«Շանթ» հեռուստաընկերության «Կիրակնօրյա հորիզոն» հաղորդաշարի հուլիսի 20-ի թողարկման շուրջ Մենուա Հարությունյանը մի մեծ աղմուկ է բարձրացրել: Նա կարծես որպես անձնական վիրավորանք է ընդունել «Իրավունք» թերթի վերաբերյալ բացառապես իրական փաստերի վրա հիմնված թողարկումը: Ի դեպ, Մենուան նաև խոստովանում է, որ այդ թերթում օգտագործվող «լեքսիկոնը», անձամբ ինքը չի ընդունում: Չի ընդունում, բայց պաշտպանո՞ւմ է… Ճիշտ չի համարում, որ, ինչպես ինքն է ասում, «մարդ չի մնացել կպնելու, լրատվամիջոցները սկսել են իրար «ուտել»», և անձա՞մբ է սկսում արշավ «Շանթի» դեմ... Ակնհայտ է, Մենուա Հարությունյանի խոսքը գործի հետ չի համապատասխանում:
Խոսքն իրականում լրագրության ոլորտի օրեցօր բարգավաճող մի ախտի մասին է, երբ առանց բարոյական նորմերի կիրառվում է վիրավորանքն ու հայհոյանքը, երբ լրագրող լինելու հանգամանքի տակ տարիներ շարունակ փաթեթավորվում ու աննկատ սողալով գոյատևում են էժանագին շանտաժն ու սպառնալիքը: Մեղմ ասած, բավականին տարօրինակ է, երբ այս ամենը Մենուային դուր չի գալիս, բայց նա արմատապես դեմ է, որ այս արատավոր ախտը քննադատվի եթերում: Եզրահանգումը պարզ է` լավ էլ դուր է գալիս, ուղղակի Մենուայի համար ավելի հեշտ է օբյեկտիվ խաղալը քան օբյեկտիվ լինելը: Վերջինիս մասին հանրային տարաբնույթ ընկալմանը, չենք ուզում անդրադառնալ, չնայած չի բացառվում, որ դրա անհրաժեշտությունն էլ մի օր առաջանա:
Իր ֆեյսբուքյան գրառման մեջ (որը հրապարակվել է կայքերում) Մենուա Հարությունյանը այնքան է նվիրվել «Շանթ»-ին մեղադրելու գործին, որ հիշել է բազմաթիվ շահարկումների առիթ հանդիսացած Արմեն Դուլյանի դեպքը: Առնվազն տարօրինակ է հիմա էլ Դուլյանին պաշտպանելու Մենուայի մոլուցքը, քանզի այդ օրերին նա արտահայտեց իր կարծիքը այսպես. «Արմեն Դուլյանը, աշխատելով «Շանթ» հեռուստաընկերությունում, իրավունք չուներ քննադատելու կամ վիրավորելու հեռուստաընկերության ղեկավարությանը: Եթե որևէ մեկը աշխատում է որևէ վայրում, պետք է հարգի այդ ընկերությունը և ընկերության շահերը համարի առաջնահերթ: Նման դեպք կարող էր լինել աշխարհի ցանկացած գիգանտ ընկերությունում. որևէ մեկը չի կարող աշխատել «Կոկա-Կոլա» ընկերությունում, վարկաբեկել այն և շարունակել աշխատել, կամ որևէ մեկը չի կարող աշխատել BBC-ում, վարկաբեկել այն և շարունակել այնտեղ աշխատել…»
Այս խառնաշփոթը դեռ բավական չէր, Մենուա Հարությունյանը, ում շատ հաճախ ընթեցողներն իրենց մեկնաբանություններում մեղադրում են պատվերներ կատարելու և իր ղեկավարած լրատվամիջոցներով իրականությունը քողարկելու մեջ, հանրության վստահությունը վայելող հեռուստաընկերությանը խորհուրդ է տալիս առաջնահերթ ծառայել հանրային շահերին:
Այսքանից հետո մնում է միայն Մենուա Հարությունյանին խորհուրդ տալ, որ հանգամանքների բերումով նոր կարծիք արտահայտելուց առաջ, նախ հիշի, թե մինչ այդ ինչ կարծիք է արտահայտել և խորհուրդ տալուց առաջ էլ ետադարձ հայացք գցի սեփական գործունեության վրա և փորձի սթափ գնահատել, թե անձամբ ինքը որքանո՞վ է հետևում այդ խորհրդին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ShantTV/posts/779891748720830
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել