Մենք, ազգովի այսօր նմանվել ենք մի թատերասերի, ով միամտաբար կարծում է, թե ներկայացման բովանդակային զարգացումները, իրադարձությունների ընթացքը, այս կամ այն հերոսի վարքագծային դրսևորումները պայմանավորված են ներկայացման մեջ ներգրավված դերասանների անձնական հատկանիշներով, նրաց բնությամբ: Օրինակ, մեկ անգամ դիտելով «Օթելլո» ներկայացումը և հոգեկան մեծ ցնցում ապրելով խանդից կուրացած բիրտ ու կոպիտ մավրի կողմից անմեղ Դեզդեմոնային խեղդամահ անելու տեսարանից, մեր հանդիսատեսը այլ թատրոններում կամ այլ դերակատարների մասնակցությամբ նույն ներկայացումը դիտելիս, միշտ հույսեր է փայփայում, թե այս անգամ այդ դժնդակ տեսարանը չի կրկնվելու: Ահա, մտածում է նա, մավրի այս դերակատարի աչքերից երևում է, որ բարի հոգի ունի` չի անելու, ուրիշ որոշում է կայացնելու, կամ ահա այս մյուսը բավականաչափ խելացի է կարծես, և անպայման ջրի երես է հանելու Յագոյի խարդավանքն ու նրան է խստագույնս պատժելու, իսկ այս մյուսն առօրյայում ազատական հայացքների տեր մարդ է և հարգելու է տիկնոջ ինքնորոշման իրավունքը, չի միջամտելու, չտեսնելու է տալու: Սակայն, ավաղ, Յագոն միշտ անում է իր չար գործը, իսկ մավրն էլ, իր հերթին, վերջում միշտ արտասանում է հանրահռչակ «Հալեպը», քանզի այդ է պահանջում ներկայացման ֆաբուլան և ինքը` մեծն Շեքսպիրն է այդպես հղացել:
Բանից անտեղյակ այս խեղճ թատերասերի նման, ահա արդեն քսան տարի շարունակ, մենք ընտրությունից ընտրություն, մեզ համար պետության ղեկավար ընտրելիս, կամա թե ակամա, պարտադրված թե մեր ազատ կամքի թվացյալ դրսևորմամբ, միևնույն է, առաջնորդվում ենք ճիշտ ա՛յդ տրամաբանությամբ` գնում և ընտրում ենք, միշտ հուսալով, որ ահա սրանից մի բան դուրս է գալու, հենց նա է, ով այսուհետ ամեն ինչ այլ կերպ է անելու, ինչ որ բան է փոխելու, այլ ընթացք է որդեգրելու, գտնելու է մեր ճշմարիտ ուղենիշները, նյութից զատ այլ` հոգևոր արժեքներ է կարևորելու, հաշվի չառնելով, որ այս «ներկայացման ֆաբուլան» գրված ու հաստատված է շատ ավելի վերին ատյաններում` միշտ նույնն է մնում, չի փոխվում: Դարձյալ նույն, արդեն բոլորին ձանձրացրած կարգախոսներն են, նույն, գերագույն հայտարարված սին նպատակները, նույն, վաղուց ինքնասպառված գաղափարները և «դերակատարների» բոլորիս ծանոթ կազմն անգամ մեզ չի սթափեցնում:
Ցավոք, պարզից էլ պարզ է,որ անկախ նրանից, թե ով կլինի մեր հերթական ղեկավարը, ոչինչ չի փոխվելու, ամեն ինչ նույնն է մնալու`«Օթելլոն դարձյալ խեղդելու է Դեզդեմոնային», քանզի մինչև «ներկայացման ֆաբուլան» չփոխվի` ոչինչ չի փոխվելու…
ԱԶԳԻՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ԵՎ ՃՇՄԱՐԻՏ ԱՌԱՋՆՈՐԴ Է ՀԱՐԿԱՎՈՐ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=224328021025975&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել