...Սպասում եմ քեզ: Դուռը բաց է, լույսը` վառ, սիրտս` դատարկ, իսկ հոգիս... հոգիս` միայնակ: Սպասում եմ, որ կգաս մի օր, կկանգնես դռան մեջտեղում եւ հոգուդ, սրտիդ փոթորկահույզ խորշերով կանցնեն երկմտանքի վարվռուն, կրակախառը տաք մտքերը: Դու կծիծաղես, կծիծաղես իմ պարզամտության վրա, որ հրաշքի եմ սպասում: Այո´, դու, ի՞նչ խոսք, իրավունք ունես ծիծաղելու, քանզի իմ հոգու անդորրը միայն դու ես ալեկոծում, միայն քո ալեխառը մազերն են այնտեղ փոթորիկ ստեղծում:
Ես սեւ շղարշ եմ գցում քո դեմքին, սակայն նույնիսկ այդպես դեռ տեսնում եմ քեզ, քո կրակոտ աչքերի այրող հայացքը եւ շուրթերդ պարուրող հեգնական ժպիտդ:
Միայնությունն անտանելի է: Հասկացիր..Բայց դե ի՞նչ արած:
...Թույլ տուր խորասուզվեմ մտքերիս մեջ, փարատեմ տխրությունս, կոտրեմ միայնությունս:
Դու թույլ չես տալիս եւ հեռանալ: Ուզում եմ գնալ, միայնությունս ծառերին եւ ջրերին խառնել, ուզում եմ ապրել նրանց մեջ ու նրանց հետ: Բայց ոչ, դու ձգում ես ինձ, անվեջ շշնջում, որ միասին ենք, բայց ես դարձյալ մենակ եմ: Թեկուզ քայլեմ ամբոխի միջով, դարձյալ մենակ եմ: Մեզ ճանապարհն է միացնում, բայց մտքերն են բաժանում: Դու երբեք իմ մասին չես մտածել, միայն լուռ քայլել ես կողքովս ու երջանիկ ձեւացել: Հասկացիր` միասին ապրելու համար պետք է սիրել միմյանց, բայց դու, դու սիրում ես ոչ ինձ, դու քեզ ես սիրում եւ ավելի` քան ես` ինձ...
Նյութի աղբյուր՝ http://artsunset11.blogspot.com/2012/08/blog-post_6036.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել