Վերջին օրերին ադրբեջանական կողմը վերստին ինտենսիվորեն, նաեւ բացահայտ ցինիզմի դրսեւորմամբ, բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը: Ուշադրություն է գրավում, որ այդ գործողությունները գրեթե անմիջապես հաջորդեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը: 
Հուլիսի 26-ին, այսինքն՝ անցած շաբաթ օրը, թշնամական կողմը ակտիվություն է դրսեւորել ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում, կամ, երեւի ավելի ճիշտ է ասել, ռազմաճակատի գծի նշված հատվածներում: 
Արցախի պաշտպանության բանակի տարածած տեղեկատվության համաձայն` հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր է ձեռնարկել: Սակայն ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում, դիվերսանտները ժամանակին հայտնաբերվել են եւ, կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ, սպառազինություն, հետ են շպրտվել ելման դիրքեր: 
Այդ մարտական գործողության ժամանակ հրազենային վնասվածք է ստացել եւ հերոսի մահով ընկել 20-ամյա զինծառայող Խաչատուր Բադասյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Խաչատուր Բադասյանը հետմահու պարգեւատրվել է Արիության համար մեդալով։ 
Նույն օրը թշնամին կրակ է բացել Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերի ուղղությամբ: Ըստ որում, տարածված լուրերի համաձայն, թշնամին գործադրել է նաեւ հրետանային միջոցներ: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ մեր զինված ուժերը պատասխանել են հակառակորդի միայն կանոնավոր կրակոցներին: «Հայկական կողմը կորուստներ, վիրավորներ չունի, հակառակորդն ունի վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չեմ կարող»,- նշել է մամուլի քարտուղարը: 
Հավելենք, որ մեր զինվորները պատասխան կրակով, ըստ էության, վնասազերծել են թշնամական կրակակետը: 
Սակայն հակառակորդը, այնուամենայնիվ, չի «խաղաղվել» եւ շարունակել է իրեն ակտիվ պահել: Այս անգամ արդեն կրակի տակ են առել Չինարի հանրահայտ գյուղի բնակիչներին, որոնք իրենց խաղաղ, հողագործական աշխատանքներով էին զբաղված: Բարեբախտաբար, ըստ Չինարի գյուղի համայնքապետ Սամվել Սաղոյանի տեղեկատվության` մեր կողմից մարդկային կորուստներ չկան: Բայց կոնկրետ այս միջադեպը հատկանշական է: 
Բանն այն է, որ դեռ օրեր առաջ, նկատի ունենալով հակառակորդի շարունակական ակտիվությունը, որի նպատակներից մեկն էլ մեր գյուղացիների աշխատանքներին, մասնավորապես բերքահավաքին խանգարելն է, սահմանամերձ գյուղերից դիմել էին Կարմիր խաչին, որ բերքահավաքի ժամանակ այցելեն սահմանամերձ գոտի եւ գոնե իրենց ներկայությամբ զսպեն նամարդ թշնամուն: 
Կարմիր խաչը անպատասխան չի թողել հայ հողագործների դիմումը, եւ, իսկապես, նշված միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները, հասկանալի է, համապատասխան տարբերանշաններ ու հեռվից նկատելի այլ ատրիբուտներ ունեցող ավտոմեքենայով այցելել են կոնկրետ Չինարի գյուղի դաշտերը: 
Գյուղապետը պատմել է, որ մի քանի ժամ մարդիկ կարողացել են հանգիստ աշխատել, հավաքել իրենց բերքը: Սակայն որոշ ժամանակ անց հակառակորդի կողմից նշանառու կրակ է բացվել արդեն հենց Կարմիր խաչի ավտոմեքենայի վրա: Գնդակներից մեկը դիպել է մեքենայի կողմնային հողմապակուն ու փշրել այն, եւս մեկ գնդակ Կարմիր խաչի մեքենայի վրա եղած դրոշակն է ծակել: 
Հարկ է նկատել, որ սա ամենեւին էլ առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը կրակի տակ է վերցնում այս կամ այն միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին: Ժամանակին, ի դեպ, ադրբեջանական կողմը կրակ էր բացել անգամ ԵԱՀԿ ներկայացուցչի դաշտային օգնականների ուղղությամբ: Սակայն այդ միջադեպը, որ ինքնին խայտառակ դրսեւորում էր, եթե չասենք՝ լկտիություն, նույն ԵԱՀԿ ներկայացուցիչները «ծածկադմփոց արեցին», անցավ-գնաց՝ իբր այնպիսի մի տեղում էին կրակի տակ ընկել, որ, տեսեք-տեսեք, հնարավոր չէր պարզել, թե վերջիվերջո ո՛ր կողմից են կրակել: 
Այս նոր միջադեպի պարագայում կարծես որեւէ կասկած չկա. կրակել են ադրբեջանական կողմից: Ըստ որում՝ կրակել են ոչ թե, ասենք, ԵԱՀԿ ներկայացուցիչների, այլ հենց մարդասիրական միջազգային կազմակերպություն ներկայացնող մեքենայի վրա: Ինչպիսի՞ արձագանք կլինի: Միջնորդ-համանախագահների եւս մեկ լղոզված ու անդեմ հայտարարությո՞ւն՝ «կողմերին» ուղղված ու բացարձակապես ոչ մի ազդեցություն չգործող կոչերով: 
Նկատենք նաեւ, որ հակառակորդի ակտիվացմանը զուգահեռ, ժամանակ առ ժամանակ քննարկումներ են ծավալվում պատերազմի կամ ակտիվ մարտական գործողությունների վերսկսման մասին տարաբնույթ կանխատեսումներով: Վերլուծաբանները սովորաբար հանգում են այն հետեւությանը, որ ադրբեջանական կողմը չի դիմի նման քայլի: Այլ կերպ ասած, ալիեւյան կլանը, որքան էլ ակտիվություն դրսեւորի, կմնա պատերազմի սահմանագծին: Սակայն պետք է նաեւ նկատել, որ հակառակորդը, պատկերավոր ասած, «կրակի հետ է խաղում»՝ մի կողմից: 
Իսկ մյուս կողմից, թշնամին արդեն իսկ անցել է «սահմանային պատերազմի» մարտավարության, որի մի քանի նպատակներից մեկն էլ սահմանագոտու հայ բնակչությանը շարունակական բարձր լարվածության վիճակում պահելն է: Նաեւ դրանով է պայմանավորված, որ թշնամին վերջին շրջանում առավելապես կրակ է բացում մեր սահմանամերձ ու սահմանապահ գյուղերի բնակելի տների, ենթակառուցվածքների, գյուղատնտեսական դաշտային աշխատանքներ կատարող մարդկանց ու տեխնիկայի ուղղությամբ: 
Ի վերջո, միջնորդների անտարբերության ու անգործության պայմաններում, կարող է վրա հասնել մի պահ, երբ բացառապես «ուժի լեզուն» հասկացող հակառակորդին հարկ է լինելու հետ շպրտել այնքան, որ այլեւս ի վիճակի չլինի սպառնալ մեր գյուղերին:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել