Imyerevan.com-ը գրում է.
Ցույցը ցույց չէ առանց Սասուն պապի, ՀՀԿ տատի ու Գասպարիի: Քաղաքում ոչ մի ցուցադրություն ու բեմականացում չի անցնում առանց Մաշայի, մետրոն դատարկ է, երբ վագոնում չէ Ալվարդը կամ Բախշի պապը: Երևանի հայտնի երևանցիների ցանկը. մաս առաջին:
Գևորգ
«Ես ձայնակցում եմ Երևանին»,-ասում է Գևորգը: Հյուսիսային պողոտայի «Պեպիտոն» Երևանին ձայնակցում է ինքնամոռաց: Ասում է փողը երբեք չի հետաքրքրում նրան. նվագում է, որովհետև չնվագել չի կարող: Երազում է խումբ ունենալու մասին, ու այն մասին, որ իրեն այլևս չխանգարեն նվագել անտաշ անցորդները, որովհետև երբ նեղացած է ու անտրամադիր, նվագել չի կարողանում:
Սասուն պապ
«Մեր ազգը խորը քուն ա մտած, հազար տարին մեկ ա իր ցավերի մասին հիշում: Մանիշակ ենք, բա ի՞նչ ենք»: Սասուն պապի այս խոսքերը լսել է ցանկացած երևանցի, ով վերջին մի քանի տարում գոնե մեկ անգամ ինչ-որ ցույցի կամ հավաքի է մասնակցել: Զինվորական համազգեստով, եռագույն գլխարկով ու միշտ ժպտերես աշխարհի ամենաբարի «քնած մանուշակը» ապրում է Երևանում ու վաղուց արդեն դարձել է քաղաքի խորհրդանիշերից մեկը:
Մաշա տատ
Քաղաքում ոչ մի ցուցադրություն ու ներկայացում առանց նրա չի անցնում: Քիմիկոս Մաշան վաղուց հասկացել է, որ արվեստն ամեն ինչի կենտրոնն ու աղբյուրն է: «Արվեստի գաղտնիքը գտնելուց հետո հասկանում ես՝ չկա քաղաքականություն, կրոն, ոչինչ, կա միայն մարդ արարած»,-ասում է նա: Երևանի բոլոր տոմսավաճառներն ու հսկիչները նրա բարեկամներն են: Մաշան միշտ տոմս ունի: Նրա մասին ոչ միանշանակ կարծիքներ են հնչում, բայց դա քաղաքի ամենաարվեստասեր կնոջը չի հուզում: Նա շտապում է. ներկայացումից ուշանալ չի կարելի:
Կոնդեցի Փիրուզ
Միշտ սիրահարված, միշտ բոհեմային ու երազող նկարչուհի Փիրուզն ամբողջ կյանքը նվիրել է նկարիչներին բնորդ աշխատելով: Նա աշխարհին ու մարդկանց միշտ նայում է զարմացած: «Ես անընդհատ զարմացած եմ, ոնց որ էրեխան, ինչ տեսնում եմ՝ մոտենում եմ, նայում, շոշափում», -ասում է Փիրուզը: Երևի դրա համար են կոնդեցիներին իրեն «տուրիստ» անունով կնքնել: Կոնդի «տուրիստի» համար տունը հյուրանոց է, օրվա մեծ մասը դրսում է. վաճառում է իր նկարները:
Շերիֆ Աբո
Երիտասարդի առույգությամբ 75-ամյա Շերիֆ Աբոն Կենտրոնի ամենահայտնի բնակիչներից է: Կովբոյին բնորոշ քայլվածքով, մետաղապատ կոշիկները գետնին հարվածելով՝ Աբոն արդեն ինչքան ժամանակ է՝ զարմացնում է երևանցիներին: Իր մասին պատմել չի սիրում, բայց մեծ սիրով ցույց է տալիս իր գործը. նա կոշիկներ է պատրաստում: Եթե հայտնվեք Շերիֆի «թագավորությունում», հանկարծ չհարցնենք նրա անցյալի ու սպիների պատմության մասին. սրանք հարցեր են, որոնք Աբոն չի սիրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ