Գիտնականները փորձում են բացահայտել ՕԵԿ-ի ցույցերին մասնակցել դրդող գենի գաղտնիքը |
ԵՐԵՎԱՆ – Հայաստանի մի շարք քաղաքագետներ և հոգեբաններ միավորել են ջանքերը հասկանալու, թե ովքեր են մասնակցում «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական հանրահավաքներին:
Միասնական խումբը այցելել է մի շարք հանրահավաքներ` փաստահավաք առաքելություն իրականանցելու նպատակով այդ ուղղությամբ:
«Նախ մենք փորձում էինք պարզել, արդյոք այդ մարդիկ գոյություն ունեն, թե դա պարզապես օպտիկական խաբկանք է: Այդ հարցը պարզելու համար մենք այցելեցինք ՕԵԿ հանրահավաքներ և կմճտեցինք մի քանի առավել ակտիվ և ուրախ «Օրինաց» բացականչող կանանց: Զարմանալիորեն պարզվեց` իրական էին», – զարմանքով նշում է հոգեբան Կարեն Նալչաջենկոն:
ՕԵԿ աջակիցների գոյությունը հաստատելուց հետո փորձագետները մի քանի փորձարկում իրականացրեցին ցույցերին մասնակցող 10 պատահական քաղաքացիների վրա: Նրանց փակեցին մութ սենյակում և խոստացան, որ եթե դուռը բացվելուց հետո նրանք մնան այնտեղ, ապա յուրաքանչյուրը կստանա մեքենա: Արդյունքում առայժմ ոչ ոք չի փորձել դուրս գալ սենյակից: Իսկ անցել է երեք շաբաթ:
Փորձագետների խումբը եզրակացրել է, որ բնակչության մի զանգված կարիք ունի պարբերաբար խաբվելու և պատրաստ է աջակցել այն կուսակցությանը, որը անկախ հանգամանքներից պատրաստ է բավարարել իրենց այդ կարիքը:
Այս տեսանկյան հետ սակայն համաձայն չեն բուն ՕԵԿ-ում: Կուսակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը վստահեցնում է, որ նույնիսկ հոգեպես առողջ մարդիկ կարող են դառնալ կուսակցության աջակից.
«Որևէ խնդիր չեմ տեսնում: Բոլորը չեն, որ կուսակցության վրա ցեխ են լցնում կամ այդքան հիշաաչար են: Կա մարդկանց մի զանգված, որը ՕԵԿ-ին դատում է ոչ թե նախկին սխալներով, այլ թարմ ու գրավիչ խոստումներով», – նշեց Բիշարյանը:
ՕԵԿ-ը վստահ է նաև, որ կուսակցության ներքին առողջության համար անհրաժեշտ է պարբերաբար փոխել քաղաքական դաշտը: «Կտրուկ փոփոխությունները անհրաժեշտ են ձանձրույթից խուսափելու և ընդհանրապես մի քիչ թարմանալու համար», – վստահ է Բիշարյանը:
ՕԵԿ-ի աջակիցների ֆենոմենը արդեն գրավել է նաև ավստրալիական գիտնականների ուշադրությունը, որոնք ծրագրում են ժամանել Հայաստան արդեն հուլիսին` իրականացնելու ՕԵԿ-ի հանրահավաքներին գնացողների համապարփակ ուսումնասիրություն:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer