Tert.am-ը գրում է.
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով` ելնելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու անորոշությունից, ԵՄ-ն կսպասի Հայաստանի հետագա քայլերին և ըստ այդմ էլ կորոշի՝ ընդառաջել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստանի համար ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմը վերցնելու մասին արված ցանկությանը, թե ոչ։ «Եթե Հայաստանը գնա այդ ուղղությամբ, իսկ Արևմուտքն այսօր խստացնում է ոչ միայն տնտեսական, այլ նաև որոշ վիզային ռեժիմը, ապա չեմ կարծում, որ Հայաստանին այդ դեպքում որևէ արտոնություն կտան»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։
-Պարո՛ն Իգիթյան, Բրյուսելում` Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է սկսել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը ԵՄ-ի հետ`հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի հաջողված փորձի վրա: Ըստ Ձեզ, դա իրատեսակա՞ն է, և արդյո՞ք եվրոպացի գործընկերները նման հնարավորություն կտա՞ն Հայաստանին։
-Եթե այս հարցը տայիք 9 կամ 10 ամիս առաջ, ես կասեի, որ լրիվ այդ ուղղությամբ է գնում, և Հայաստանի՝ Եվրամիության վիզաների պայմանների բարելավման և հետագայում առանց վիզայի ռեժիմը կարող էր լինել, որովհետև այն ժամանակ արդեն որոշ երկրներ 90 ժամով թույլ էին տալիս հայերին տրանզիտի դեպքում սահմանն անցնել: Բայց այսօր իրավիճակը մի քիչ փոխվել է: Նախ՝ անորոշություն կա Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ, որովհետև, եթե Հայաստանը գնա այդ ուղղությամբ, իսկ Արևմուտքն այսօր խստացնում է ոչ միայն տնտեսական, այլ նաև որոշ վիզային ռեժիմը, ապա չեմ կարծում, որ Հայաստանին այդ դեպքում որևէ արտոնություն կտան: Բոլոր դեպքերում, իմ կարծիքով, Եվրամիությունը կնայի Հայաստանի հետագա քայլերին:
-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին անգամ հայտարարեց, որ հունվարի 1-ից ՀՀ-ն կանդամակցի ԵՏՄ-ին, չնայած դրան՝ շատերը թերահավատ են: Այսինքն՝ ԵՄ-ն կսպասի մինչև այդ ժամկետը լրանա՞, և ըստ այդմ որոշի՞:
-Նախ՝ այսօր համար մեկ հարցը Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունն է, և ամբողջ աշխարհը հետևում է այդ կոնֆլիկտին: Հետո՝ Ռուսաստանի վրա արդեն ոչ միայն ճյուղային պատժամիջոցներ են գործում, այլ նաև այսօր Արևմուտքի կողմից վարվում է բարձր տեխնոլոգիայի ապրանքների դադարեցման հարցը: Եվ այս պարագայում Ռուսաստանի համար ավելի կարևոր հարց կա, քան թե Հայաստանի համար վիզայի հարցը:
-Այդ դեպքում Էդվարդ Նալբանդյանն իրականությունից կտրվա՞ծ էր՝ նման հայտարարություն անելու համար:
-Ես առաջինը կլինեմ, որ կցանկանայի, որ մեր քաղաքացիները չստանձնեն այդ բյուրոկրատական բոլոր պրոցեդուրաները վիզաները ստանալիս, բայց նույն Էդվարդ Նալբանդյանն արդեն առաջին օրը չէ, որ վիզաների մասին է խոսում: Այդ հարցը մոտ նույն ձևով ես երեք տարի առաջ եմ լսել, երեք տարվա մեջ ոչինչ չի փոխվել, հակառակը, Հայաստանը կտրականապես շրջվել է Եվրոպայից: Եվ առայժմ ցանկանալով այդ հարցի հրատապությունը՝ բոլոր դեպքերում մի քիչ թերահավատորեն եմ նայում, որ այդ հարցը կիրականանա: Իսկ Էդվարդ Նալբանդյանը ճիշտ է անում, որ այդ հարցը բարձրացնում է: Բոլոր դեպքերում բոլոր առիթները պետք է օգտագործել Հայաստանի քաղաքացիների արտասահման գնալը մի քիչ ավելի հեշտացնելու համար:
-Կար տեսակետ, որ Եվրոպայի 28 անդամ երկրներում Եվրահանձնաժողովի ղեկավար մարմինների ընտրություններից հետո կլինի այն բովանդակային փաստաթղթի ստորագրումը, որի մասին ակնարկում էին ՀՀ իշխանական պատգամավորները: Հիմա նորից այդ հարցում անորոշություն է, ի՞նչ կասեք այդ մասին:
-Պետք է հասկանալ, որ Ասոցացման համաձայնագիր Եվրոպան ունի շատ երկրների հետ, նույնիսկ արաբական ոչ զարգացած, դիկտատուրական երկրների հետ: Ասոցացման համաձայնագիրն ուղղակի կարգավորում է երկու երկրների հարաբերությունները: Այն, ինչ մեզ առաջարկվում էր 9 ամիս առաջ, դա ամենաբարձր աստիճանն էր, որտեղ Հայաստանն իր վրա վերցնում էր միայն մարդու իրավունքների պարտավորությունը, իսկ իրականում ստանում է ազատ առևտրի գոտու և ազատ առևտրի տարածքից բխող բոլոր առավելությունները: Այսօր պարզ է, որ Եվրամիությունը կգտնի Հայաստանի հետ շփվելու որևէ բանաձև, ուղղակի մինչ այդ կնայի, թե Հայաստանն ինչ սահմանների մեջ է գտնվելու և ինքնուրույնության ինչ զիջումներ կանի՝ ենթադրենք նույն Եվրասիական տնտեսական համաձայնագրի պայմանագրի միությանը, և դրանից ելնելով փորձի գտնել ինչ-որ բանաձև: Իմ կարծիքով՝ այդ բանաձևը կլինի նույնիսկ Ադրբեջանի բանաձևից ավելի ցածր, Բելառուսի հետ նույն մակարդակին:
-Այսինքն՝ մենք սեպտեմբերի 3-ից հետո ժողովրդավարության առումով հասել ենք Բելառուսի մակարդակի՞:
-Եթե Հայաստանը մտնի ԵՏՄ, ապա մոտավորապես նույն պայմաններն են լինելու, որովհետև Մաքսային միությունը կամ ԵՏՄ-ն թելադրում են որոշ պայմաններ, պարտադրանքներ՝ սկսած տնտեսական-մաքսային պարտավորություններից, վերջացրած քաղաքականով: Եվ այստեղից ելնելով՝ ԵՄ-ն կդիտարկի իր հարաբերությունները այս երկրների հետ (ԱԼԳ), իսկ Ադրբեջանը, ԵՏՄ անդամ չէ և ոնց որ թե չի պատրաստվում լինել: Եվ Բելառուսի հետ իմ համեմատությունը պայմանավորված է այս հանգամանքով և ոչ թե քաղաքական կամ մարդու իրավունքների զարգացումների: Պարզ է, որ մեզ մոտ Բելառուսի հետ անհամեմատելի է, բայց քանի որ Ասոցացման համաձայնագրի հիմնական մասը տնտեսական է, որը հնարավորություն է տալիս ազատ առևտրի՝ ԵՄ շուկայի, այդ պատճառով բերեցի Բելառուսի օրինակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



