Մարտունու գյուղերից մեկում երեկ մի հետաքրքիր բան պատահեց։ Շվեյցարիայից եկած մեր գործընկերը նյութ էր ուզում գրել՝ արտագնա աշխատանքի մեկնած մարտունեցիների ու նրանց ընտանիքների մասին։ Գյուղերով պտտվում էինք, զրուցում մարդկանց հետ։ Ծովինար գյուղում խորհուրդ տվեցին անպայման զրուցել 85-ամյա մի կնոջ հետ, ում պարզապես Տատի էին ասում։ Ես որպես թարգմանիչ գնացի։ Տատին, տան ետևի այգում նստած, ստվերի տակ հանգիստ ձմերուկ էր ուտում։ Շատ ջերմ ողջունեց մեզ, առաջարկեց նստել, ձմերուկ ուտել։ Հետո խնդրեցինք մի քիչ պատմել իրենց գյուղի մասին՝ ով կա, ով չկա, ով է գնացել, ով է մնացել, ինչն է փոխվել։ «Բալա ջան, ես բաաաաան չգիտեմ»,- հանգիստ տոնով ասաց Տատին։ Հետո խնդրեցինք գոնե իրենից ու իր ընտանիքից պատմել, իր 7 երեխաներից։ «Ի՞նչ պատմեմ, ես մեծ կին եմ, բան չեմ հիշում…»...
Մի տեսակ անհարմար վիճակ էր ստեղծվել։ Մանավանդ նա, ով մեզ խորհուրդ էր տվել Տատու հետ զրուցել, իրեն վատ էր զգում, բայց ինքն էլ չկարողացավ Տատիից խոսք քաշել։
Ու էդ պահին Տատիի թոռներից մեկը գլխի ընկավ՝ խնդիրը որն է։ Մոտեցավ ու ասաց՝ այ տատի ջան, հանգիստ խոսա, էս մարդիկ աղանդավոր չեն, նորմալ մարդիկ են, ուզում են մեր գյուղի մասին գրել։ Ու մինչև մենք փորձում էինք հասկանալ՝ ինչ կապ ունեն աղանդավորները, Տատին արդեն ոգևորված պատմում էր իր մանկության, պատանեկության, դժվարությունների, աշխատանք չլինելու ու կարտոֆիլի գնորդների բացակայության մասին։
Հետո պարզվեց, որ վերջին շրջանում Մարտունու գյուղերում աղանդավորները ակտիվացել են։ Հատկապես հարևան Վարդենիկ և Արծվանիստ գյուղերում ամբողջ օրը զույգերով պտտվում են, կրոնական գրականություն բաժանում, փորձում սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց իրենցով անել։ Այսինքն, գիշատիչի հոտառությամբ զգում են թուլություններն ու փորձում օգտագործել։
Ինձ ասացին, որ Տատին ինքը մի քանի անգամ տարբեր աղանդների ներկայացուցիչներին «ակուռատնի» ձևով գյուղից վռնդել է։ Ու չնայած Տատին 85 տարեկան էր ու իրոք շատ բաներ այնքան էլ լավ չէր հիշում, բայց միայն իր էդ զգոնությունը ինձ շատ տպավորեց։
Հ.Գ. Ի դեպ, վերջում Տատին մեր հյուրին թույլ չտվեց իրեն լուսանկարել։ Ըստ երևույթին՝ դեռ մինչև վերջ չէր վստահում )))