Ընթերցողին որքան էլ տարօրինակ թվա, բայց միշտ ուզել եմ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կերպարին անդրադառնալ: Սակայն միշտ ինչ-որ բան խանգարել է դա անել: Առաջին անգամ եմ անդրադառնում այս տիպաժին ու կփորձեմ լինել առավել օբյեկտիվ:
Սույն հոսանքահարված ֆոտոլրագրողը միշտ ոստիկանությունից, փրկարարներից, շտապօգնությունից առաջ է հայտնվում դեպքի վայրում: Մեկ նրան տեսնում ես Սյունիքում, մեկ էլ, չգիտես ոնց, նա նույն ժամանակ, կամ մի քանի րոպե հետո հայտնվում է Տավուշում ու այսպես շարունակ:
Նույնիսկ ոզնուն հասկանալի է, թե ովքեր և ինչպես են նրան տրամադրում էքսկլյուզիվ ֆոտո և վիդեո նյութեր: Դա ինձ առանձնակի չի հետաքրքրում, որովհետև միգուցե մարդը պայմանագիր ունի մեր համապատասխան մարմինների հետ նյութերով փոխանակվելու ու այդ կերպ փող աշխատելու:
Ուզում եմ խոսել ուրիշ երևույթի մասին: Հետևելով Շամշյանի ռեպորտաժներին՝ տպավորություն է ստեղծվում, որ այս մարդը կարծես արյան ծարավ լինի, կարիերա է անում ավտովթարից, կամ այլ պատահարներից մահացած մարդկանց դժբախտ հարազատների ողբը եթերով ցուցադրելով: Էլ չեմ խոսում նրա գռեհիկ ու անգրագետ մեկնաբանությունների մասին, անտաղանդ ձայնով երգելու կամ արտասանելու սովորության մասին: Այս մարդուն թվում է, թե իրավունք ունի անձնական վիրավորանքներ հասցնելու բոլորին, ու ջանք ու եռանդ չի խնայում՝ մարդկանց այն աստիճանի սադրել, որ դիմացինը հունից դուրս գա, որպեսզի իր ռեպորտաժը ստացվի:
Բնականաբար սա խոսում է այս մարդու տեսակի ու ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Պրոֆեսիոնալիզմի մասին, իսկապես, ավելորդ է խոսել, քանի որ երբ ուսումնասիրում ես նմանատիպ ֆոտոլրագրողների գործունեությունը այլ երկրներում, հասկանում ես, որ Գագիկ Շամշյանը լրագրությունից այնքան հեռու է, որքան Երկիրը Պլուտոնից:
Ինչ վերաբերում է մարդկային տեսակին: Բնավ ցանկություն չունենալով ոչ վիրավորելու, ոչ էլ փնովելու Գագիկի անձը (որպեսզի չիջնեմ նրա մակարդակին ու անեմ այն, ինչ ինքն է անում մյուսների նկատմամբ), ուզում եմ հռետորական մի քանի հարց ուղղել ֆոտոլրագրողին: Ինչո՞ւ հռետորական, որովհետև չեմ ակնկալում անմակարդակ ու գռեհիկ պատասխաներ՝ համեմված անտաղանդ երգով, մեջբերումներով ու սադրանքներով:
Եվ այսպես. Ո՞վ է քեզ իրավունք տվել հրապարակումներումդ մարդկանց անձնական վիրավորանքներ հասցնես:
Ո՞վ է քեզ իրավունք տվել մարդկանց դժբախտությունների վրա ռեպորտաժներ սարքել, մարդկանց լացը, ողբը եթերից ցուցադրել ու այդ կերպ կարիերա անել:
Ո՞վ է քեզ իրավունք տվել եթերը ու կայքդ լցնել ամեն տեսակ աղբով:
Դու լրագրո՞ղ ես, թե՞ պրովոկատր:
Եվ վերջապես, ո՞վ է քեզ իրավունք տվել շատ հաճախ անցնել բարոյականության և էթիկայի բոլոր սահմանները:
Ինչպես նշեցի՝ որևէ պատասխան չեմ ակնկալում: Պարզապես ուզում եմ նաև մի քանի խորհուրդ տալ՝ երբեք ուշ և ամոթ չէ որևէ ԲՈՒՀ-ում ուսում առնել: ԲՈՒՀ-ը հղկում ու կրթում է մարդուն: Ամոթ չէ խնդիրներ ունենալու դեպքում դիմել հոգեբանի կամ համապատասխան բժշկի: Երբեք ամոթ և ուշ չէ փոխել աշխատանքը, եթե այն վնասում ու աղտոտում է շրջակա միջավայրը և մարդկանց:
Մնացածը հաջորդիվ… արդեն Շամշյանի կոնկրետ ռեպորտաժների և հոդվածների մեկնաբանմամբ: