Եկեղեցու կիսափթած ու հին, փորագիր նախշերով պատված (դրանք էլ` իրենց հերթին մամռոտած), դուռը ճռռոցով բանաց լայն թիկունքով,պիրկ ու գեր մարմնով քահանան, որի հետ էր մի ոսկրոտ կազմվածքով, բարձրահասակ, ցանցառ ու կարճ մորուքով ծերուկ:Նրանք մտան եկեղեցի:Մոտենալով խորանին` տերտերը դիմեց ծերուկին.
-Խորե՛ն բիձա, քո բանը պահակություն անելն է, դուն ալ ադ ցիգանին հասկացուցե,որ կարելի չէ.գյուղին ժողովուրդը ի՞նչ կմտածե:
-Ախար, տե՛ր հայր, ինչդար ասում եմ, նա եդ իրանն ա զոռում. գանգատուփը չի մտնում,- դառնագին հոգոց հանելով` ասաց ծերուկը:
-Էէէ~հ, ի՞նչ է ադոր ուզածը. գալիս, պառկում, իր քեֆին նվագ է անում ու մրափում. բաս ադ շնո՞րհք է:
-Ոչինչ, Էն ա ասում, որ ազնվական տատի գերեզմանն ա .գալ տի, պառկի կողքի քարին, հետը զրից անի ու իր նվագն ածի…
Տերտերը աչքերը փակեց, շեկ մորուքը շոյեց: Մի քանի վայրկյան նրա լռելուց հետո մեծ աչքերը լայն բացվեցին,ու լայնաթոք,բամբ ձայնով սկսեց ծիծաղել:Սրահի պատերում քրքիջը արձագանքեց, ապա լրջմիտ հայացք ընդունելով`նա նայեց ծերուկին, որն անսպասելի արարքից չորացած տեսքով, բերանը բաց տերտերին էր նայում:Վերջինս իր մեծ ձեռքով թփթփացրեց ծերուկի ուսին, հետո ասաց.
-Դուն, որդյա՛կս, անհոգ եղիր, մենակ ասա՛, ադ ցիգանը չէ՞ նստում ան քարին վրա, որուն տակ մի խոր բացվածք կա, ու որուն տակ մանչերը մտնելով`երազանքներ կպահին…
-Հա հենց էդ ա, որ կա. <<Երազոց քարը>>:
-Դե, դուն բանիդ կաց:
Ծերուկը եկեղեցուց դուրս եկավ զարմացած դեմքով, իսկ քահանան, բուրվառի կրակը փչելով, բեխերը կրծոտում ու քմծիծաղ էր տալիս:
Հաջորդ օրը, պատարագից հետո, երբ ժողովուրդը եկեղեցուց խմբերով դուրս եկավ, քահանան նույնպես շտապ-շտապ, վերջին հավատավորին իր օրհնությունը տալով` ճանապարհեց, ապա փակելով եկեղեցաբակի դարպասը` քայլեց դեպի տապանաքարերի ու խաչքարերի ուղղությամբ:Նա մոտեցավ մի հարթ, խոշոր քարի, որից քիչ հեռու մի փարթամ գնչու էր պառկած` թևերը գլխատակին դրած, ոտքերը իրար վրա գցած, կողքին էլ` փոքրիկ ակորդեոն:Քահանան կռացավ ու նայեց քարի տակ. էնտեղ մի լայն փոս էր բացված: Տերտերի դեմքը պայծառացավ, նայեց երկնքին, ապա իր ծանր, լայնաթև խաչը համբուրեց, հետո զգուշորեն, համարյա սողալով իջավ քարատակի փոսն ու կոկորդային ձայներ հանեց. փորձում էր ձայնը փոխել, սկսեց բարձր ու ծղրտուն ձայնով բղավել.
-Ա՛յ Եգոր, մեջքս ծռվեց, է~, վե՛ր կաց, կորի գնա~…
Մի քանի անգամ այս արտահայտությունը կրկնեց տերտերը:Արդյունքում քարին հարմարված, ջերմ արևի տակ նիրհող գնչուն արթնացավ և, չհավատալով ձայնի իրական լինելուն, ցուցամատը տարավ ականջը, մաքրեց այն ու մի պահ սառեց` որսաշան նման ուշադիր ունկդրելով ձայնային ալիքները:Հասկանալով, որ դրանք հողից են դուրս գալիս,սառը քրտինքը ճակատին` վեր ցատկեց տեղից, գոտուց հանեց ծռմռված, բայց շողշողուն կովկասյան դանակը ու բացականչեց` զարհուրանքից թևերը դես ու դեն շարժելով.
-Ի՞նչ գրողի տարած նզովյալ չարքի ծնունդ ես, որ գարշելի դագաղիցդ դուրս ես պրծել…
-Տատդ եմ, դդում.քանի օր է հոգուս հանգիստը կորցրել եմ` քո ակորդեոնի պատճառով,- ասաց քահանան պառավի ձայնով: Երեսը կարմիր էր, քանզի հազիվ էր զսպում ծիծաղը:
-Ներիր, տա՛տ իմ, որ քո առաքինի, տոհմիկ ու պարկեշտ հոգուդ հանգիստը խաթարել եմ, բայց գոնե ասա՛ ի՞նչ անեմ, ու՞ր գնամ. տեղս չեմ գտնում արևի տակ…
-Հյուսիս գնա, կամ` արևմուտք. կարևոր չէ:Ինչքան կարող ես` հեռու գնա, զավակս. այս կողմերում քեզ միայն փորձանք է սպասվում…
Գնչուն վերցրեց փոքրիկ ակորդեոնը,դանակը տեղը դրեց, խաչակնքեց` երկու անգամ,նույնքան էլ խոնարհվեց` մինչև ծնկները:
Հետո նա դանդա~ղ քայլելով հեռացավ եկեղեցաբակից, շուտ-շուտ ետ նայելով` մոտեցավ կաղնու մոտ արածող սպիտակ ձիուն, մտածկոտ շոյեց վերջինիս բաշը: Տերտերը լսեց գնչուի հեռացող, հստակ քայլերը, նորեն զսպեց ծիծաղը:
Մինչդեռ Եգորը` նույն գնչուն, ճարպկորեն հեծնեց, հարմարվեց թամբին, ձին վրնջաց ու քայլեց:Նա կրունկներով խփեց ձիու կողերին, մտավ եկեղեցաբակ, անցավ խաչքարերի միջով, կանգնեց տատի գերեզմանի մոտ.
-Հոգուդ հանգստություն. ներիր և պահապա՛ն եղիր:
Տերտերը չդիմացավ, խռխռացրեց:Գնչուն տարակուսած պտտվեց գերեզմանի շուրջ, բայց էլ ոչ մի ձայն չլսվեց: Ճիպտեց ձիու քամակին, ուժեղ քամի բարձրացավ.գնչուն սլանում Էր դեպի հյուսիս:
Տերտերը քիչ հետո ծիծաղելով փորձեց դուրս գալ փոսից,բայց փորի կլորիկության և մարմնի հաստության պատճառով` դժվարացավ:Նա ահաբեկյալ, ծանր շնչելով սկսեց բղավել` նույն ծղրտուն պառավի ձայնով.
-Խորեն բիձա~, Խորեն բիձա~, հո՛ս եգուր,հո՛ս. Էհեեե~ հասի~…
Բռնեց կոկորդը` վախեցած, նորից գոռաց, բայց էլի նույն պառավի ձայնը…
Խորեն բիձեն էդ պահին վանքից քիչ ներքև գյուղում, իր տան առաջին աղբյուրում լվացվում էր, երբ ականջին կովի բառաչի հետ խուլ ձայներ հասան… Մի պահ դադարեցրեց լվացվելը. ճմրթված երեսից ջրի կաթիլներ էին ծորում ու ցանցառ մորուքից կաթկթում:Գոմից մի ծեր կին, որ տռզած, սպիտակ, սև պուտերով կովին էր կթում, տեղից վեր ցատկեց:Կաթը թափվեց գորշ, կոշտացած հողին:Կինը ծնկներին զարկեց, ասաց.
-Մեղայ Աստոծ,վույի մե~…Այ տա, Խորե՛ն, հասի՛. Տես` էն ի՞նչ ղալմաղալ ա ժամի կշտին.
-Ես դրա անդարդ մերը,- թքելով գետնին` բարկացավ եկեղեցու պահակը,- ղալմաղալ չի. ցիգան Եգորն ա մխկտալով երգում, ով գիտի` եդ արաղա ճարե…
Ծերուկը մատով կտտացրեց մազոտ բկին…
-Ես էլ վախից թուլացա:Թաղեմ դրա չոր գանգը.ե՞րբ տի կորչի գնա. բալքիմ տեր հայրը մի հնար գտնի…
-Մի անաստված էլ նա ա.ոչ խմիլ ա թողնում, ոչ` ուտիլ:Հե գիտի, թե ջերմագին աղոթելով ու պաս պահելով` կյանք կապրես ու բողազ կկշտացնես,բայց որ տեսքին ես նայում` խոզ ու մեղր կերած անտառի արջ ա. բա սա արդար ա՞,- սրբելով ցցուն այտոսկրերով երեսը` ասաց Խորեն բիձեն:
-Վու~յ, աստծո մարդու մասին տենց կխոսե՞ն… Էգուց մոմ կվառես Սև խաչի փեշին:
-Ա՛յ կնիկ, քեզ ի՞նչ. մազդ երգա~ր, խելքդ` կարճ:Դու կաթս բեր. մեռա սովից:
Խուլ ձայնն ուժգնացավ, բայց գյուղի շներն էլ սկսեցին ոռնալ:
-Թափվեց կաթդ,-ցույց տալով շրջված փայտե դույլը` ասաց պառավը:
-Ո՞նց, քու՛ մերը…- զայրացած ասաց ծերուկը:
Ապա քորեց ծոծրակը, քայլեց դեպի փողոց, հետո կանգնեց, ձեռքը պատահաբար դիպցրեց ցածր պարսպի կողքից դուրս եկած եղնջի թփին, ու սկսեց քորել թաթը:
-Գոնե բանջարով ճաշ սարքի:Ես գնամ Մարտոյի հետ նարդի խաղամ, գամ:
-Լավ,-ասաց պառավն ու նայեց վանքի կողմը, որտեղից դադարեցին լսվել կանչերը:
-Ինչ չէինք լսել` լսեցինք…
Քահանային երեկոյան եկեղեցաբակում պահմտոցի խաղացող մի խումբ երեխաներից մեկը գտավ քարի արանքում` հաստ մատները հողը խրած, բեղերի տակ` խորհրդավոր ժպիտ, բերանն ու շեկ մորուքը` արնոտ…
Արդեն մթնել էր: Վանքի մոտ կանգնած էին խորհող ծերուկներ, ձեռքներին` նավթի լապտերներ: Գյուղից չորս առողջ տղամարդ Խորեն բիձի հրահանգներով փորձում էին հանել տերտերի սառած,ծանր մարմինը, բայց ապարդյուն: Ի վերջո մի ծեր ձի բերեցին, մեջքից պարան կապեցին, իսկ պարանի մյուս ծայրից` տեր հոր կռնատակերը: Ձին մարդկանց օգնությամբ, հին գինու շշի խցանի նման` խռթոցով դուրս հանեց կապտած ոտներով մարմինը: Տեր հոր գոտկատեղից կախ երեք քսակները պատռվեցին ու զնգոցով փոսը թափվեցին:
Հետագայում, իհարկե, աղքատ ու սնահավատ արդվեցիներից և ոչ մեկը չիջավ քարի տակ` մետաղադրամները հանելու.փոխարենը դեռ քահանայի հուղարկավորումից առաջ պառավները սկսեցին լեգենդներ ու հեքիաթային պատումներ հյուսել ու պատմել իրենց թոռներին, իսկ զավակներին` շշուկով բամբասել, թե տեր հորը վերջերս <<օղորմածիկ դառած>>, դեռ քառասունքը չլրացած վաճառական Գոգիի մեռելն է այցի եկել, երեք քսակ առաջարկել, մեղքերի թողություն խնդրել, բայց մերժում ստանալուց հետո տեր հորը քարշ է տվել <<Երազոց քարի տակի փոսը>>: Ներս է քաշել, ու տեր հայրը, իբր, վախից աղոթքներ մրմնջալով`շունչը փչել է…