Sport.am-ը գրում է.
Mercedes Motorsport-ի ղեկավար Տոտո Վոլֆֆը մի քանի կոտրվածք է ստացել հեծանվից ընկնելու արդյունքում:
Ինչպես տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը՝ Վոլֆֆը կոտրել է ուսը, անրակը, արմունկն ու դաստակը: Նա շտապ վիրահատվել է Վիենայի կլինիկաներից մեկում: Ի դեպ, դաստակում տեղադրվել է մետաղական շտիֆտ:
Դատելով թիմի մամուլի ծառայության արձագանքից՝ կարելի է ենթադրել, որ թիմում կատարվածին փորձում են հումորով վերաբերվել ու անգամ Twitter-յան իրենց էջում հրապարակել են իրենց ղեկավարի ձեռքի ռենտգենյան լուսանկարը:

«Մրցարշավները հոգեվիճակ են: Բայց այժմ մենք որոշել ենք դրանք թողնել պրոֆեսիոնալներին: Լյուիսի ու Նիկոյի մոտ ավելի լավ է ստացվում անիվը անվին մրցել 300 կմ/ժ արագության վրա, քան մեզ մոտ՝ 30 կմ/ժ-ի վրա»,-ասել է Վոլֆֆը:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Ավստրիայում՝ հեծանվային զբոսանքի ժամանակ, որին մասնակցել են Mercedes AMG-ի աշխատակիցները: Ընդ որում՝ առաջինն ընկել է ու մեծ խցանում է հրահրել թիմի տեխնիկական տնօրեն Պադդի Լոուն:
Նշենք, որ միջադեպին հումորով է արձագանքել նաև Williams-ի թեսթ արշավորդ Սյուզի Վոլֆֆը՝ Տոտոյի կինը:

Նա Instagram-ում տեղադրել է այս լուսանկարն ու մակագրել. «Իմ ամուսինը հերոս է: Տղաները մնում են տղաներ: Կարծես թե առաջիկա շաբաթների ընթացքում ես բուժքույր եմ լինելու»: