Երեկ երեկոյան՝ ժամը 18:45-ի սահմաններում,«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, մեքենան կանգնեցնելով դելֆինարիումի մերձակայքում գտնվող ավտոկայանատեղի հարեւանությամբ, երեխաներին տարել է դելֆինների մասնակցությամբ միջոցառում դիտելու: Մոտ 2 ժամ անց՝ ներկայացման ավարտից հետո, մոտենալով ավտոմեքենային, Արմինեն դիմապակու վրա ծրար է հայտնաբերել:
«Հետք»-ը գրում է, որ Արմինե Պետրոսյանը սկզբում մտածել է, որ դա ինչ-որ գովազդային ակցիայի «հետեւանք» է, սակայն ծրարի մեջ եղել է խտասկավառակ. «Տեսնելով դիսկը՝ նույնիսկ մտածեցի, թե ինչքան են զարգացել գովազդատուները, որ սկսել են դիսկեր տարածել»,- ասել է Արմինեն:
Սակայն ավելի ուշ տանը նա պարզել է, որ խտասկավառակում ոչ թե գովազդ է, այլ իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության տեսագրությունը:
Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղեւորությունից:
Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին:
Հատվածներ Արթուրի եւ Տատյանայի խոսակցությունից Արթուրի եւ Տատյանա Չադենկովայի խոսակցությունից հասկացվում է նաեւ, որ այդ ամենում ներգրավված է Տատյանայի համադասարանցին, ում նույպես 100 հազար են մտադիր տալ (եթե դժգոհի, ավելին կտան):
Եվ հենց այդ համադասարանցին էլ ասել է ինգուշների կամ դաղստանցիների մասին, ովքեր էլ ենթադրաբար պիտի իրագործեին սպանությունը:
Արթուր – Իսկ ինգուշները կարո՞ղ են թռնել Հայաստան: Ինգուշնե՞ր են, թե՞ չեչեններ, որ դասարանցիդ ասում էր:
Տատյանա – Դաղստանցիներ: Կամ ինգուշներ են, կամ դաղստանցիներ, մոռացել եմ: Չէ, նրանք սարերով են գալու:
Արթուր – Ո՞նց սարերով: Պետք է նաեւ զենք վերցնել, քաղաք մտնել, նայել… Արմենը սարերում չի լինում, որ…
Տատյանա – Բնական է, նրանք սարերով… Նրանք ոչ մի սահմանում չեն երեւում:
Արթուր – Արմենին սարերում հո չե՞ն սպանելու, Արմենը սարերում չի լինում…
Տատյանա – Չէ, նրանք սարերով կգան, ոչ թե օդանավով կամ այլ բանով:
Արթուր – Այսինքն` անօրինակա՞ն են սահմանը հատելու:
Տատյանա – Ոտքով, իհարկե:
Արթուր – Միեւնույն է, այնտեղ մեքենա է պետք, բան է պետք:
Տատյանա – Դե դրա համար էլ այդպիսի գումար է:
Արթուր – Ուղղակի որ հետո չլինի… Չխնդրեն մեզնից` մեքենա է պետք, սա է պետք, որ էդպիսի բաներ մեզնից չխնդրեն:
Այնուհետեւ «Հետք»-ը շարունակում է, որ զրույցի 20-րդ րոպեից պարզ է դառնում, որ դեռեւս անցյալ տարվա ձմռանը «կովկասցի այդ մարդկանց» հետ երկու տարբերակ են քննարկել:
Իսկ ոմն Արթուրի մասնակցությունը եւ Արմեն Պետրոսյանի հետ մտերիմ լինելը ակնհայտ է դառնում, երբ Արթուրը խոսում է «ամեն ինչից տեղյակ լինելու» մասին. «Շատ բաներ կան, որ նրանք չեն տրամաբանի` որտեղ է մանկապարտեզը, որտեղ վարորդը, թիկնապահը որտեղ է, ինչ է: Ինչպես ինձ համար Դաղստանում որեւէ բան անելը դժվար կլինի, այնպես էլ նրանց՝ Հայաստանում»:
Արթուր – Նրանք չգիտեն չէ՞` ով է Արմենի ընկերը… Ով՝ ով, ինքդ ես հասկանում, իսկ ես բոլորին գիտեմ…
Տատյանա – Ես ասացի` ամենալավը ճանապարհին է` Վրաստան:
Արթուր – Վրաստանո՞ւմ: Տատյանա – Վրաստանի ճանապարհին: Այո:
Արթուր – Արդեն Վրաստանո՞ւմ, թե՞ մինչեւ Վրաստան:
Տատյանա – Ճանապարհին: Մինչ Վրաստանը:
Արթուր – Մինչեւ Վրաստա՞ն նրանք դա անեն:
Տատյանա – Այո, կարծում եմ… Կամ էլ Վրաստանում: Վրաստանում ինքը նրանց քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ այնտեղ որեւէ մեկը խիստ լարվի:
Արթուր – Չէ՜, Վրաստանում գիտես ոնց է, ոնց որ շերիֆն է Ամերիկայում: Վրաստանում ավելի դժվար է, քան… Գիտեմ: Վրաստանում ոնց որ Դուբայում է: Հիմա էնտեղ գիտես. ոստիկանությունը ոչ կաշառք, ոչինչ… :
Արթուրը համոզում է, որ Վրաստանում ավելի դժվար է իրագործելը, որովհետեւ ոստիկանները խիստ են, եւ ամեն տեղ տեսախցիկներ կան: Համենայնդեպս, Արթուրը երկուշաբթի ինֆորմացիա պետք է ստանար, որից հետո էլ ամեն ինչ պետք է պարզ դառնար:
Տեսագրության մեջ հստակ երեւում է, որ Արթուրի եւ Տատյանայի խոսակցությունը տեւել է ավելի քան 2 ժամ, սակայն խտասկավառակում ձայնագրվածի տեւողությունը մոտ 25 րոպե է:
Հետաքրքիր է, թե զրույցի որ հատվածներն են կրճատվել: Իբրեւ բնակության վայր Արթուրը «Skype»-ում նշել է ՌԴ Մոսկվա քաղաքը, չնայած նրա գրանցած տվյալները կարող են նաեւ կեղծ լինել: Ամեն դեպքում, այս ամենն իրավապահները կարող են պարզել եւ հենց Տատյանայի միջոցով նրա«Skype»-ի զրուցակցին գտնել:
«Skype»-ով Արթուրի հետ կապվելու «Հետքի» փորձերն առայժմ արդյունք չեն տավել. նա առցանց չէ:
«Հետքին» հայտնի է դարձել նաեւ, որ Արմեն Պետրոսյանի«ինքնասպանությունից» ժամեր անց Տատյանան գնացել է վերջինիս Դուբայում գտնվող տուն եւ փորձել մտնել ներս:
Սակայն նրան դա անել թույլ չի տվել Արմեն Պետրոսյանի ներկայացուցիչը, ինչի առթիվ Տատյանան նույնիսկ բողոքել է Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահներին, թե ինձ ներս չեն թողնում մահացած ամուսնու բնակարան:
Սրան ի պատասխան՝ արաբ իրավապահները հարցրել են՝ իսկ ինչո՞ւ չեք գնում Ձեր ամուսնու մոտ: Վերջինս այդպես էլ չի կարողացել տուն մտնել:
Թե նախկին ամուսնու բնակարանում ինչ էր նրան պետք վերջինիս մահվանից ժամեր անց, իրավապահներն առանց դժվարության կարող են պարզել:



