- Ասեմ, որ օրերից մի օր ես եղա Ախ ու Վախի երկրում: Այն չափազանց փոքր լինելու պատճառով ոչ մի քարտեզի վրա չկա: Եթե մի քիչ բարձրից թռչես, ողջ երկիրը կտեսնես: Ախ ու վախը երկիր ներթափանցեց այն ժամանակ, երբ պալատականներից մեկը թագավորի ականջին տարօրինակ կերպով շշնջաց.
- Ձերդ մեծություն, ամենուր խոսակցություններ են պտտվում, որ թագավորությունից հեռացող մարդիկ ցանկանում են, իրենց հետ օտար աշխարհ տանեն մեր փոքրածավալ երկիրը : 
Որպեսզի նման անհեթեթություն թույլ չտրվեր, արքայական հրամանով, երկրից դուրս եկող ճանապարհներին աչալուրջ հսկիչներ ու հոտառու գամփռերի խմբեր տեղակայեցին: Որոնք չռած աչքերով խուզարկում էին ուղևորների գրպաններն ու բեռները: Նույնիսկ մարդկանց հատուկ խոշորացույց ապակու տակով էին անցկացնում: Իսկ ովքեր կասկածվում էին երկիրն առևանգելու մեջ, անմիջապես բանտվում էին: 
Շուտով բոլոր բանտերը լցվեցին կասկածյալներով: Դուք գիտեք, թե ինչ ծանր բան է կասկածյալ-բանտարկյալ լինելը: Ամբողջ կյանքդ կանցնի հարցաքննությունների տակ: Հարցաքննության ժամանակ, եթե մեղավորի կեցվածք չես ընդունում, քեզ ուզածի պես քոթակում են: Հարցաքննիչները լրջորեն կարող են հարյուր ու մեկ տարի նույն հարցը շարունակ տալ քեզ: Որպեսզի քննիչները միապաղաղ հարցաքննությունից ձանձրույթ չունենան, հարցերը հնչեցնում են այսպես տարակերպ.
-Ասա, ու՞մ համար երկիրը գողացար:
-Գողացա՞ր երկիրը, ասա, ու՞մ համար:
-Ասա, գողացա՞ր երկիրը... ու՞մ համար
Ձերբակալվածներն զգում էին, որ հիմարություն է նույն բանի մասին շարունակ շրջուն հարց տալը: Իսկ, երբ ամբաստանյալին շրջապատում էին շատ թվով քննիչներ, քանի որ բոլորը հարց տալու նույն իրավունքն ունեին, նրանք հարցական նախադասության բառերն հավասար վանկատելով բաժանում էին իրար մեջ այնպես, որ հանկարծ հարց հնչեցնելուց մեկը անգործ չմնա: Եվ ամեն մեկն արտաբերում էր մեկ վանկ, իսկ ամենավերջում քննիչներից մեկն ասում էր վերջակետ: Վանկերը շեշտադրված առոգանությամբ արտաբերող քննիչները բուռն ծափահարության էին արժանանում: Երբ հարցաքննողների աթոռների տեղեր պատահաբար խառնվում էին, վանկերի տեղում էլ շփոթ-շիլա էր լինում: Պատահում էր, վերջակետն էլ էր իր տեղը փոխում: Շրջուն նախադասություններից ու տարօրինակ շփոթներից խեղճ բռնավորների գլուխներն այնպես էր ցավից պտտվում, որ հազիվհազ արտաբերում էին.
-Ախ...վախ...ախ......ախ.....
Դե, իհարկե, այսպիսի տարօրինակ հարցաքննություններից բանտերը պետք է լցվեին ախ ու վախով:
Մի որոշ ժամանակ ժողովուրդը լուռ ու անտարբեր էր բանտարկյալների հանդեպ:
Վերջապես մարդիկ փոքր-ինչ իրարով անցան, երբ ձերբակալվեցին հացթուխները: Նրանց կասկածում էին, որ հացի խմորի մեջ թաքցրել էին երկիրը, որպեսզի օտարականները իրենց հետ այն տանեին:
Մի քանի օր հաց թխող չկար: Մարդիկ սովածությունից ճմլվելով սկսեցին բացականչել.
-Ախ, հաց չկա...
-Վախ, երեխաները հաց չունեն ուտելու:
-Ախ...վախ...ախ...
Նույնիսկ վաղ առավոտի ծիսակատարության ժամանակ, եկեղեցուց ձերբակալեցին արքեպիսկոպոսին, քանի որ նա աղոթել էր բռնավորների համար:
Հավատացյալները ահաբեկված, երեսներին խաչ հանելով մրմնջացին.
-Ախ...վախ...
Նույն օրը՝ կեսօրին աշակերտների աչքի առաջ, կոպտաբար ձերբակալեցին ու ձեռնաշղթաներով տարան թվաբանության ուսուցչին, քանի որ նա հաշվել էր, թե քանի մարդ են անտեղի փակվել բանտերում: Աշակերտները դասը թողած, վախվորած և լալահառաչ աղմկում էին.
-Ախ, մեր ուսուցիչը...վախ, մեր թվաբանության ուսուցիչը...
Երեկոյան աշակերտներից առավել անհանգստացած իրար խառնվեցին զինվորները, երբ ձերբակալեցին պայտարին: Իբրև թե, նա փափուկ, դոփյունը խլացնւղ, ռետինե պայտ է խփել ձիերից մեկի ոտքերին, որ երկիրը անձայն հեռու տեղ տանեն:
-Ախ, մեր այրուձին կպարտվի թշնամու առաջ: Վախ, մեր ձիերը կաղում են, նրանց ոտքերին պայտեր չկան,- ինքնատիրապետումը կորցրած, տագնապահար ասացին զինվորները:
Անհանգստություն արտահայտած զինվորներին շարք կանգնեցրին և հրամայեցին.
-Քայլքով դեպի բանտ:
Բոլորը սարսափահար ախ ու վախ անելով խոսում էին օր-օրի ավելացող բռնությունների մասին: Ցիրուցան ախ ու վախը այնպես ծանրորեն էր երկրի սրտին նստել, որ նույնիսկ մարդիկ իրար ողջունում էին այս կերպ:
-Ախ,-ասում էր մեկը:
-Վախ,-պատասխանում էր մյուսը:
Փիլիսոփաները իրենց մտքերը բացատրելիս ասում էին. « Ախ ու վախ»:
Բանաստեղծները գրքերում սիրտ թափանցող խոսք էին դարձրել ախ ու վախը: Նույնիսկ ամենաշքեղ բառերը ախ ու վախի պոչեր ունեին:
Բոլոր տների տանիքներին, աղավնիների նման նստած, ախ ու վախ կար: Օդի մեջ այնքան շատ էր ախ ու վախը, որ նույնիսկ թռչող թռչունները բախվում էին դրանց: Երկնքում լողացող ամպերը բախումից խուսափելու համար կանգ էին առնում ու մառախլապատություն առաջացնում: Դրանից գորշ մռայլություն էր ավելանում երկրի վրա:
Մարդիկ ակնածանքով սպասում էին, որ տիրակալը ամեն ինչ կնկատի, բանտերի դռները բացել կտա և փոթորկուն ախերն ու վախերը վերջ կունենան: Սակայն արքան երբեք չէր լսում ժողովրդի ախ ու վախը:
Ամեն օր հոծ բազմություն էր հավաքվում արքունիկի մոտ, որպեսզի արքային լսի դարձնեին իրենց ախ ու վախը: Երբ բազմությունը միաբերան, «ախ» էր գոռում, ասես արքունի պարիսպների տակ թնդանոթ էր ահարկու որոտում:
Արքունիկր ժողովրդից բաժանող բարձր պարիսպը խոչընդոտում, թույլ չէր տալիս, որ ժողովրդի ձայնը իր գլխավերևով թռչի-հասնի թագավորին:
Ըմբոստ բազմությունը համառորեն բղավում էր, զայրութից բռունցքված ձեռքերն օդի մեջ թափահարելով: Բազմությանն իր ստվերով ծածկող պարիսպը հատուկ կառուցված էր այնպիսի ամուր քարերից, որոնք թանձր լռություն էին պահում իրենց մեջ: Եվ արքունիկին հասնում էր միայն քարերի ներսի լռությունը: 
Քիթը կոտրած նետը մի պահ խոսքին դադար տվեց, խորը հառաչեց ու շարունակեց.
-Ես իմ հերթին ուզեցի, արքունի պարսպի մոտ անվախորեն ախ ու վախ անողներին, օգտակար լինեմ: Բախտը ինձ օգտակար դառնալու հնարավորություն էր տվել: Միշտ չէ որ այդպիսի պահ է լինում: Կարծում էի, որ ժողովրդի մեջ արթնացել է մի լավ բան, որ այդպես հնչեղ աղմկում են: Գիտակցում էի, որ նրանք ինչ-որ մեկի կարիքը ունեն: «Դու պետք է գլխիդ զոռ տաս, մի բան ձեռնարկես»-մտածմունքի մեջ ընկած ասում էի ինքս ինձ ու նայում գլուխն ամպերով փաթատուն պարսպին: 
Փորերը դուրս ցցած ապառայժ քարերն ավելի էին շեշտադրում պարսպի ամրությունը:
Որոշ ժամանակ մտածելուց հետո,գտա իմ անելիքը: Ինչպես գինու շշի մեջ են մտցնում խցանահանն ու պտտեցնում, այդպես քիթս անվախորեն մտցրեցի պարսպի քարերի արանքում ամրացած ցեմենտի մեջ, անցք բացելու նպատակով: Երբ գայլիկոնի նման սկսեցի պտտվել, քթիցս ծուխ ու կայծեր դուրս թռան: Փորելիս, լռություն պահող քարերի միջից ճթճթոց-կրճտոց էի լսում:Նրանք զայրութից աստղանման կայծ-կրակներ էին արձակում: Կայծերի խրձերից քիթս ավելի էր շիկնում: Որպեսզի քիթս չայրվեր ես հաճախ սուրալով թրչում էի մոտակա գետը և կարմրատակած քիթս թշշոցով սուզում էի սառնորակ ալիքների մեջ: Չեք պատկերացնի ինչպես էի օրհնում գետի փրփրադեզ ջրերին, երևի միայն ծաղիկներն ու խոտերն են գետին այդպես գլխահակ օրհնում: Օրեր շարունակ անընդմեջ քիթս տաքին ու պաղին էր առնում: Գուցե դրանից էր, որ քիթս կոտրվեց: Հանգիստս կորցրած անձրևի ու ձյունի տակ էլ էի փորում:
Անցած օրերի հեռավորությունից էլ չեմ ափսոսում, որ քիթս կոտրվեց: Վերջապես ամուր պարսպի վրա անցք բացվեց: Անձամբ անցքի միջից զմայլանքով դիտեցի դղյակը, շատ մոտիկից զգացի նրա զարմանահրաշ գեղեցկությունը, որը տարիներով պարիսպը թաքցրել էր ժողովրդից:
Յուրաքանչյուրի ախն ու վախը իմ բացած անցքով անցավ, հասավ պալատին: Բազմության որոտընդոստ ախ ու վախ բացականչությունը երկրաշարժից ավելի ուժեղ ցնցեց դղյակը: Պալատի ներսում տեղ-տեղ ծեփոններ պոկվեցին ու թափվեցին թագավորի գլխին: Ընկնող ծեփոններից մեկի հարվածից թագը գետին ընկավ: Թագավորը վախից գլուխը բռնած կուչ եկավ ու սարսափազդու բղավեց.
-Ախ, իմ գլուխը...վախ, իմ թագը..
Դա տիրակալի ապրած ամենասարսափելի օրերից մեկն էր: Արքան լսողությունը սրած, լսում էր ժողովրդի չընդհատվող ձայնը, և անընդմեջ մտածում իր անվտանգության մասին:
Իրավիճակից դուրս գալու համար, վախից թխպոտած արքան իրեն օգնության հասած պալատականներին կարգադրեցոր անհապաղ ազատ արձակեն ձերբակալվածներին, այլապես բազմության հուժկու բղավոցին իր դղյակի ամրությունը չի դիմանա: 
Եվ ամենակարևորն այն է, երբ բացվեցին բանտի ծանր դռները, արքան և մյուսները հասկացան, որ բազմության խրոխտ ձայնը շատ բան փոխեց երկրում:
***
Քիթը կոտրած նետը, երբ ավարտեց իր պատմությունը, նրա կողքին գտնվող կարճահասակ նետը շողացնելով դեմքը ասաց.
-Քո պատմությունից մի գաղտնիք իմացանք բազմության ձայնի մասին:
-Ա՜յ թե, ինչ է քեզ հետ կատարվել,-ասաց որսորդի նետը,-իսկ մենք կարծում էինք, որ քո քիթը կոտրվել է, ինչ որ բանի մեջ մտցնելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել