Առավոտյան Լիան արթնացավ կիսահարբած, կիսասթափ վիճակում: Երեկվա երիտասարդից գրեթե ոչինչ չէր հիշում: Շաբաթ առավոտյան ոչ մի լավ բան չէր կարող լինել, քան լոգարանակոնքը լցնել գաղջ փրփուրաջրով ու վայելել անուշաբույր ջրի հանգստացնող ազդեցությունը:
Միայն հիմա նկատեց, որ անգամ բարձրակրունկները չի հանել: Շորերն անփութորեն հայտնվեցին սենյակի տարբեր անկյուններում, մազերը հավաքվեցին ծոծրակին` ընդգծելով երկար պարանոցի ճկուն գեղեցկությունը: Ջրի թեթև ճողփյունը վկայեց Լիայի փխրուն մարմնի հայտնվելը լոգարանակոնքում, որն ուղեկցվեց թեթև սարսուռով: Ջրի գոլ վիճակն անգամ չափազանց սառն էր թվում: Շուրթերը կիսաբաց, աչքերը փակ նա գլորվեց մտքերի անդունդը. <<Ի~նչ հիմար երեկո էր… Միայն ես կարող էի ինչ-որ ակումբում սեթևեթել մի թռչնակի հետ, ով քիթը առաստաղից կախված լամպից էլ վեր է ձգում` խաղողի հասունության վրա հույսը դնելով: Այո, Լիա, քեզ վիճակված է ընտրություն կատարել հիմարների ու քոչվոր ցեղերի միջև… Իսկ այ էդ սիրունիկը, որի անունն անգամ չեմ մտաբերում, ուղղակի մտքիցս չի ելնում: Երևի Թինան տեղեկություններ ունենա… ակումբի մենեջեր ընկերուհի ունենալն անզուգական հաճույք է… >>:
Ճիչ: Ճիչ, որ նրան միանգամից ռեալ աշխարհ իջեցրեց, ստիպեց արագ հագնվել` թաց մարմինն ընդգծելով կարճլիկ զգեստով: Թաց ոտնահետքերն անմիջապես իրար հետևից տպվեցին աստիճանների վրա ու տարան դեպի բակ: Շուրթերը կրկին կիսաբացվեցին, բիբերը լայնացան, հայացքը սառեց: Ընկուզենու ծառի հաստ ու ամուր ճյուղից կախված օրորվում էր հոր խեղդված դիակը…
Հյուրասենյակի մեծ օվալ սեղանի գլխամասում նստած էր նա, այն ոտաբոբիկ ու գիշերազգեստով փոքրիկ աղջիկը, որը վախեցած ու որբուկի աչքերը հառել էր հոր առնական ուսերին, մատների արանքում տեղավորված դառը ծխախոտին ու թափանցիկ հեղուկով այն բաժակին, որ անընդհատ դատարկվում ու էլի լցվում էր: Կարմիր շրթներկով ներկված հյութեղ շուրթերը կրկին կիսաբաց էին, մերթընդմերթ կարմիր շրթներկը ներկում էր բարակ ծխախոտի ծայրամասը: Ներքևի շուրթը տպվում էր ապակե բաժակի ծայրին, մի կում վերցնում շագանակագույն հեղուկից: Բիբերը դեռ լայն էին, աչքերը ատելությամբ նայում էին դիմացի պատին տեղ գտած դիմանկարին, որի տակ հարմարավետ տեղավորվել էր կարմիր վարդերի մեծ փունջ, իր շրթներկի նման ալ կարմիր…
Կարմիր շրթներկով ներկված շուրթերին մոտեցող, բարակ ծխախոտի մատների արանքում տեղավորած ձեռքը հանկարծ դող զգաց` չենթարկվելով տիրոջ սառնությանը: Արցունքի խոշոր կաթիլ դուրս պրծավ բիբի տակից, կամաց շորորաց այտի վրա, հասավ կարմիր շրթներկին ու կանգ առավ: Շագանակագույն հեղուկով ապակե բաժակը զարկվեց դիմացի պատին տեղավորված դիմանկարին, կարմիր վարդերը նետվեցին հատակին, փոքրիկ աղջիկը ծնկաչոք նայեց դիմանկարին, մի քանի րոպե արագ հևալով, ատամների արանքից շպրտեց.
- Ատում եմ քեզ…
Նուրբ ու կարճլիկ գիշերազգեստով, ոտաբոբիկ, ոսկեգանգուր մազերով աղջիկը, որ մի օր պիտի շուրթերը ներկեր ալ կարմիր շրթներկով, այդ օրը հոր հետ միասին թաղեց նաև իր մանկության վերջին մասունքը:
Շարունակելի…