BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր |
Հավանաբար արդեն տեղեկացել եք, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը դատի է տվել BlogNews.am-ին: Մինչև խոսելն այն մասին, թե որքանով եմ կիսում BlogNews-ում հայտնված խնդրո առարկա հոդվածի վերաբերյալ Լիլիթի կարծիքը, պետք է նշեմ, որ ողջունում եմ հայտնի մարդկանց և լրատվական կայքերի հարաբերությունները օրենքի, այլ ոչ անձնական դաշտում պարզելու փորձերը, և իմ հրապարակային ելույթներում մեկ անգամ չէ, որ առաջարկել եմ մեր հայտնիներին դատարան դիմելը դարձնել պրակտիկա ու չխուսափել դրանից: Բայցևայնպես կարծում եմ նաև, որ դատարան դիմելը պետք է լինի արդարացված և միտված չլինի ծառայելու այլ նպատակների:
Հիմա բուն խնդրի վերաբերյալ իմ դիտարկումները՝
- Որպես իր՝ դատարան դիմելու առաջին փաստարկ Լիլիթն ասում է, որ մենք հրաժարվել եք նյութը հեռացնել և իրենից ներողություն խնդրել: Քանի որ ակնհայտ է, որ ինձ ուղղված տեքստը գրել են նրա իրավաբանները, ապա այդ նույն իրավաբանները նրան պետք է հուշեին նաև, որ նյութը տպագրվելուց հետո նա ուներ երկու իրավական լուծում՝ պահանջել հերքում կամ դրա փոխարեն պատասխան: Ներողություն խնդրել ԶԼՄ-ին կարող է պարտավորեցնել միայն դատարանը: Ուստի իրավաչափ չէ և ոչ էլ ազնիվ օրենքով իրեն վերապահված գործիքակազմը չօգտագործել և փոխարենը պահանջել բաներ, որոնք նախատեսված չեն օրենքով: Ի դեպ, պատասխան տպագրելու հնարավորություն ես Լիլիթին տվել եմ, բայց երգչուհին հրաժարվել է դրանից՝ միայն իրեն հայտնի պատճառներով:
-Լիլիթը պահանջում է հեռացնել նյութը: Հավանաբար երգչուհին չգիտի, որ պատասխանատվության նման եղանակ նախատեսված չէ օրենսդրությամբ: Անգամ դատարանը չի կարող պարտավորեցնել լրատվամիջոցին նյութը հեռացնել: Պատասխանատվության հնարավոր տեսակներ են ներողություն խնդրելը կամ տուգանք վճարելը՝ օրենքով նախատեսված չափով:
-Հավանաբար Լիլիթը շատ զգայուն է և կարող է վիրավորվել անգամ այն տեքստից, որը ոչ մի վիրավորական բառ չի պարունակում: Նույն տրամաբանությամբ նա կարող է նաև դատի տալ բոլոր նրանց, ովքեր կասեն նրան, որ նրա մազերի գույնն իրենց դուր չի գալիս, կամ, որ նրա կիսաշրջազգեստը չափազանց կարճ է, կամ որ նա անտանելի ռաբիզ երգչուհի է տհաճ կլկլոցներով ու արաբական մելիզմներով: Իսկ եթե խնդիրը տեղափոխենք իրավական հարթություն, ապա պետք է նշեմ, որ անգամ Եվրոպական դատարանը կարծիքն արտահայտելու ազատության բաղադրիչ է համարում գնահատողական դատողությունները, օրինակ՝ «աստղ», «վատ երգիչ»: Սա մարդու կարծիք է, որն իրավունք ունի գոյություն ունենալ: ժողովրդավարական հասարակարգում անհրաժեշտ է բազմակարծությունը, որտեղ շատերի համար «արմենիան գրլի» իդելական կերպարը Լիլիթը չէ: Եվ որքան էլ զարմանալի թվա դա Լիլիթի համար, սա նույնպես վիրավորանք չէ, այլ՝ կարծիք, գնահատական:
Իսկ եթե խնդիրը դիտարկենք իրավական հարթությունից դուրս ու իրերը փորձենք կոչել իրենց անուններով, ապա դժվար չէ նկատել, որ այս դատն ընդդեմ Հայաստանի ամենաքննարկվող և ամենասկանդալային լրատվամիջի ընդամենը լավ հնարավորություն է երգչուհու համար փիառվելու: Վստահ եմ, որ Լիլիթի իրավաբանները նրան հուշել են, որ սա խիստ վիճելի դեպք է և նրա հասցեին գրվածն ավելի շատ կարծիք է, քան վիրավորանք: Ու եթե անգամ սա հաշվի առնելով Լիլիթը դիմում է դատարան ու քննարկում ծավալում այս մասին, ապա ինձ թույլ եմ տալիս եզրակացնել, որ երգչուհու համար կոնկրետ դեպքում առաջնային է PR-ը և ոչ փաստը, որ նա խորը վիրավորվել է:
Հավանաբար շատերիդ հետաքրքրեց, թե որ գրառման համար է Լիլիթը մեզ դատի տվել: Գրառումը ներկայացնում եմ ստորև: Կարող եք կարդալ և ասել՝ տեսա՞ք այստեղ վիրավորանք, թե ոչ:
«Մեր հայազգի «աստղ» կոչեցյալ Լիլիթ Ձիոռ Հովհաննիսյանը ու Արամեն մայիսի 31-ին համերգ են ունեցել Վլադիվաստոկում: Համերգի վերջում հայկական համայնքի ներկայացուցիչները նրանց առաջարկել են այցելել 1906 թվականին հիմնադրված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը նաև համարվում է այնտեղի հայ համայնքի միակ «տաքուկ անկյունը», որտեղ հայերն իրենց իսկականից հայ են զգում. ի պատասխան էս մեծամիտները ասել են. «Չէ… մենք արդեն հոգնած ենք, գնանք հյուրանոց հանգստանալու»` իսկականից նեղացնելով հայրենիքից այդքան հեռու մեր հայրենակիցներին: Ավելին ասեմ` վերոնշյալներն իրենց շատ տարօրինակ ու մեծամիտ են պահել նաև Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող ինքնաթիռի մեջ: Մասնավորապես` սույն ալամեզոնները իրենց էլիտա համարելով ու մտածելով, թե ուղևորները իրենց «կուտեն» ինքնաթիռի մեջ, ողջ ընթացքում եղել են սև ակնոցներով ու գլխարկներով ու թողել են գժերի տպավորություն. իբր մարդիկ իրանց չճանաչեն: Լիլիթ ու Արամե ջան, մի մոռացեք, որ փոքր երկիր է, ու ձեր արած բոլոր անշնորհքությունները բերնեբերան արագ տարածվում են ու նստվածք թողնում»:
Անկախ Հայաստան
Հ.Գ. Ամեն դեպքում վիճակը նետված է, և ուզում եմ մեր ընթերցողներին ու խնդրով մտահոգ բոլոր անձանց տեղեկացնել, որ գլուխներս բարձր ու ճակատներս պարզ կանցնենք դատական գործընթացի միջով: