Imyerevan.com-ը գրում է.
Ավտոստոպով ճանապարհորդելու մասին մտածում են գրեթե բոլոր խենթերը: Սա լավագույն տարբերակն է մինիմում գումարով մաքսիմում վայրեր այցելելու համար: Բացի այդ, ավտոստոպը լավ հնարավորություն է առօրյա միապաղությունից դուրս գալու և աշխարհն ավելի լավ ճանաչելու համար: Տարբերակը ռիսկային է, ոչ ոք չի վիճում, բայց, միևնույն ժամանակ, առեղվածային է, գրավիչ, գլխապտույտ առաջացնող:
Եթե կա ճանապարհ, ուրեմն կա նաև երթևեկություն: Եթե կա երթևեկություն, ուրեմն կա տրանսպորտ, որը Ձեզ կփոխադրի, ու կանի դա անվճար
Սա, իհարկե հրաշալի է հնչում, բայց չմոռանանք չնախատեսված պատահարների մասին: Օրինակ, հնարավոր է՝ այդ մայրուղին այնքան էլ բանուկ չէ, ու ստիպված ժամերով կսպասեք: Կամ էլ կարող եք հայտնվել տուրիստական կենտրոնում ու նույնիսկ ամենաշքեղ մեքենան, որ կկանգնի, հաստատ գումար կպահանջի: Ուստի ցանկացած երկրում հայտնվելիս առաջինը, ինչ պետք է սովորել տեղի լեզվով, «փող չունեմ» արտահայտությունն է:
Եթե երկար չես կարողանում մեքենա բռնել, փոխիր դիրքդ
Այս կանոնը հաստատ սնահավատ ավտոստոպերներն են մտածել: Լինում են դեպքեր, երբ մայրուղին բարեհաջող է ընտրված, երթևեկությունը ակտիվ է, բայց, արի ու տես, որ նույնիսկ տաքսիստներն են քեզ չտեսնելու տալիս: Թարս ոտքից չես զարթնել, պարզապես թարս տեղում ես կանգնել: Մի քանի քայլ առաջ, մի քանի քայլ հետ, և հաջողությունը կժպտա:
Ստորության օրենք
Այս օրենքը բոլորին է հայտնի, իսկ ավտոստոպերներին՝ առավել ևս: Լինում է՝ ժամերով կանգնած ապարդյուն սպասում ես: Բայց հանկարծ որոշում ես ծխախոտ վառել կամ ուտելիք հանել պայուսակից, և մեքենան նույն վայրկյանին հայտնվում է կողքիդ, նույնիսկ ձեռքդ պարզելու կարիք չկա: Ուստի օգտվեք օրենքի ընձեռած հնարավորությունից, ծխախոտ վառեք, ու մեքենան հաստատ ձեզ կնկատի ու կկանգնի:
Տալիս են՝ վերցրո՛ւ
Նորեկները հնարավոր է ամոթխածություն ցուցաբերեն, կուլտուրային զոհ գնան, բայց շատ շուտով կհասկանան, որ այդպես երկար չեն ձգի: Եթե առաջարկում են ուտելիք, հագուստ կամ էլի ինչ-որ ծառայություններ, մի հրաժարվեք: Միգուցե այս պահին դրանք ձեզ պետք չեն, բայց հնարավոր է՝ շուտով կարիքը զգաք:
Եթե ճանապարհին ինչ-որ մեկն ինչ-որ բան է խոստացել ու չի արել՝ հոգ չէ: Նրա փոխարեն դա կանի մեկ ուրիշը
Լինում է՝ նստում ես մեքենան, ճանապարհին խոսակցության բռնվում, ընկերանում ու վարորդը որոշում է ցույց տալ իր հյուրընկալությունը՝ հրավիրում է իր տուն: Հիմնականում հրավիրել-վերջացնելուց հետո է միայն գիտակցում, որ կինը գլուխը կթռցնի, եթե անծանոթ մարդկանց տուն բերի: Այստեղ սկսվում է իսկական կինոն, սկսում է ինչ-որ անհեթեթ պատճառներ մեջբերել, մի խոսքով ուղևորներին թողնում է ճանապարհի մեջտեղում: Բայց մի հիասթափվեք, ոչ բոլոր վարորդների կանայք են այդքան խիստ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ