Պաշտպանության նախարարությունը և, ընդհանրապես, զինված ուժերն ունեն բազում մեխանիզմներ՝ բանակում ընկերակցական և զինվորական մթնոլորտը համահարթեցնելու համար: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 
«Այո՛, բանակում կան որոշակի դեպքեր՝ ինքնասպանություններ, օրինախախտումներ և այլն: Բայց ընդհանուր առմամբ, կան դեպքերի ցուցանիշների նվազում: Այդ նվազումն իրականացվում է հետևողական և դժվարին աշխատանքով»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը՝ խոստանալով առաջիկայում ներկայացնել այդ ցուցանիշները:
ՊՆ մամուլի խոսնակը վստահեցրեց, որ զինվորների հետ աշխատանք են տանում հոգեբանները, հրամանատարները, անգամ մշակութային գործիչները: Բանակում, նրա խոսքով, դրական մթնոլորտ ապահովելու համար զորամասերում իրականացվում է ֆիլմերի դիտում, սպորտային, ընկերակցական և այլ միջոցառումեր, որոնք դաստիարակչական աշխատանք են ենթադրում:
«Բավական է ասել, որ մի քանի հազար զինծառայող, միաժամանակ, մարտական զենքը ձեռքներին մարտական ծառայություն է կատարում սահմանի վրա: Եթե նման վերահսկողական աշխատանք չտարվեր՝ ինքնասպանությունների ու սպանությունների թիվը շատ ավելի մեծ կլիներ»,- վստահեցրեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը հորդորեց հետևել, թե հասարակության ներսում ինչքան սպանություններ ու ինքնասպանություններ են տեղի ունենում և նման ագրեսիվ մթնոլորտում մեծացած երեխաների նկատմամբ, եթե բանակում համապատասխան զսպողական մեխանիզմ չկիրառվեն, ապա կատարվող հանցագործությունների ցուցանիշները շատ ավելի բարձր կլինեին:

Թերթ.ամ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել