Pastinfo.am-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում գրանցված ոչ-ոքին չի արդարացրել ղազախական «Ակտոբեում» հանդես եկող Ռոբերտ Արզումանյանի սպասելիքները: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպանը խաղավարտից երկու րոպե առաջ գրավելով ռումինական «Ստյաուայի» դարպասը՝ իր թիմին փրկեց պարտությունից:
«Խաղի արդյունքը չի արտացոլում մեր սպասելիքները: Հատկապես առաջին խաղակեսում ավելի լավ էինք խաղում, սակայն չկարողացանք գոլի վերածել նպաստավոր պահերը: Փոխարենը, բաց թողեցինք ամենեւին էլ ոչ պարտադիր գոլեր: Չեմ կարծում, թե պատասխան խաղում մեզ կխանգարի ռումինացի երկրպագուների ակտիվ աջակցությունն իրենց թիմին: Մեր ակումբում հանդես են գալիս հավաքականներում ելույթ ունենալու փորձ ունեցող ֆուտբոլիստներ, որոնք սովոր են երկրպագուների ցանկացած ընդունելությանը: Ամեն դեպքում, տանն, իհարկե, հեշտ է խաղալ, բայց պատահում է նաեւ հակառակ իրավիճակը: Այնպես, որ Բուխարեստում պայքարելու ենք միայն հանուն հաղթանակի եւ, հուսով եմ, կկարողանանք հասնել նպատակին»,- sports.kz կայքին ասել է Արզումանյանը:
Ղազախստանում տեղի ունեցած խաղն, ինչպես հայտնի է, ավարտվել է 2:2 հաշվով: