Ե՛վ մենք, ե՛վ իրեն քաղաքակիրթ անվանող աշխարհն այսօր հայտնվել ենք այնպիսի մի փակուղում, որտեղից ելքերը չափազանց դժվար են նշմարվում: Պատճառը տիեզերական գլխավոր օրենքների՝ ՛՛ՏԻԵԶԵՐՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ՛՛ մոռացությունն է, նրա առհամարհումը: Մարդկությունն իրեն վեր դասելով բնական, համապիտանի օրենքներց ու օրինաչափություններից, ի՛ր համար ու իրե՛ն հարմար օրենքներ է հորինել, ինչը նրան հասցրել է այսօրվա վիճակին: Իրադարձությունների ներկայիս բնույթն ու ընթացքը վկայում են մարդկության գոյությանը սպառնացող աղետալի զարգացումների մասին, որոնց մեծ մասն արդեն դարձելի չեն և կործանարար ազդեցություն կարող են ունենալ այս քաղաքակրթության համար:
Այսօր մարդկությանն անհրաժեշտ է ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, որտեղ արդեն ոչ թե ամենայնի նկատմամբ սպառողական հոգեկերտվածքով ու միայն անձնական բարեկեցության, մարմնավոր բարգավաճման ու իր իրավունքների և ազատությունների մասին մտածող, սեփական գոյությունը ամեն ինչից վեր դասող ու մնացյալ մարդկության հետ անհաշտ մրցակցության մեջ գտնվող, ամեն գնով իր համար նոր ՛՛տարածքներ՛՛ գրավող, իր ազդեցությունների ոլորտները ընդարձակել ցանկացող, քիչ տվող ու շատ վերցնող, ագրեսիվ, ՛՛հաղթանակողի՛՛ կեցվածքով մարդը և այդ մարդկանցից բաղկացած հասարակությունները կլինեն ամենայնի կենտրոնում զետեղված…
այլ ՄԱՐԴԸ, ով կազատագրվի արտաքին հրահանգներով ու այլոց թելադրանքով առաջնորդվելու հոժարությունից ու աշխարհաճանաչողության համար, բաժանարար-դատողականից զատ բոլորովին նոր՝ ժողովող-ներդաշնակող գործիքներ կհայթհայթի, ՄԱՐԴԸ, ով կարողացել է իրենից դուրս ուղղված պայքարները ուղեփոխել դեպի իր ներսի մարդը, ՄԱՐԴԸ, ով ունակ կլինի այնպիսի չափողականություններով մտածել, որտեղ մշակութային առանձնահատկություններն ու պայմանականությունները միմյանց հակադրված չեն լինի, այլ կլինեն փոխլրացնող, ՄԱՐԴԸ, ում համար կարևորը աշխարհի հոգսն իր վրա վերցնելն է, ՄԱՐԴԸ, ում գլխավոր նպատակը իր մարդկային պարտականությունները, իր համար ի վերուստ հաստատված պատվիրանները սրբորեն իրագործելն է, ՄԱՐԴԸ, ում գործունեությունն ուղղված է գոյություն ունեցող փխրուն հավասարակշռությունները պահպանելուն, ՄԱՐԴԸ, ում համար առաջնայինը, երկիր մոլորակի վրա մարդու գոյության հետևանքով առաջացած քաոսի նվազեցումն ու ներդաշնակության աստիճանի բարձրացմանը նպաստելն է, ՄԱՐԴԸ, ում համար ազնվությունից ու այլոց հանդեպ հոգատարությունից, անանձնական սիրուց ու նվիրումից, ազգ, հայրենիք, ընտանիք հասկացություններից վեր ոչինչ գոյություն ունենալ չի կարող, ՄԱՐԴԸ, ում համար բարոյականությունն ու մարդկային առաքինությունները ոչ թե զուտ գաղափարներ են, այլ ճանաչված փաստեր ու գործողություններ, ՄԱՐԴԸ …