Galatv.am-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանի մահվան վերաբերյալ որոշակի մանրամասներ են ի հայտ գալիս:
Ըստ որոշ տեղեկությունների՝ նրա ծառայակից Արմեն Սարգսյանի /ձերբակալված է/ եւ Գեւորգ Ավագյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել:
Հարազատներին ու համագյուղացիներին հասած տեղեկություններով՝ պատճառն այն է եղել, որ սպանված զինծառայողի ծառայակիցը դիրքերում՝ հերթապահության ժամանակ քնել է, իսկ Գեւորգն արթնացրել է նրան, հետո դիտողություն արել, որ դիրքերում չեն քնում:
«Ես էլ լսեցի, որ խոսում են, թե իբր պատճառը դա է եղել, որ քնած ա եղել, բայց դեռ ոչ ոք ոչինչ էլ չգիտի: Քննությունը սաղ կպարզի: Մենք հիմա մորգում ենք, երեխուն դեռ դիահերձում են, դեռ չեն վերջացրել, ասացին, որ մի երեք ժամից նոր կարող ենք գնալ գյուղ: Ստեղ լիքն են, կլինեն մի 20-30 իրավապահ, քննիչներ են հավաքվել, հուսանք, որ իրականությունը կկարողանան պարզել»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Ավագյանը Աշտարակի Ոսկեվազ համայնքից էր: Ապրում էր ծնողների եւ փոքր եղբոր հետ:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե Գեւորգ Ավագյանի հարազատները ի՞նչ կարծիքի են, նրանք կասկածվող անձի հե՞տ են կապում հանցագործությունը եւ հավատու՞մ են առաջ քաշած վարկածին, թե այլ կասկածներ էլ ունեն, գյուղապետը պատասխանեց.
«Հավատում են, չէ, ընդհանուր առամամբ իրենք էլ կարծում են, որ հենց կասկածվողն ա արել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



