Pastinfo.am-ը գրում է.

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը առաջիկա համաշխարհային օլիմպիադայում փորձելու է առնվազն կրկնել վերջին տարիների թիմային մրցումներում գրանցած արդյունքները: Այսինքն, պայքարելու է լավագույն տասնյակում լինելու, իսկ հաջողության դեպքում՝ նաեւ մրցանակակիր դառնալու համար: Այդ մասին Նորվեգիա մեկնելուց առաջ հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանը:

-Ինչպե՞ս է ընթացել նախապատրաստությունը:

-Հավաքականի բոլոր անդամների մասնակցությամբ 7 օրյա ուսումնամարզական հավաք ենք անցկացրել Աղվերանում: Մենք նույնպես ուշադրություն ենք դարձրել ֆիզիկական եւ տեսական պատրաստականությանը, սակայն, հաշվի առնելով, որ մերը կանանց հավաքական է՝ ֆիզպատրաստականությունը կազմակերպվել է անհատական շեշտադրմամբ: Հիմնականում պասիվ բնույթ է կրել՝ արտահայտվելով երեկոյան զբոսանքների տեսքով:

-Ըստ այդմ, ինչպե՞ս եք գնահատում մեր շախմատիստուհիների մարզավիճակը:

-Դժվար է միանշանակ ասել, քանի որ շախմատիստների պարագայում մարզավիճակը հիմնականում դրսեւորվում է մրցումների ժամանակ: Աղջիկների մոտ առկա խաղային խնդիրներին տեղյակ ենք, սակայն խոսքը ոչ թե գիտելիքների, այլ բուն մարզավիճակի մասին է: Որեւէ շախմատիստ ստույգ չի կարող ասել, թե ինչպիսի մարզավիճակում կլինի մրցման օրերին: Դա պայմանավորված է տարբեր գործոններով, եւ ուշադիր լինելու դեպքում կնկատեք, որ այդ խնդիրը միշտ ծագում է խոշոր մրցաշարերի ընթացքում:

-Արդեն որոշե՞լ եք, թե ով որ խաղատախտակին է հանդես գալու:

-Ճիշտն ասած՝ կողմնորոշվել ենք, սակայն առայժմ չէի ցանկանա հրապարակել: Ամեն ինչ կերեւա օլիմպիադայի ընթացքում: Մեծամասամբ ուշադրություն չենք դարձնում նաեւ մրցակիցների կազմին, սակայն անտեղյալ էլ չենք: Ավելի շատ հետաքրքրում է մեր մարզուհիների հոգեբանական, ֆիզիկական եւ շախմատային պատրաստականությունը: Իսկ մեր հիմնական մրցակիցների կազմում փոփոխություններ միշտ էլ լինում են, ինչպես, օրինակ, Ռուսաստանի հավաքականի դեպքում, որի շարքերը համալրել է Ուկրաինայի ընտրանու նախկին առաջատար Եկատերինա Լահնոն: Մոլորակի առաջատար հավաքականները ավանդաբար կայուն կազմ եւ համալրում են ունենում: Այնպես որ մեկ-երկու խաղացողի փոփոխությունը մեծ տարբերություն չի տալիս: Ուստի, մեկնարկից առաջ հակառակորդների անհատական արդյունքներին ուշադրություն դարձնելը, կարծում եմ, ճիշտ չէ:

-Այնուհանդերձ, եզրակացություններ արե՞լ եք վերջերս տեղի ունեցած կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում մեր շախմատիստների ելույթներից:

-Եզրակացություններ՝ ոչ, բայց որոշ հետեւություններ՝ անպայման: Ինչպես գիտեք, մեր առաջատարներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը լավ խաղացին: Դանիելյանն ընդգրկվելով 14 լավագույնների շարքում՝ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց, իսկ Լիլիթը գրավելով 16-րդ տեղը՝ մյուս տարի հնարավորություն կունենա պայքարելու այդ ուղեգրի համար:

-Մի պահ տպավորություն ստեղծվեց, որ Լիլիթի մոտ խաղային խնդիրներ կան: Այդպե՞ս է:

-Դա ոչ թե խաղային, այլ, ավելի շուտ, հոգեբանական խնդիր էր: Նա շատ լավ սկսեց, ընթացքում ոչ-ոքի գրանցեց, որից էլ ծագեցին խնդիրները: Զուտ շախմատային առումով որեւէ հարց չկար: Կարող էր ավելի շատ միավոր վաստակել, բայց չստացվեց: Իսկ մնացածի վերաբերյալ հետեւություններ արվել են: Մանավանդ, որ թիմային առաջնություններում Լիլիթը հիմնականում լավ արդյունքներ էր ցույց տալիս:

-Հայաստանի կանանց հավաքականի ավանդական դժվարությունը կապված է վերջին խաղատախտակին ուժեղ մասնակից ունենալու հետ: Հաջողվե՞լ է լուծել այդ խնդիրը:

-Այո, սակայն դա առկա է եւս մի քանի հավաքականների մոտ: Հարցը միայն դա չէ. մեր որոշ մրցակիցների 4-րդ համարը անհատական վարկանիշով գերազանցում է Հայաստանի հավաքականի առաջատարին: Մեզ մոտ գլխավոր խնդիրը համարժեք փոխարինողի բացակայությունն է: Ֆուտբոլային բառապաշարով ասած՝ կարճ է մեր պահեստայինների նստարանը: Նույն Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի հավաքականներում ներկայացված են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիները: Ոչ թե մենք ենք թույլ, այլ իրենք են շատ ուժեղ: Չնայած դրան՝ մերոնք միշտ պայքարել են, հուսով եմ՝ այս անգամ էլ կստացվի:

-Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանի հավաքականը վերստին պայքարելու է լավագույն տասնյակում ընդգրկվելու համար:

-Դժվար է ասել, պարզապես կարող եմ հիշեցնել վերջին երկու թիմային առաջնությունների արդյունքները. օլիմպիադայում մինչեւ վերջ ընթանում էինք առաջատարների խմբում, բայց նախավերջին տուրում հանդիպելով Ռուսաստանի հավաքականին՝ մեր մարզուհիները չդիմացան պայքարի լարվածությանը: Դա հոգեբանական խնդիր է, մինչդեռ հաղթելու դեպքում (իսկ նման հնարավորությունը իրական էր) կարող էինք մրցանակակիր դառնալ: Իսկ Եվրոպայի թիմային առաջնությունը հիշում ենք մինչ օրս, քանզի մինչեւ Ուկրաինայի հետ նախավերջին հանդիպումը լավագույն եռյակում էինք: Այնտեղ եւս կրկնվեց նույն պատմությունը: Շատ ցավալի էր:

Այս անգամ փոքր-ինչ ծանր պայքար է սպասվում: Մյուս կողմից՝ թիմի հետ է լինելու հավաքականի 2-րդ մարզիչ Ավետիք Գրիգորյանը, ով պատրաստականության եւ հոգեբանական առումներով ավելի կօգնի մեր թիմին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել