Հայկական մամուլի ամենաականավոր ներկայացուցիչները իրենցից ներկայացնում են հասարակության դեմորալիզացիայի գործիքներ։ Ժամանակին հակառակորդի շրջանում պատերազմի ընթացքում թռուցիկներ էին սփռում ինքնաթիռներից, որ մարդիկ հանձնվեն, վախենան, հավաստիանան, որ իրենք թույլ պարտված կողմն են, պարտությունը անխուսափելի է, պայքարելն անիմաստ է, և այլն։ Այսօր հնարավոր միջոցներ ավելի են շատացել ու նույն Ադրբեջանը իրեն կարող է թույլ տալ հայերեն ու ռուսերեն լեզուներով կայքեր ու հեռուստատեսություններ գործարկել։ Բայց այս ամենը թշնամական գործողություններ են փաստացի հավերժ պատերազմի մեջ մեզ հետ գտնվող պետության կողմից։
Բայց ի՞նչ մտածես, երբ նմանօրինակ բովանդակություն հանդիպում ես հայկական մամուլում ու լրատվական կայքերում։ Երբ թերթերը կարդալուց հետո ցանկություն է առաջանում մոտակա կամուրջը գտնել ու ցան նետվել։ Ուր մնաց տնտեսություն զարգացնել, երեխաներ կրթել, պատերազմին մասնակցել հաղթելու նպատակով։ Երբ լրագրողը վերձնում է 5 ամիսների վիճակագրությունը երկիր մուտք ու ելք գործածների ու ներկայացնում բացասական սալդոն որպես արտագաղթի իրական վիճակագրությունը, խմբագիրն էլ այդ գլուխգործոցը տպագրում է։ Երբ ադրբեջանական ու թրքական աղբյուրներից վերցված տեղեկությունը իր ողջ հմայքով թարգմանում տեղադրում են տեղի ընթերցողներին ավելի հասու դառնալու համար։ Երբ ազգությունը ու արժեքները կորցրած անձը հայկական ազգանունի ներքո գրում է Արցախի պատերազմի մասին հակահայկական նյութեր, Հայաստանում տարիներ ի վեր գործունեություն ծավալող, սակայն իրեն վտարանդի գրող/քաղաքական գործիչ/վերլուծաբան հռչակող անձը Խոջալուի օպերացիայի մանրամասներին չծանոդանալով ընդունում է Ադրբեջանի հնչեցրած քարոզը ու ներություն է խնդրում թշնամուց։ Ու երբ ընդհանուր առմամբ գործունեությունը ուղղված է ոչ թե իրական խնդիրների բարձրացման ու ինչը շատ կարևոր է լուծման ուղիներ փնտրելուն, այլ զուտ ներքաղաքական շահերի/աշխատավարձերի/մեքենաների ու դաչաների խաթր հասարակության տարբեր շերտերը իրար դեմ ուղղելուն, ես չգիտեմ ինչպես նկարագրեմ այս ամենը։
Հ.Գ. Ալիևյան քարոզիչները էս իմ գրառումը եթե կարդան, համոզված եմ՝ կժպտան հասկանալով որ Հայաստանի ներսում ունեն բազմաթիվ համակիրներ ու իրենց գործը այլևս այդքան էլ բարդ չէ։