2010թ. ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը ենթարկվեց որոշակի բարեփոխման՝ կրտսեր պաշտոնի հավակնորդներն այլևս չունեն ամեն անգամ մրցույթի մասնակցելու անհրաժեշտություն: Նրանք տարին մեկ անգամ հանձնում են քննություն և ստանում կրտսեր պաշտոն զբաղեցնեու իրավունք տվող համապատասխան հավաստագիր: Այն ուժի մեջ է մեկ տարի և այդ ժամկետում այն ունեցող քաղաքացին իրավասու և կարող է դիմել քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված ցանկացած պետական մարմնի աշխատակազմում առաջացած և հայտարարված կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:
Քննությունը աապագա պետական ծառայողի տեսակետից չպետք է ներկայացնի որևէ բարդություն, քանզի այնտեղ ներառվում են բացառապես հարցեր ՀՀ Սահմանադրությունից և ՀՀ քաղաքացիական ծառայության օրենսդրությունից: Անշուշտ, պարզ է, որ ցանկացած պետական ծառայող պետք է քաջատեղյակ լինի ինչպես երկրի հիմնական օրենքից, այնպես էլ իր ապագա աշխատավայրի և հենց իր իսկ գործունեության կազմակերպման հիմնադրույթներից:
Տեսականորեն, իհարկե, այդպես է, սակայն փաստերն այլ բան են վկայում: Մասնավորապես, հուլիսին տեղի է ունեցել թեստավորման հերթական փուլը, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 388 քաղաքացի: Քննության արգելքը, սակայն, հաղթահարել են ընդամենը 64-ը, ինչը կազմում է դիմորդների 16,5 տոկոսը: Իսկ ընդհանուր առմամբ, 2014թ. ընթացքում մասնակցել է 767 քաղաքացի, որոնցից 118-ն է ստացել համապատասխան հավաստագիր (16 տոկոս): Թեստավորման փուլը հաղթահարելու համար մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն առաջադրված 50 հարցերի առնվազն 90 տոկոսին:
Այս պատկերն այլ կերպ, քան ողբալի, բնութագրելը չափազանց բարդ է: Ի վերջո, եթե անձը ցանկություն ունի կապել իր ապագան պետական ծառայության ոլորտի հետ, ապա պիտի հիմնարար հարցերին տիրապետի, ինչպես ասում են, ջրի պես: Ավելին, ներկա դրությամբ կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունի ընդհանուր առմամբ 171 քաղաքացի:
Հետո էլ դժգոհում ենք պետական ծառայողների որակավորման անբավարարությունից….
Այս լույսի ներքո է, որ քննության մասնակիցների 84 տոկոսին ցանկանում ես հարցնել՝ եկել եք, որ ի՞նչ անեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1449939738605299&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել