1in.am-ը գրում է.
Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն երեկ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրել: Հայ գործարարը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 160-րդ (յուրացում կամ վատնում) և 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում): Հայրապետյանի կալանքի համար, ըստ ռուսական լրատվամիջոցների, հիմք են հանդիսացել ցմահ ազատազրկման դատապարտված՝ Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքները։ Յուրացում ասելով նկատի է առնվում գործակալի դրամական փոխհատուցումը, որը Հայրապետյանն ստանում էր որպես միջնորդ, երբ Ուրալ Ռախիմովը՝ Բաշկորտոստանի նախկին նախագահ Մուրթազ Ռախիմովի որդին, բաշկիրական ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությանը վաճառում էր ԱՖԿ «Սիստեման»: Մեղադրվող կողմը շարունակում է չընդունել մեղքը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայ գործարար Լևոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանը նախ տեղեկացրեց, որ փոխվել է Լևոն Հայրապետյանի փաստաբանական խմբի ղեկավարը, նախկինում պաշտպանությամբ հիմնականում զբաղվում էր ռուսաստանաբնակ հեղինակավոր հայազգի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Ըստ Փոլադյանի՝ նոր փաստաբանն իր կապերով ու հնարավորություններով ավելի օգտակար կլինի, իսկ Ռուբեն Մարգարյանը կլինի այդ փաստաբանի խորհրդականը մյուս փաստաբանների հետ:
«Փաստաբաններն աշխատում են մի քանի ուղղությամբ: Բժշկական հանձնաժողովը, որը պետք է հետազոտի Լևոն Գուրգենիչի առողջական վիճակը, որի եզրակացության հիման վրա խափանման միջոցը պետք է վերանայվի, արդեն ձևավորվել է: Շուտով կհայտարարվի: Հուսով ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Ձևավորվում է անկախ հանձնաժողով, մեր ներկայացուցիչները ևս ներգրավված են, հանձնաժողովի տրամադրության տակ են նաև նրա առողջական վիճակին վերաբերող փաստաթղթեր, վիրահատությունների մասին տեղեկություններ: Նախքան մեղադրանքի առաջադրումը մենք գիտեինք՝ ինչ հոդվածներով պետք է լիներ պաշտոնական մեղադրանքը, որի համար էլ առաջին օրվանից չէինք ընդունում: Լրիվ սուտ մեղադրանքներ են և իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Մացակ Փոլադյանը՝ հավաստիացնելով, որ փաստաբաններն ունեն բավարար հիմքեր նրան պաշտպանելու համար:
Նա նաև նշեց, որ սկզբում գործն ավելի խճճված էր, երբ ձերբակալեցին: Ավելին՝ Փոլադյանի խոսքով, կային շատ մեղադրանքներ, որոնք 80%-ով հանվեցին, ինչի արդյունքում մնաց մի քանի հոդվածով մեղադրանք: Նա լիահույս է, որ Լևոն Հայրապետյանն ազատ է արձակվելու: Եզրափակելով՝ Մացակ Փոլադյանն ասաց, որ Լևոն Հայրապետյանի կալանավորման գործն ունի մի քանի շերտեր՝ և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ բիզնես:
«Ադրբեջանի համար ևս տոն է Լևոն Գուրգենիչի նման մարդու քիթը ջարդելը և նրան վնասելը, որպեսզի նա չկարողանա աջակցել Ղարաբաղի զարգացմանը: Ինձ թվում է, որ Ադրբեջանում որոշ մարդիկ գումարով մտել են որոշ գումարային հաշիվների մեջ ՌԴ իրավապահ մարմինների հետ: Իհարկե, նաև կան մարդիկ, ովքեր այդ բաժնետոմսերի վրա աչք ունեին»,- ասաց Մացակ Փոլադյանը՝ հավելելով, որ կան նաև բացահայտումներ, որոնք դեռ չեն ցանկանում հանրայնացնել:
Հիշեցնենք, որ առողջական վատ վիճակով պայմանավորված՝ գործարարն այժմ Матросская тишина մեկուսարանի երրորդ հարկում գտնվող բուժկետում է։ Միջնորդություն է ներկայացվել խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ։ 65-ամյա գործարարն առողջական խնդիրներ ունի:



