Երբևէ մեղքի զգացում ունեցե՞լ եք: Ինչ-որ բան կարմիր լույսի ազդանշանի պես հիշեցրե՞լ է, որ սխալ եք վարվել որևէ մեկի հետ, հարազատ թե օտար` կարևոր չէ: Մարդկանց հոծ զանգված դա չի էլ ցանկանում զգալ, կամ պարզապես արդեն վաղուց զուրկ է մեղքի զգացումից: Քանի՞ մարդ կա Ձեր շրջապատում: Երեսո՞ւն, քառասո՞ւն, ավելի՞…. Նրանցից քանիսի՞ հետ եք վիճել կամ հարաբերություններ խզել, հետո էլ մեղքի զգացում ունեցել: Գրազ կգամ, որ ընդամենը մի քանի հոգի կխոստովանեն, որ մեղքի զգացում ունեն, որ երբևէ սխալ են վարվել մեկի հետ, ով իրենց համար հարազատից դարձավ անծանոթ: Մենք արդարացումներ պիտի փնտրենք, մտածենք, որ ամեն քայլ ճիշտ ու հավասարակշված ենք արել, որ մեր կյանքից դուրս եկած մարդիկ արժանացել են դրան, դրանով իսկ կրել են իրենց պատիժն ու այժմ հեռու են մեզնից: Ո՞վ է որոշում մեր քայլերի ու արարքների ճշտությունն ու սխալական լինելը, ո՞վ է ինձ հարցնում, թե ինչու եմ նման քայլերի գնում…
Ես այսօր մեղքի զգացում չունեմ, որ խաբել եմ քեզ: Դա իմ շատ զգացումների, ստորացումների, հույսերի ու նվիրվածության կործանման արտահայտումն էր մեկի հանդեպ, ով ցեխ էր շպրտում այն մաքրության վրա, որ միայն իրեն էր պատկանում: Ես չափսոսեցի, երբ վերջակետ դրեցի այն ամենին, որը պահպանելու համար պիտի հազար ու մի պահանջներդ իրականացնեի, դառնայի ցանկություններ իրականացնող կախարդական փայտիկ: Դու չափազանց եսասեր ես ուրիշներին սիրելու ու պահպանելու համար, դու կարող ես մարդու մտավոր ունակություններից ու բնավորության թերի գծերից սկսել ու վերջացնել ֆիզիկական հատկություններով, և այդ ամենը սեփական քայլերը, սառնությունն ու կործանված լինելն արդարացնելու համար: Բոլորը բացառապես մեղավոր են նրանում, որ դու իրականում թերարժեքության բարդույթ ունես, որ անհոգի ու կնամոլի դիմակի հետևում կանգնած է մի անհատ, որ ոչնչացված է ամեն առումով:
Ես նույնիսկ խղճում եմ քեզ… Բնույթով ես կարող եմ սիրել ու միանգամից մոռանալ, որ սիրել եմ, ատել ու միանգամից մոռանալ ատելությունս… Դու էլ բացառություն չես, բացառություն չես այն մարդկանց շարքերում, ովքեր քամու նման եկան ու անցան: Ես մեղավոր չեմ, որ ես հենց այսպիսին եմ` իմ ֆիզիկական ու մտավոր թերություններով ու արժեքներով: Իմ կյանքում կան այնպիսի մարդիկ, ովքեր ինձ ընդունում են այնպիսին, ինչպես ես կամ, ընդունում ու սիրում են իմ սիրելու, անկեղծ լինելու, նվիրվելու, պատրաստակամ լինելու, ստեղծագործող մտքիս ու այլ լավ ու վատ կողմերի համար…
Ի՞նչն էր մեզ խանգարում: Դու… դու, որ չգնահատեցիր, որ մոռացար (չեմ զարմանում, մարդիկ անգամ Աստծուն են մոռանում, երբ արդեն ամեն բան կարգավորվում է), որ իմ սերը փոխեցիր հազար ու մի զիբիլի ու ժամանակավոր մարդկանց հետ, որ ինձ ստիպեցիր անպետք ու թերի, արատավոր զգալ, բայց միաժամանակ ուժեղացրիր ու սովորեցրիր սիրել ինքս ինձ, թքած ունենալ քո նման սեփական անձը գերագնահատողների վրա….
Ես ուղղակի թերթում եմ կյանքիս այս էջը` ուղղելով քեզ պահանջս` ազատի~ր ինձ քո հավերժական ներկայությունից…