ, որը ժողովրդավարական անկախ հայկական իշխանություն էր հռչակել դրանից օրեր առաջ՝ 1918 թ-ի հուլիսի 24-ին։
Նույնիսկ ստանալով բրիտանական մանդատը տարածաշրջանում իշխանություն ձևավորելու համար Ադրբեջանին չի հաջողվել սեփական ղեկավարներին Արցախում իրական իշխանություն իրականացնել։ Հետաքրքրական է Արցախահայության 4-րդ համագումարի հայտարարությունը, հրապարակված 1919-ի փետրվարի 19-ին.
«Կանգնած լինելով ժողովրդի ինքնորոշման սկզբունքների վրա` Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը հարգանքով է վերաբերվում դեպի հարևան թյուրք ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա հետ միաժամանակ վճռականորեն բողոքում է ամբողջ աշխարհի առաջ ադրբեջանական կառավարության փորձերի դեմ, որոնցով ցանկանում է ոչնչացնել այդ սկզբունքը հայկական Ղարաբաղի նկատմամբ, որը երբեք չի ընդունելու և չի ընդունում իր վրա Ադրբեջանի իշխանությունը»։
Անցան տարիներ։ Ադրբեջանը ամբողջությամբ հայաթափեց Նախիջևանը, սակայն Արցախահայության «երբեք»-ը մինչ օրս ուժի մեջ է, ու ինչպես ցույց տվեցին վերջին օրերի դեպքերը՝ ուժի մեջ է լինելու այնքան ժամանակ, մինչև վերոնշյալ հարևան «թուրք ժողովուրդը» չգիտակցի, որ Արցախում իրենք գտնելու են իրենց մահկանացուն ինչպես ժամանակին իրենց պապերը ու հայրերը, իսկ նոր սերունդների մեջ սերմանել ատելություն ու որքան հնարավոր է շատ հող գրավելու մոլուցք նշանակում է նորանոր ողբերգություններ բերել սեփական ժողովրդի գլխին։