Lragir.am-ը գրում է.
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ընդառաջ արդեն արտադրողների կողմից տեղեկություններ կան, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի որոշ տեսակներ կթանկանան: Արդեն թանկացումների մասին մարզերում և Երևանում բարձրաձայնում են հաց արտադրողները: Օրերս հացի թանկացման մասին տեղեկություն էին տարածել Սյունիքի մարզի հարցարտադրողները, ինչին ի պատասխան Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իր Ֆեյսբուքի էջում սպառնացել էր պատժել թանկացումների հեղինակներին և որպես պատիժ՝ նոր հացի արտադրամաս բացել մարզում:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը չի մեղադրում թանկացումների մասին բարձրաձայնող գործարարներին: «Այն, որ գործատուների ռեսուրսները պակասում են, դա ակնհայտ է: Այսօրվա ցածր արտադրողականության, փոքր շուկայի պայմաններում գործատուները չեն կարողանում իրենց բիզնեսները նորմալ կառավարել: Էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում, բնականաբար, եթե հնարավորություն կա գին վերանայելու, կվերանայեն»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը:
Նա նշում է, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի թնակացմանը ցուգահեռ առաջին հերթին կթանկանան այն ապրանքատեսակները, որոնք մեծ պահանջարկ ունեն, և դրանց արտադրությունը կապված է էլեկտրաէներգիայի հետ: Ըստ Մակարյանի՝ հացի թանկացման խնդիրը պարբերաբար առաջացել է, սակայն հացարտադրողներն ասում են, որ հաճախ չեն գնացել թանկացման՝ սոցիալական լարվածություն չառաջացնելու համար:
«Բայց դե ինչքան կարող են դիմանալ: Եթե պետությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանգիստ վերցնում ու թանկացնում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ առանց հաշվի առնելու հետևանքները, ինչո՞ւ պիտի գործատուն չանի, ինչո՞ւ պետք է մենք նման դեպքերում գործատուին մեղադրենք: Եթե իրենք չթանկացնեն, կամ պետք է փակվեն, կամ կրճատեն աշխատողներին»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Նրա կանխատեսումներով՝ թանկացում կգրանcվի և արտադրությունների, և ծառայությունների ոլորտում: Ենթադրվում է, որ կթանկանա հացամթերքը, պահածոները, կաթնամթերքը, մսամթերքը: Ծառայությունների ոլորտում հյուրանոցներում ու ռեստորաններում նույնպես Գագիկ Մակարյանը չի բացառում թանկացումներ: Եթե ծառայությունների ոլորտի թանկացումները մարդիկ կարող են շատ չզգալ իրենց գրպանի վրա, քանի որ ամեն օր չեն օգտվում այդ ծառայություններից, ապա սննդամթերքի թանկացումը, Մակարյանի խոսքով, զգալի կլինի բնակչության համար:
Գործատուների միությունը հաշվարկ է արել՝ սակագնի թանկացման դեպքում էլեկտրաէներգիայի միջոցով արտադրվող սննդամթերքի ոլորտում գնաճը կկազմի 7-8 տոկոս: Հյուրանոցներում 4-5 տոկոս կլինի ծառայությունների թանկացումը, իսկ ռեստորաններում՝ մոտ 10 տոկոս:



