Հայդուկների ազգային, ազատագրական պայքարի գործում առաջին հերթին անհրաժեշտ էր զենք եւ զինամթերք, իսկ Օսմանյան կայսրությունում հայերին արգելված էր զենք կրել, ինչ դժվարացնում էր պայքարը: Այդ նպատակով կամավորներից ստեղծվեց մի հայդուկային խումբ, որի պարտականությունն էր զենք զինամթերք հասցնել իրենց ընկերներին, ովքեր անմիջապես կռվի թոհ ու բոհի մեջ էին գտնվում: Հայդուկների համար զենք զինամթերք Պարսկաստանից կամ Արեւելահայաստանից տեղափոխման գործը ստանձնեցին զինատար խմբերը, այդ խմբերը կազմված էին լինում՝ խմբապետից, ուղեցույցից, ով տարածքը լավ գիտեր եւ խմբին առաջնորդում էր անհրաժեշտ վայրը, մարտական մի փոքր խումբը, որը անհրաժեշտության դեպքում պետք է մտներ մարտի մեջ պաշտպանելու համար թանկագին բեռը եւ շալակատարներից, ովքեր եւ տեղափոխում էին զենք ու զինամթերքը (եղելեն դեպքեր երբ մեկ շալակատար 100 կիլոգրամ բեռ է ունեցել իր շալակին): Հաճախ զինատարներից շատերը հասնելով Երկիր էլ չէին վերադառնում, այլ մնում էին այնտեղ հայդուկների շարքերը համալրելով:
Ի՞նչ էին իրենցից ներկայացնում մարտական եւ զինակիր խմբերը: Այս հարցի վերաբերյալ առավել ուշագրավ եւ սպառիչ պատասխան է տվել հայդուկապետ՝ Սարգիս Մեհրաբյան (Խանասորի Վարդան): Ըստ նրա բնութագրման մարտական եւ զինատար խմբերի յուրահատկություններն ու պարտավորությունները թվարկելիս կարելի է նշել.
ա. Զենքի ու զինամթերքի տեղափոխություն Արեւմտահայաստանի նախանշված շրջանները: Այս խնդիրը առավելապես վերաբերվում է զինատար կամ զինակիր խմբերին, նրանցում ընդգրկված մարտիկներին, որոնց անվանում էին նաեւ շալակատար:
«Խմբերը կոչվում էին «զինակի», այսինքն՝ զէնք փոխադրող: Նրանք, սովորաբար, ավելորդ հրացաններ էին առնում իրենց հետ ուժերին նայած, երկու հոգուն՝ 3 հրացան, իսկ աւելի ուժեղները, մի հոգին 2 հրացան… «Հայդուկի բեռը միայն հրացանները չէին կազմում, յուրաքանչիր հայդուկ ունի 150-200 փամփուշտ, ատրճանակ, սուր, հացի տոպրակ մեջքի վրայ…». Գրել է Վարդանը:
բ. Հայդուկները գործում էին տարվա բոլոր եղանակներին ու այդ պատճառով ցրտից ու անձրեւից պաշտպանվելու համար նրանց հագուստը անհրաժեշտաբար պիտի լիներ տաք ու լավ կարված:
գ. Նրանք սովորաբար իրենց հետ հաց քիչ էին վերցնում եւ այդ պատճառով հազվադեպ է պատահել, երբ զինատար հայդուկները կուշտ են եղել:
«Շատ անգամ,- գրում է Վարդանը - պաղ աղբյուրի մոտ նստած՝ ախորժակները բորբոքվում էր եւ ուզում էին մեկ անգամից ամբողջ տոպրակը դատարկել, բայց ստիպված էին զսպել եւ բավականանալ միայն չոր կտորով եւ չորթան պանրով…»:
Դ. Մարտական խմբերը իրենց քողարկելու, աննկատ մնալու պատճառով միշտ տեղաշարժվել են գիշերը, իսկ ցերեկը, հարմար կայան ընտրելով, հանգստացել են: Հայդուկների ընտրած կայանները, որպես կանոն, ամրակուռ լեռներն էին, որոնք առավելագույնս պիտի ապահովեին նրանց անվտանգությունը: Հանգստակայաններ ընտրելիս նրանք ուշադրություն են դարձրել նաեւ հետեւյալ հանգամանքի վրա. նրանք յուրաքանչյուր օրվա համար կայան ընտրում էին նախորոք, կայանները որոշվում էին այնպիսի հեռավորության վրա, որ տղաները լուսաբացից առաջ տեղ հասնեին:
ե. Խումբը առաջ շարժվելիս պիտի հետեւեր երկու սրատես հայդուկների ուղեկցությամբ առջեւից ընթացող վալադին (ուղղեցույց): Նրանց պարտականությունն էր խմբին տանել ճիշտ ճանապարհով եւ թշնամու հայտնվելու դեպքում վտանգի մասին անմիջապես ահազանգել խմբապետին ու խմբիբն:
դ. Քանի որ խումբը շարժվում էր գիշերով, ուստի խստիվ արգելվում էր ծխելը: հակառակ դեպքում թշնամին կարող էր հեռվից նկատել կրակը ու անկանխատեսելի ու գուցեեւ անհաղթահարելի խոչնդոտներ հարուցել նրանց ճանապարհին: Ծխելը թույլատրվում էր միայն այն ժամանակ, երբ հայդուկները ճանապահից դուրս, մի կողմի վրա պառկում էին, զգուշությամբ լուցկի վառում, ծխախոտը կպցնում երկու ձեռքերի մեջ պահած: Ծխելու տեղից էլ վեր կենալուց հետո պետք է զգույշ լինեին, որ ոչ մի նշան կամ հետք չթողնեին, փամփուշտ, կամ այլ բան գետին չմնար:
ե. Ուղեւորության ընթացքում պատահում էր, որ հայդուկներից ոմանք չդիմանալով ճանապարհի դժվարություններին, հոգնում էին ու չէին կարողանում արագ շարժվել: Այդ դեպքում ընկերները պարտավոր էին օգնել նրան, թեթեւացնել նրա բեռը. Իսկ եթե անհրաժեշտ էր, նրանից վերցնել ամբողջ բեռը:
զ. Խմբի յուրաքանչյուր անդամի մոտ պարտադիր լինում էր 1-1,5 լիտր տարողության մետաղյա ջրաման, որին սովորաբար շապիկ էին հագցնում, որպեսզի գիշերները չփայլեր, իսկ ցերեկները չտաքանար:
է. Հայդուկները պարտավոր էին դեռ լույսը չբացված հասնել վաղօրոք նախատեսված կայանը, բարձրանալ լեռը եւ հարմար դիրքեր գրավելով՝ նստեին հանգստանալու:
ը. Մարտական եւ զինատար խմբերի գլխավոր պարտականություններից էր Արեւմտահայաստանի շրջաններում մարտական ուժերի կազմակերպումն ու մարզումը:
թ. Հայ բնակչության կյանքի ու ունեցվածքի պաշտպանությունը թուրքերի, քրդերի ու բոլոր տեսակի հրոսակախմբերի, հարստահարիչների ոտնձգությունից: