Imyerevan.com-ը գրում է.
Ամեն տարի մայիսյան մի օր տասնյակ հազարավոր երևանցիներ՝ աշխարհի բազմաթիվ այլ քաղաքների բնակիչների պես, մինչև ուշ գիշեր անցկացնում են թանգարաններում: Վերջիններիս աշխատողների համար էլ դա տարվա, հավանաբար, ամենածանրաբեռնված օրն է: Այս տարի այս միջազգային միջոցառման հաջորդ օրը մենք այցելեցինք մի քանի թանգարաններ, որպեսզի խոսենք այնտեղ աշխատող պահակների հետ սովորական, անմարդաշատ գիշերների մասին:
Սերգեյ
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Էստեղ աշխատում եմ 1981 թվականից: 1985-ին դուրս եկա, բայց 93-ին նորից կանչեցին: 80-ականներին դեռ Թումանյանի աղջիկը ընտանիքով էստեղ էր ապրում, այ աայ այս երկու սենյակներում, որոնք այցելուների համար փակ էին: Միշտ ժամը 7-ին թեյ խմելու էին կանչում: Շատ հետաքրքիր մարդիկ էին իրենց մոտ հյուր գալիս՝ արվեստագետներ, ճարտարապետներ, նկարիչներ... Իրանք խոսում էին, ես էլ սուս-փուս նստում լսում էի: Ասում էին «առանց քեզ ի՞նչ Նոր տարի», ու Նոր տարին միշտ միասին էինք դիմավորում: Բայց, ճիշտն ասած, այսքան տարի էստեղ աշխատում եմ, էքսպոնատներին նորմալ ծանոթ էլ չեմ: Թանգարանում ամենաշատը իմ սենյակն եմ սիրում: Իրենից լավը չկա:
Գևուշ
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Արդեն 15 տարի կլինի, ինչ էստեղ պահակ եմ աշխատում: Բայց մենք պահակ չենք արդեն, հիմա մեզ նոր օրենքով «հրաձիգ» են ասում: Ասում են՝ շուտով պիտի զենք ու համազգեստ էլ տան: Գիշերները հանգիստ են անցնում: Երկու տուն այն կողմ զոքանչս է ապրում, էնպես որ թաղում բոլորը ինձ գիտեն: Թանգարանում ամենաշատը այգին եմ սիրում: Համ շատ սիրուն ա, համ օդը՝մաքուր... Ափսոս՝ էս տարի ձյան պատճառով ամբողջ բերքն ու ծաղիկները փչացան: Անցյալ տարի էնքան բալ կար՝ աշխատողները վեդրոներով տուն էին տանում, իսկ էս տարի նույնիսկ յասամանը չծաղկեց...
Էնքա՜ն լավ ա ստեղ գիշերը մենակ, մտածում ես հանգիստ, երբ ուզում ես հաց ես ուտում, երբ ուզում ես հեռուստացույց նայում: Դու ես քո գլխի ու օրվա տերը… Ավելի շուտ՝ գիշերվա, ոչ թե օրվա:
Սերգեյ
Ժամանակակից արվեստի թանգարան
Արդեն տասը տարի է էստեղ եմ աշխատում: Մեր տեղը մի քիչ խուլ ա, անընդհատ կռիվներ ա լինում, ամեն անգամ վախենում ենք, որ ապակի կջարդեն, բան.. Հետո վերևից բնակիչները անընդհատ ջրում են, դրա համար գիշերը անընդհատ գնում-գալիս ենք, որ հանկարծ եթե էլի ջրեն՝ հասցնենք նկարները պաշտպանել: Սկզբից էր ինձ շատ հետաքրքիր, ման էի գալիս, նկարներն էի նայում: Հիմա էնքան եմ տեսել, որ արդեն բոլորը գիտեմ: Հակոբ Հակոբյանի նկարներն եմ շատ սիրում, Մինասինը, Էլիբեկյանինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ