2006-2009 թթ. լայնորեն գովազդվում էին տարատեսակ նորակառույց շենքերում վաճառվող բնակարանները, երկրում առկա էր նորակառույցների բում: Գործընթացի առաջամարտիկներից էր «Տոնուս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը կառուցում էր մի շարք շենքեր և փորձում գրավել հաճախորդներին բնակարանների մատչելիությամբ:
Սակայն լեռը մուկ ծնեց: Պարզվեց, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել էր քաղաքացիներին, այնուհետև գրավադրել «Արցախբանկում»: Շենքերից մեկը արդեն կառուցված էր, մյուսի շինարարությունն էլ անավարտ է։ Դրանից հետո «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, «Արցախբանկն» էլ, որտեղ գրավադրվել էին շենքերը, տիրացել է բնակարաններին, իսկ քաղաքացիները մնացել են կոտրած տաշտակի առջև: Բանկի ներկայացուցիչը խոստացավ կառուցել շենքը և բնակարաններով ապահովել գնորդներին, սակայն դեռևս նույնիսկ պայմանագրեր չի կնքել բնակարանատերերի հետ։
Բանկի ներկայացուցիչը հանդիպել էր բնակարանների խաբված գնորդներին և խոստացել, որ մի ամսից շինարարությունը կսկսվի, սակայն այն դեռևս չի սկսվել։
Բանկի հետ բանակցելուց հետո «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատերերը համաձայնության էին եկել իրենց բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնել 80 դոլար, իսկ բնակիչների վճարած գումարը վերադարձնելու դեպքում 14%-ը պահել, մնացածը վերադարձնել։
Ըստ բնակիչների` իրենց մեծամասնությունը ցանկանում է բնակարանները ստանալ՝ գումար ավելացնելով, սակայն վճարում կատարելուց առաջ ստանալ բնակարանների սեփականության վկայականները։
Ակնհայտ է, որ նման իրադարձությունները հարվածում են ոչ միայն առանձին կազմակերպությունների, այլև պետության հեղինակությանը:
Նաև նման դեպքերի հիման վրա է, որ հայերիս սկսում են վերագրել խաբեբայի ու խարդախի համբավ:
Բայց էլ ավելի վատ է, որ մեկ հայ կարող է իրեն թույլ տալ խաբել մյուսին…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=338271766337738&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել