o_8258791in.am-ը գրում է.

Բրազիլիայի Կասկավել քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Հու անունով վագրը, որը միշտ հայտնի է եղել իր մեղմ բնավորությամբ, կծել է 11-ամյա տղայի ձեռքը, որը փորձել է նրան կերակրել: Երեխային տարել են հիվանդանոց: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա թևը մինչև արմունկը՝ հաղորդում է Mirror-ը:

Տուժողը, որի անունը չի հրապարակվում, կենդանաբանական այգում շրջել է հոր ու կրտսեր եղբոր հետ: Հայրը նրան մսի կտոր է տվել և առաջարկել է կերակրել վանդակում գտնվող վագրին: Տղան հոր աչքի առաջ անցել է ցանկապատն ու միսն առաջարկել վագրին: Երբ Հուն մոտեցել է, փոքրիկը սկսել է շոյել նրան: Հանկարծակի Հուն ցատկել է ու կծել փոքրիկ բրազիլացու ձեռքը:

«Ես մեռնում եմ, ես մեռնում եմ»,- բղավել է երեխան:

Հայրը գրկել է երեխային ու պառկեցրել խոտին: Նա շտապօգնություն է կանչել: Երեխայի ձեռքը հեռացնելուց հետո բժիշկները հայտարարել են, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել