280px-Mola_AliԻսլամական օրենքներին վերաբերող ակտուալ թեմաներից է բազմակնության թույլտվությունը: Բազմակնությունը կամ պոլիգամիան իսլամում չի համարվում ոչ արժանիք, ոչ էլ արատ: Եթե դիմենք պատմությանը, ապա կտեսնենք, որ հնագույն հասարակություններում բազմակնությունն ունեցել է իր տեղը: Կանանց թվաքանակի գերազանցումը և պատերազմների պատճառով տղամարդկանց թվաքանակի նվազումը բերեց բազմակնությանը: Այսպիսով, ամեն հասարակության մեջ բազմակնությունը սկզբում դառնում էր անհրաժեշտություն, ապա նաև նորմ: Ավելի ուշ որոշ հասարակություններում, որտեղ բազմակնությունը որպես անհրաժեշտություն էր առկա, սկսվեցին չարաշահումներ: Բազմակնությունը, որը սկզբնապես թույլատրելի էր և ստեղծված էր հասարակության մեջ որոշ սոցիալական և բարոյական խնդիրներ լուծելու համար, դարձավ պրակտիկա, որը ոտնահարում էր կանանց իրավունքները՝ խաղալով նրանց պատվի և արժանապատվության հետ:

Այլ կերպ ասած՝ կնոջ և նրա իրավունքները պաշտպանելու համար ստեղծված համակարգը դարձավ կնոջ՝ որպես ցանկությունների առարկա օգտագործելու միջոց: Շատ կին ունենալը դարձավ նորաձև և հեղինակավոր: Բազմակնության փորձը լայնորեն տարածված էր արաբների մոտ մինչ իսլամի գալը: Այս փորձը արդարացի չէր, և նրանում տեղ չուներ «կնոջ իրավունքներ» հասկացությունը: Տղամարդը կարող էր ունենալ այնքան կին, ինչքան կցանկանար և դա բերում էր մեծ անարդարությանը և բարոյականության անկմանը: Իսլամի ծագումից հետո մտցվեց որոշակի սահմանափակում, որի մասին խոսվում է Ղուրանի հետևյալ այաթում. «ամուսնացեք այն կանանց հետ, ովքեր ձեզ դուր են գալիս՝ երկու, երեք, չորս: Եթե սարսափում եք, որ չեք կարող նրանց մասին հավասար հոգ տանել, ապա ամուսնացեք մեկի կամ նրանց հետ, ում դուք գերի եք վերցրել(անհավատների հետ պատերազմելու ժամանակ): Սա ավելի մոտ է (կրոնական օրենքին), եթե չեք ցանկանում շեղվել դրանից»: Այս այաթը ինչ որ չափով վերջ դրեց այս հարցում տիրող անարդարությանը արաբական հասարակությունում, որտեղ արդեն շատացել էին վտարված, լքված կանայք, որոնց սկզբում օգտագործում, ապա վռնդում էին:

Ամուսնության մեջ կարևոր նախապայման է համարվում ամուսնու արդարացի վերաբերմունքը կնոջ նկատմամբ: Եթե դիտարկենք ժամանակակից ընտանիքի առանձնահատկությունները, ապա կհայտնաբերենք, որ այսօրվա օրով դժվար է պահպանել նույնիսկ մեկ կնոջ իրավունքները: Արդեն խոսքը չի կարող գնալ մի քանի կանանց մասին: Ղուրանում այս հարցով ասվում է.

«Դուք երբեք չեք կարողանա հավասարապես արդար վերաբերվել բոլոր կանանց, նույնիսկ եթե ցանկանաք: Դուք չեք կարող լինել հակված մեկին՝ թողնելով մյուսին: Եթե դուք ուղղեք (ձեր կատարած սխալները կանանց հարցով) և լինեք աստվածավախ, ապա Ալլահը ներող է և մեծահոգի»:  Այս այաթից մենք եզրակացնում ենք, որ գործնականորեն անհնար է արդար լինել բազմակնության դեպքում: Ելնելով սրանից՝ կարող ենք եզրակացնել, որ բազմակնությունը թույլատրված է որոշակի պայմաններում և անհրաժեշտության դեպքում:

 

Իսլամում բազմակնության թույլտվության որոշ հանգամանքներ

1.Կանացի բնակչության գերակայությունը տղամարդկանց նկատմամբ

Սովորաբար այն պատճառով, որ կնոջ թվաքանակը ավելի մեծ է, քան տղամարդկանցը, կանանց ավելի դժվար է լինում ամուսնանալ: Այդ դեպքում աճում է չամուսնացած կանանց թիվը: Այս դեպքում էլ թույլատրելի է բազմակնությունը. չամուսնացած կամ այրիացած կինը ցանկության դեպքում կարող է դառնալ մուսուլմանի երկրորդ (երրորդ կամ չորրորդ) կինը:

2. Անօթևան կանանց պաշտպանություն

Ինչպես արդեն ասվել է, տղամարդկանց թիվը ավելի սակավ է այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են պատերզամները, ավտովթարները, արտակարգ դրությունները աշխատավայրում և այլն:

Իսլամը թույլատրեց բազմակնությունը, որպեսզի նվազագույնի հասցնի այն խնդիրները, որոնք կարող են ծագել պատերազմների և աղետների արդյունքում տղամարդ բնակչության կրճատումից։ Այս թույլտվությունը նպատակ ունի պաշտպանել անպաշտպան և կարիքավոր կանանց, նրանց հնարավորություն տալ մաքուր և արժանի ընտանեկան կյանք վարել, ինչը հնարավոր է միայն ամուսնությունից հետո: Դառնալ տղամարդու երկրորդ կամ երրորդ կինը նշանակում է որոշակի սոցիալական երաշխիք ստանալ:

Բազմակնությունը իսլամի պատվիրան չէ: Թեև մուսուլմանը կարող է մինչև չորս կին ունենալ,Ղուրանը հատուկ պարագաներում թույլատրում է ավելին ունենալ, օրինակ, երբ այրին անկարող է կերակրել  իրեն կամ երբ կինը դառնում է ֆիզիկապես կամ հոգեպես հաշմանդամ: Մեկից ավելի կին առնելու դեպքում ամուսնուց օրենքով պահանջվում է հավասարապես վերաբերվել բոլորին: Բազմակնությունն ինքնին նվազեցնում է պարզ, սրտակից ու ջերմության հնարավորությունը: Մուհամմադն օրինակը տվեց՝ տասներկու կին և երկու հարճ ունենալով, թեև գիրքը մյուս մուսուլմանների համար սահմանում է չորս կին (4.31): Մուհամմադին արտակարգ արտոնություններ էին տրված: Մուսուլմանները, ջանալով ներդաշնակել իսլամական գործելակերպը արդի չափանիշներին, շեշտում են, որ Ղուրանը, ի դեպ, միկնություն է հանձնարարում այն մարդուն, ով չի կարող հավասարապես վերաբերվել մեկից ավելի կանանց: Բացի այդ, ժամանակակից կյանքի թանկությունը ավելի է դժվարացրել բազմակնությունը։ Հեշտ բան չէ հոգալ մի քանի կնոջ և հարճի կարիքները: Ինչևէ , բազմակնությունն այսօր, թվում է, ավելի քիչ է, քան նախկինում: Որոշ երկրներում էլ այն ընդհանրապես անօրինական է:

 

Աղբյուրները՝ Коран. Перевод И. Ю. Крачковского

                           Ислам. Энциклопедический словарь

                           Боголюбов А. – Завадж




Թարգմանեցին՝ Ն. Գաբրիելյանը Հ. Լոքյանը և Գ. Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել