Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցը դարձել է առաջնային քննարկման առարկա լրատվամիջոցներում, քաղաքական գործիչների մոտ։ Բնական է, թեման կարևոր է, բայց քննարկումները՝ շատ դեպքերում ոչ ազնիվ ու սրտացավ։ Այդ անազնվության շարքից է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը։ Քաղաքական գործիչը խոստովանում է, որ չտիրապետելով խնդրո առարկային առնչվող տեղեկատվությանը, չի կարելի որևէ հիմնավոր կամ քիչ թե շատ համոզիչ կարծիք արտահայտել։ Համաձայն ենք, սակայն, այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է կարծիք հայտնել՝ չդիմանալով գայթակղությանը։
Բայց Լ. Տ.-Պ.-ի իրական ասելիքը ոչ թե Հայաստանի եվրասիական ինտեգրման կամ արցախյան թեման է, այլ հերթական անգամ ԲՀԿ-ին ինչ-որ բան «լսցնելը»։ Իսկ ի՞նչ է ուզում «լսցնել» Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին: Փոխանակ ազնվություն ունենալու ասելու, տղե՛րք, առանց ձեզ ես ու իմ թիմը արդեն ոչ թե քաղաքական դաշտի լուսանցքում ենք, այլ քաղաքական դիահրկիզարանում, դիմում է մուտիլովկաների, որոնք այսօր այնքան հնացած ոճի են, որ տխուր մուղամ են հիշեցնում:
Ի դեպ, մուղամի բացակայություն այս անգամ էլ չկար հարցազրույցում, հեղինակի անունը չնկատածին հարցազրույցի ամբողջ առաջին հատվածը կթվա ադրբեջանական մամուլի հայերեն թարգմանություն: Չեմ հասկանում, որքան մարդ ուզում է հարգանք ունենա իր երկրի նախկին նախագահի հանդեպ, այնքան վերջինս ամեն ինչ անում է, որ ուղիղ հակառակը լինի:
Հրապարակում են, որ սահմանային անցակետի հարց չկա, Տեր-Պետրոսյանը դրանից միայն վատ է զգում ու տեղեկություն չունեցողի իր պնդմանը հակառակ հայտարարում, թե ուրեմն կա, ու դա է հարցը: Հայտարարում են, որ սահմանադրական բարեփոխումներով զբաղվում են միայն հանձնաժողովի մասնագետները, իշխանությունները դրան կանդրադառնան միայն հայեցակարգը մշակելուց հետո, պատճառ է բռնում, թե հարցերը թողած իշխանությունը ինչով է զբաղված: Եվ այլն, և այլն: Ծիծաղելի ու անհեթեթ:
Ափսոս, որ երիտասարդներն են նաև հետևում այս ողջ ծերունական մառազմին, հիմա նրանց կրկնակի ու եռակի եռանդով հարկ կլինի համոզել, որ երկրի պաշտոնաթող նախագահը արժեք է, որ պետք է հարգել: Շատ ափսոս: