Հասարակության դեգրադացիայի խնդիրները շարքից
Ուրախություններիցս գլխապտույտ էինք ապրում, իրար համբուրում՝ աղաղակում, գրկախառնվում, մեր տնակից դուրս հարևանները զարմացել էին, վախեցած նայում էին դռնից ներս ու փորձում հասկանալ, թե ի՞նչ է կատարվում: Վերջապես, վերաջապես հասանք, իրականացավ մեր պապերի և մեր երազանքը: Վերջ, աշխարհը մեզ արդեն ուրիշ աչքերով կնայի: Քույրիկ, եղբայր համբերիր, հիմա մեզ մնում է կառուցել մեր երկիրը: Ի՞նչպես էինք հավատում մեր երկրի ապագային ու փորձեր մեկն ասել թե, - աչքիդ վերև ունք կա, վրա էինք տալիս, լռեցնում խեղճին, ու մարդն ապշած ասում էր, -կապրենք կտեսնենք: Երիտասարդ էինք ու արյուններս եռում էր, զուռնի ձենից արյունը տալիս էր գլխներիս ու եթե մեկն էդ պահին մի զենք տար, ամբողջ Արևմտյան Հայաստանը հետ կբերեինք, կմիացնեինք մեր մի բուռ հողին ու կապրեինք ուրախ և երջանիք: Ու կառուցեցինք մեր երազած երկիրը, դեռ էլի աշխատանք կա, մի քիչ էլ համբերիր: Աչքներիս առջև ամբողջ հիմնարկներ քանդեցին, վաճառեցին ու գնացքներով տարան Թուրքիա: Թուրքն էդքան ոսկի իսկի կյանքում չեր էլ տեսել, ոսկին տվինք, փռեցինք ոտքերի տակը, որպես փեշքեշ, հալալ լինի ու բարեկամության խաթեր՝ սա էլ մեր հաշվին՝ եզների կաշվից չուլ ու փալաս տվեց մեզ: Ուրախացանք, դե տեսնու՞մ եք, մեր հագ ու կապը տեղն եկավ: Բա յուղն ու թխվացքները, հրաշք էին, թխվացքն այրում ու սպիրտայրոցի վրա սուրճ էինք եփում, զարմացնելով հարևանին, թե տես, մարդիկ ի՞նչ որակով ապրանք են պատրաստում՝ անարատ յուղից, որ այրվում է: Թե ժամանակին մարդիք ուզում էին սահմանն անցնել, փախնել, հիմա Թուրքիան ինքն իր ոտքով է եկել Հայաստան: Ու կառուցում էինք երկիրը մեր: Վաճառեցին հեռախոսակապը, ջուրը, էներգոհամակարգը, գինու ու կոնյակի գործարանը ու էլ չգիտեմ ինչ: Դուրս է գալիս, որ մեզ ոչինչ չի մնացել: Հա, բա հողը, դե դա դեռ վիճելի հարց է, ինչ իմանաս թե վերջը ում է այն հասնելու, դե որ եսպես վաճառելով ենք սկսել,վստահ չեմ որ դա դեռ մերն է:
Իսկ էսօր, ամբողջ ազգովի հավաքվել ու ուրախանում ենք, թե քսան տարի է ինչ ջրի երեսին լողում ենք, դեռ չենք սուզվել: Մենք անկախ ենք: Ախր ժողովուրդ, ի՞նչ էք բերաններդ բացել, ի՞նչ եք աղաղակում ու՜ռա: Էս ի՞նչ գիպնոզի տակ եք: Մասսայական հալյուցինացիա եք տեսնու՞մ: Կո՞դավորել են ձեզ, էս ի՞նչ թույն բլեֆի մասնակից եք դառել: Ախր խաբված եք: Ազատ ե՞ք, անկա՞խ: Ու՞մից եք ազատ, ի՞նչից եք անկախ: Ախր օր օրի դրսից վարքերը բերում ու տկնթաղ են անում, իսկ հետո քեզ կասեն,- էն գումարը, որ կերար, պիտի վճարվի: Ու բերանդ բաց կզարմանս ու սոված փորովդ հարց կտաս,- ո՞ր գումարը, ախր մամայի արեվ խաբար չեմ: Սուտ ես ասում, ե՞ս՜ս: Հա, հենց դու:
Լսիր, ո՞նց ես դուրս գալու դրա տակից: Ախր չես հաստատի, որ պատկերացում անգամ չունես, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը: Ուրիշի թամաշին ծափ ես զարկում, իսկ նրանց քեֆին՝ քեֆ չի հասնում:
Գիտես, էսպիսի մի պատմություն եմ լսել, իրական է հավատա: Լավ տղերքը ռեստորանում քեֆ են անում ու վիճում իրար հետ, թե իրենցից ու՞մ համաբլն է, որ տիրոջ կանչին վազելու է ու իրենց կերածների փողը փակվելու: Բա՜ա:
20 տարի առաջ ծախեցին քեզ աճուրդով, ու ակցիաների մեծ փաթեթը՝ Ռուսին բաժին հասավ: Նույնիսկ հիմա, դու, որ Նախագահ ես ընտրում՝ պարզապես մի բենականացում է, ախր մինչև Պուտինը «դաբրո» չտա, դու ոչ մեկին էլ չես ընտրի:
Հիմա շքերթ ենք անում, ցույց տալիս զենք ու զրահ, դե արդեն պարզ է, թե ի՞նչ է սպասվում ապագայում: Դրա համար էլ շատերը փախնում են: Գիտեն, որ եթե էս անգամ պատերազմ լինի, էլ չեն գնա մի երկու օլիգարխի համար իրենց կյանքները զոհելու, մեկ է իրենցից հետո իրենց ընտանիքի համար ոչ ոք էլ չի մտածելու: Մեկ է,ես երկիրը իրենցը չէ, ու՞մ համար գնան, ի՞րենց երեխաների ապագայի: Է՞ն երեխաների, ում սպանում են բանակու՞մ, խաղաղ պայմաններու՞մ, հանուն ի՞նչի, որ մի երկու հոգի իրենց կայացած զ՞գան, աբիժնիկներ:
Տեսե՞լ ես երբևէ, որ սկուտեղներով կերակուր պտտեցնեն հրապարակում և լիության շքերթ կազմակերպեն, որ ժողովուրդը ասի, թե մենք լի և առատ երկիր ենք, ու մեր բարիքները մերն է և ոչ թե ուրիշինը: Չես տեսել, չի էլ լինի, թեև բերքի տոն ենք տոնում, խաղող օրհնում ու բաժանելուց իրար գլուխ ենք ջարդում, որ գոնե մի կիլոգրամ անվճար խաղող տանենք տուն, երեխեքին:
Այն ի՞նչն է ի՞նչը, որ միայն հայերն են անում: Ասեմ, տեսե՞լ ես թաքնված տեսախցիկ հաղորդումը՝ հայերը մինչև վերջ հավատում են, որ դա իրենց հետ երբեք չի պատահի, ու ընկնում են ծուղակի մեջ: Հետո դեմքները ծածկում, ծիծաղում ու փախնում են տեսախցիկի առջեվից:
Հիշում ես Անկախության տոնին նվիրված շքերթն էր այդպիսին: Մեծ մասշտաբով կազմակերպված բլեֆ ՝գրեթե հիմնովին ժողովրդից դատարկված պետության մեջ: Իսկ են մի երկու հոգին էլ, որ մնացել էին, դրանց էլ մեկուսացրել էին ոստիկաններով, որ հանկարծ սցենարից դուրս անակնկալներ չանեին՝ իրենց քաղաքացիական ինքնագիտակցված ինքնակազմակերպմամբ: Շքերթն հաջողվեց, թոզը փչեցին աչքներին, մեր ժողովուրդի աչքերն էլ հետը վնասեցին, որ էլ բան չտեսնեն: Հետո էլ ամոթից երեսներս պահեցինք: Սոված փորերիս աղքատ հպարտ ենք խաղում: Եթե մարզերում լինեիր, կհասկանայիր թե ի՞նչ եմ ասում: Անշուքություն ու անտարբերություն: Մարդիկ զբաղված էին իրենց առօրյա հոգսերով: Պարտատրված տոնախմբություն: Տո ի՞նչ անկախություն, ի՞նչ տոն: Միայն մեռելոցն է, որ մարդիկ գերեզմաններ են այցելում ու ողբում իրենց գոյությունը: Հիմա է պարզ դառնում, թե մեր կաթողիկոսն ու վարչապետն ինչու են մեռելոցները շատացնում: Որ մարդիկ մեռելներին նախանձեն ու երանի տան նրանց: Ինչպես ասում է ժողովուրդը «Մեռավ մեռոնվավ»:
Ի՞նչ տվեց մեզ անկախությունը: Մեզ ոչինչ, իսկ մի քանիսին՝ ամենաթողություն ու անձեռնմխելիություն: Ի՞նչպիսի ամպագոռգոռ և հայրենասիրական խոսք՝ Ազատություն: Եկեք իրականության աչքերին համարձակությամբ նայենք և խոստովանենք սեփական անճարություններս:
Մեր լինելու կամ չլինելու հարցը աշխարհիս հզորներն են որոշում, ինչպես մի ժամանակ եղավ Արարատի պետության հիմնվելու ժամանակ, երբ Ռուսն ու Թուրքը իրար հետ բարիշան, որ մեզի կտորմը հող տան: Ասում եմ չ՞է, պատմության թերությունն է՝ կրկնվում է:
Դե տղա ես բոլորին ուղարկի գրողի ծոցը, չէ, չես կարող, ձեռքերը պիտի համբուրես, որ չզայրանան:
Պուտինն ասում էր, -Ես Հայաստանից շատ եմ հայ պահում: Ա՜խ, մի խոսեցրեք, ախր հալերիս չենք մնում, մի գլուխ գլուխ ենք գովում: Կհիշեցնե՞ք ինձ, թուրքի ջարդից ո՞րքան մարդ մազապուրծ փախավ: Իսկ հիմ՞ա, որ ջարդ չկա, Հայաստանից ո՞րքան մարդ է փախել: Հիմա ո՞վ է պատասխանատու Հայաստանը հայաթափելու մեջ, թո՞ւրքը թե ո՞վ:
Օր օրի ընկերներիցս մեկը հեռանում է իր ընտանիքով: Կարո՞ղ է մեր մարզի լույսերը ես եմ հանգցնելու: Չես կարող ասել, թե նրանք հայրենասեր չեն: Ի՞նչ է հայրենիքը, կամ ո՞վ է Հայաստանը: Մեր մեծերն ասում էին, որտեղ հաց, էնտեղ կաց: Էստեղ հաց այլևս չկա, կա էնտեղ, ուր հայ կա: Հարցնում եմ ընկերոջս, - էնտեղ ուր գնում ես լա՞վ է, ասում է,- հայ կա՝ուրեմն լավ կլինի էլի:
Անկախություն՝ հարաբերական վիճակ, Ազատություն՝ հարաբերական վիճակ: Էս հարաբերականության տեսությունը Հայաստանու՞մ է փորձարկում անցնում:
Արդյո՞ք անկախության ևս մի քսանամյակ կտոնվի Հայաստանում:
Եթե մենք չփոխվենք, հաստատ չի տոնվի: Եթե գաղթը չկասեցվի չի տոնվի, եթե զենքի ցուցադրման փոխարեն գյուղտեխնիկայի շքերթ չանենք, հաստատ չի տոնվի, եթե սննդի գինը չիջեցնենք, հաստատ չի տոնվի, եթե ուսման՝ կրթության մակարդակը չփոխենք ու ազգի դեբիլիզացիային վերջ չդնենք՝ հաստատ չի տոնվի, եթե չմաքրվի հեռուստաեթերը, հաստատ չի տոնվի ու էս ցանքը շարունակելի է: Էս ի՞նչքան գործ կա անելու, ու՞մից սկսենք կամ ի՞նչից:
Այ, շքերթ կանենք ու քեֆ, պար կբռնենք ու կուրախանանք, երբ մեր սիրելիները տուն կգան՝ կվերադառնան, կմնան ու էլ չեն գնա, երջանիք կլինեն ու ապահով, աշխատանք կունենան ու արժանապատվություն: Երբ մենք մեր ձեռքով կսկսենք փոխել այն, կդառնանք մեր երկրի տերն ու տիրակալը, ու չի լինի այլևս հարստահարողն ու կողոպտողը, գողն ու կաշառակերը, իշխանության ու աթոռի համար մեր ու մանուկ ուրացողը, որդեսպանն ու մանկապիղծը, պոռնիկն ու դավաճանը, ավազակն ու օլիգարխը, ծախված ոստիկանն ու իրավապաշտպանը ու կվերանան ամեն խորշոմություն, պղծություն ու այլասեռվածություն: Երբ վերջապես, մենք կորոշենք մեր երկրի ապագան ու մեզ ասող էլ չի լինի ու մեր ճակատագիրը մեր ձեռքերում կլինի: Շեղվեցի իրականությունից, բայց վատ երազանք չէ: Երազանքը կարող է դառնալ իրականություն, եթե մենք դադարենք մտածելուց, որ մեր խրճիթը գյուղի ծայրում է ու հիմա ժամանակն է որ դադարես ասելուց,- է՜ զահլա չունեմ, ինձ ի՞նչ ու նման հիմարություններ:
Յուրաքանչյուրիս ազատության և անկախության առողջ ընկալումից է կախված մեր բարգավաճումը, հայրենասիրությունը, զարգացումը, բազմացումը և ոչ թե գոյատևումն ու ինքնա պահպանումը:
« …քո սերունդը արևելքից եմ բերելու, և ես արևմուտքից ժողովելու եմ քեզ: Ասելու եմ հյուսիսին. Տուր. և հարավին՝ թե մի արգելիր. բեր իմ որդիներին հեռվից, և իմ աղջիկներին՝ երկրի ծայրից. » Աստվածաշունչ, Եսայի Մարգարեություն 43:5-6հհ.: