








Հիջաբը (արաբ.՝ حجاب՝ ծածկոց) իսլամում հասարակ հագուստ է (ոտքից գլուխ ծածկող), սակայն արևմուտքում հիջաբի տակ հասկանում են իսլամական ավանդական կանացի գլխաշորը: Կնոջ կողմից հիջաբ կրելը համարվում է իսլամական օրենսդրության՝ շարիաթի գլխավոր դրույթներից մեկը:
Իսլամական հայեցակարգում մարդկանց՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ստեղծման նպատակը կայանում է մարդկային արժանապատվության իրականացման մեջ: Հասարակության առողջությունը պահպանելու համար իսլամը կոչ է անում կանանց ծածկվել, իսկ տղամարդկանց՝ դրսևորել ինքնատիրապետում և ազնվություն:
Իսլամի տեսանկյունից արժանի հագուստը նպաստում է նրան, որ կանայք և տղամարդիկ միասին կարողանան ապրել առողջ միջավայրում՝ չտրվելով սեռական հակումներին և կրքերին: Այլ կերպ ասած, հիջաբը իսլամում հիմնված է կանանց և տղամարդկանց ինքնատիրապետման ուժեղացման վրա: Հիջաբը չի թույլատրում, որպեսզի կինը զրկվի իր մարդկային կոչումից և վերածվի ապրանքի: Այս հարցով ռուս արևելագետ Լյուդմիլա Ավիևան ասել է. «Հիջաբը միջոց է ծառայում կնոջը ցանկասեր տղամարդկանցից պաշտպանելու համար, ովքեր կնոջը որպես ապրանք են դիտում»:
Իսլամում հիջաբ կրելու քարոզումը չի նշանակում, որ կինը պետք է գտնվի տնային կալանքի տակ և զրկվի հասարակության սոցիալ-տնտեսական կյանքին մասնակցելու իրավունքից: Հիջաբը հիմնված է այն գաղափարի վրա, որ որոշ գործեր, հատկապես նրանք, որոնք վերաբերում են տղամարդկանց և կանանց միջև կապերին, պետք է սահմանափակվեն ընտանեկան շրջանակով։
Իրանցի հոգևորական Մորտեզա Մոտահարին այս առիթով ասել է. «Հիջաբ կրելը, որը իսլամը սահմանել է կանանց համար, չի նշանակում, որ կանայք իրավունք չունեն փողոց դուրս գալ: Իսլամը չի քարոզում, որ կանայք պետք է տնային կալանքի տակ լիենեն: Այն նշանակում է, որ կանայք տղամարդկանց հետ շփվելիս պետք է ծածկեն իրենց մարմինը՝ խուսափելով պճնվելուց»:
Օրենքը կատարելու դեպքում, մարդու ինտելեկտը և հոգեկան աշխարհը ազատվում են նորաձևության և հրապուրանքի պաշտամունքից:
Հիջաբի խնդիրներից մեկն է հանդիսանում հարգանքը կանանց նկատմամբ: Իսլամն ընդգծում է, որ ինչքանով կինն ազնիվ է, այնքանով ավելի պատկառելի և արժանապատիվ է և մեծ հարգանք է վայելում: Հնարավոր է, որ որոշ կանայք հակված են պճնվելուն և ցուցամոլությանը, սակայն հիջաբը որոշ չափով հսկում է այս հակվածությունը: Այլ կերպ ասած կնոջ իմաստությունը սեփական բնավորության և արժեքի բարձրացման համար դրսևորվում է հիջաբում:
Մարմինը ծածկելու ցանկությունը համարվում է մարդկային բնության և ներքին բնազդի կարևոր բաղկացուցիչ, որի վաղեմությունը դրսևորվում է Ադամի և Եվայի պատմության մեջ: Ամոթի զգացումը հարկադրեց տղամարդուն և կնոջը ինչ-որ կերպով ծածկվել, քանի որ նախկինում նրանց դա չէին սովորեցրել: Սրա պատճառը կայանում է նրանում, որ մարդկային բնության մեջ գոյություն ունի զսպվածության գործոն, այսինքն ամոթ ունենալը, որը մարդուն սահմանազատում է հակվածության անդունդներից:
Ղուրանի 7-րդ՝ «Պատնեշներ» սուրայի 22-րդ այաթում ասվում է. «Այսպիսով, նա (Շայտանը) գայթակղեց նրանց՝ իջեցնելով դրախտից երկիր: Երբ նրանք համտեսեցին այդ ծառի պտուղները, նրանց առջև կանգնեցին իրենց ամոթալի մասերը, և նրանք սկսեցին իրենց վրա կպցնել դրախտային ծառեռի տերևները, որպեսզի ծածկեն մերկությունը»:
Սեփական մերկությունից ամոթի զգացողությունը, որը ցույց է տալիս առաջին մարդկանց բնազդը ծածկվելու համար, հաստատում է այն փաստը, որ մարդն իր բնությամբ հակված է ծածկվել:
Մտածողներն ու հոգեբանները գտնում են, որ պատմության ընթացքում կինը սեփական արժանապատվությունը ձեռք բերելու համար մշտապես ձգտել է պահպանել սեփական մարմինը տղամարդու հասանելիությունից: Ամոթխածությունը որպես կնոջ բնության հիմնական առանձնահատկություն՝ համարվում է կնոջ արժանապատվության հիմնական պահպանողներից մեկը: Որքանով կինն ազնիվ է, այդքանով էլ նա պատշաճ է պահում իրեն և հեռու է մնում օտար տղամադարդկանցից՝ ձեռք բերելով հարգանք:
Հիջաբը Ղուրանում և հադիսներում
«Օ՛ Մարգարե: Ասա քո կանանց և դուստրերին և հավատացյալների կանանց, որպեսզի նրանք ծածկվեն: Այսպես ավելի լավ է, որ իրենց ճանաչեն և նրանք զերծ կմնան վիրավորանքից» (Ղուրան33:59)
«Ասա՛ հավատացյալ կանանց, որպեսզի թողնեն սեփական հայացքները և պաշտպանվեն ծածկոցով: Թող նրանք չցուցադրեն իրենց բարեմասնությունները, բացառությամբ նրանցից, որոնք երևում են և թող իրենց գեղեցկությունը չցուցադրեն ոչ ոքին բացի իրենց ամուսիններից կամ հայրերից կամ կեսրարներից կամ որդիներից կամ ամուսինների որդիներից կամ եղբայրներից կամ եղբորորդիներից կամ քրոջ որդիներից կամ աղախիններից կամ այն երեխաներից, ովքեր դեռ չեն ըմբռնում կնոջ մերկությունը: Եվ թող նրանք չսկսեն հարվածել իրենց ոտքերով՝ իմաց տալու համար այն զարդերի մասին, որոնք թաքցնում են: Օ՛ հավատացյալներ: Բոլորդ դիմե՛ք Ալլահին ապաշխարելու համար և գուցե կհասցնեք» (Ղուրան 24:31):
Իմամ Ահմադը և այլ հադիսագետներ փոխանցել են, որ Մուհամմադն ասել է «Եթե կինը իր հագուստը հանի ոչ իր ամուսնու տան մեջ, ապա հզոր և ամենակարող Ալլահը կխայտառակի նրան»: (Ալ-Ջամի աս-Սահիհ):
Կարգավորումը.
Քողը իսլամական աշխարհում կնոջ դիրքի առանցքային խորհրդանիշերից է: Բազմաթիվ այլ ժողովուրդներ քողարկել են իրենց կանանց, բայց արդի ժամանակներում այն պահպանվել է միայն իսլամական երկրներում, բացառությամբ քրդերի: Քող կրելու պարտադրանքը տարբեր երկրներում տարբեր է: Մի տեղ կինը կրում է մուսուլմանական հանրահայտ քողը՝ ծածկելով միայն դեմքն ու վարսերը՝ չընդգրկելով ողջ մարմինը: Մեկ այլ տեղ կրում է նաև երկար զգեստ, որ ծածկում է թևերն ու ոտքերը՝առանց շարժումները կաշկանդելու: Քողը կոչված է անտեսանելի դարձնել կնոջը դրսում:Ալլահն արձագանքեց Օմարին, որը կամեցավ և հրամայեց կանանց ծածկվել. «Նա՝ Օմարը, սրտանց փափագեց, որպեսզի բացվեն ալ-Հիջաբի տաղերը (մուսուլման կանանց քողի մասին): Եվ արդար Ալլահը հայտնեց ալ-Հիջաբի տաղերը»: Մուհամմադն իր կանանց արգելում էր առանց քողի դուրս ելնել,և այս օրինակը օրենքի ուժ ստացավ իսլամում:
Որոշ երկրների կառավարություններ խրախուսում և նույնիսկ պարտավորեցնում են կանանց հիջաբ կրելը, իսկ որոշներն արգելում են:
Հիջաբը պարտադիր է Սաուդյան Արաբիայում, Իրանում և Աֆղանստանում:
Սուդանի քրեական օրենսգիրքը թույլ է տալիս տուգանել բոլոր նրանց, ովքեր «խախտում են հասարակական բարոյականությունը կամ անպարկեշտ հագուստ են կրում», սակայն «անպարկեշտ» հագուստի կոնկրետ սահմանում չի տրվում:
Թուրքիայում, Թունիսում և Տաջիկստանում, ճիշտ է, բնակչության մեծամասնությունը մուսուլման է, սակայն այդ երկրների կառավարությունները արգելում են կանանց հիջաբ կրել պետական հաստատություններում, դպրոցներում և համալսարաններում: Առաջին երկիրը, որը պաշտոնապես արգելել է կանանց հիջաբ կրել, դարձավ Թուրքիան 1925 թվականին:
1963թ., երբ Սիրիայում և Իրաքում իշխանության գլուխ կանգնեց «Բաաս» կուսակցությունը, որը հենվում էր աշխարհիկ գաղափարախոսության վրա, արգելեց հիջաբ կրելը: Թունիսում 1981 թվականին արգելեցին կրել հիջաբը պետական հաստատություններում, իսկ 80-ականներին և 90-ականներին այլ սահմանափակումներ մտցրին: Թուրքիայում մի քանի անգամ փորձ է արվել հանել արգելքը հիջաբ կրելու համար: Առաջին անգամ նման քաղաքականություն է սկսել Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալը: Սակայն հասարակության ճնշման տակ նա հարկադրված եղավ կրկին վերադառնալ հիջաբի արգելմանը 1987 թվականին:
2008 թվականին նման փորձ է արել Ռեջեփ Էրդողանի կառավարությունը, սակայն սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց արգելքը:
2004 թվականին Ֆրանսիան մի օրենք է ընդունել, որը արգելում էր ուսումնական հաստատություններում կրել այնպիսի խորհրդանշաններ կամ հագուստ, որոնք բացահայտորեն ցուցադրում են կրոնական պատկանելությունը:
Աղբյուրները՝ Коран. Перевод И. Ю. Крачковского
Аль-Бухари, Ас-Сахих
Ислам. Энциклопедический словарь
Hutchinson Encyclopedia
Թարգմանեցին՝ Ն. Գաբրիելյանը, Հ. Լոքյանը և Գ. Հակոբյանը



