2003 թվականն էր, և Իրաքի պատերազմը նոր էր սկսվել: Ջերեմի Հոլը ամերիկյան գաղտնի բանակի հատուկ նշանակության ուժերի անդամ էր: Հոլի զորագունդը կոչվում էր «The Activity»: Այդ պահին նա Բաղդադի կենտրոնում գտնվող մի բունկերում էր: Հոլը վերհիշում է. «Մենք մի թիմ ունեինք, որը պատրաստվում էր մի վայր գնալ և մեծ կարևորության թիրախ գրավել, սակայն մենք սարքավորումների հետ կապված խնդիրներ ունեինք: Մարդիկ սկսեցին հարցնել. «Այս համակարգողները ճի՞շտ են»»:

war

Հենց այդ պահին ամեն ինչ ավելի վատացավ: Մի մարդ ընկավ, հետո մյուսը: Մեր բազան պատվում էր ականերով: Երբ թվում էր, թե ավելի վատ այլևս չի կարող լինել, Հոլի գործընկերներից մեկը միգրենի նոպա ունեցավ, և Հոլը ստիպված էր ստանձնել նրա պարտականությունները: Հոլի աշխատանքն էր համակարգել արբանյակների տվյալները և բջջային հեռախոսների ընդհատված ազդանշանները:

«Ես գիտակցեցի, որ չեմ կարող վերահսկել իմ ունեցած ռեսուրսները, սակայն կարող եմ վերահսկել իմ ռեակցիան այս ամենին, քանի որ այս մարդիկ իրենց հույսն ինձ վրա են դրել: Ես ինքս ինձ ասացի, որ քարի պես տոկուն եմ լինելու»:

Նրա թիմից էին կախված հատուկ նշանակության զորքերի մի շարք հրամանատարներ: Հոլը գիտեր, որ ոչ մի լուծում չկար, բացի իրավիճակը հօգուտ իրենց օգտագործելուց: Հոլն ասել է. «Մենք պարզապես աննկուն մնացինք ու կենտրոնացած շարունակեցինք մեր աշխատանքը: Մենք հանդարտ մնալու որոշում կայացրինք»:

Ի վերջո թիմը օպերացիան իրականացրեց առանց ավելորդ վնասների: Հոլը նշել է. «Հեշտ կլիներ ասել, որ մենք չունենք մեզ անհրաժեշտ սարքավորումները, սակայն փոխարենը ես ինքս ինձ հարցրի, թե ինչ գործուն քայլեր կարող եմ ձեռնարկել մեր նպատակին հասնելու համար»:

Ինչո՞ւ է կարևոր հոգեբանական տոկունությունը

Եթե նույնիսկ Դուք այնքան բախտավոր եք եղել, որ երբեք չեք հայտնվել այնպիսի սթրեսային իրավիճակներում, որում Հոլն էր հայտնվել, Դուք կհայտնվեք այնպիսի իրավիճակներում, որոնցում հոգեկան տոկունություն դրսևորելու անհրաժեշտություն կլինի: Դա կյանքի մի մասն է:   

Կյանքը լի է սթրեսային իրավիճակներով: Մեզնից հաճախ հոգեկան տոկունություն է պահանջվում, սակայն մենք չգիտենք՝ ինչպես մեզ պինդ պահել: Այս հոդվածում մենք ցանկանում ենք կիսվել 4 վարժություններով, որոնք ներշնչված են խիզախ մարդկանց պատմություններից, ովքեր դիմակայել են պատերազմի դժվարություններին: Դրանք կարող են ցանկացած մարդու օգնել ամրապնդել հոգեկան տոկունությունը:  

4 վարժություն հոգեկան տոկությունն ամրապնդելու համար

Դուք գուցե մինչ այժմ էլ չեք հասկացել, թե ինչ է հոգեկան տոկունությունը և ցանկանում եք պարզել դա: Հոգեկան տոկունության կարևոր բաղկացուցիչներից են վերաբերմունքը և ինքնասիրությունը: Սա ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին զինծառայող Ստյուարթ Սմիթի տեսակետն է: Նա գրել է.

«Իմ անձնական համոզմունքն այն է, որ ֆիզիկական լուրջ մարզման, պատշաճ մտածելակերպի և հասունության բարձր մակարդակի շնորհիվ է ծնվում հոգեկան տոկունությունը»:

Այլ կերպ ասած՝ հոգեկան տոկունությունը մի շարք գործոնների միասնությունից է սկիզբ առնում, ոչ թե միայն մի գործոնից: Այստեղ ներկայացված են 4 ռազմավարություններ, որոնք կարող են օգնել Ձեզ հասնել այդ տոկունությանը:

1. Փորձեք ինքնուրույն զարգացնել Ձեր ինքնավստահությունը

barbed

Ջոն Փոլսոնն ընդամենը 19 տարեկան էր, երբ զորակոչվեց ԱՄՆ-ի ռազմածովային հետևազոր: 1964-1965 թթ. ընկած ժամանակահատվածում նա 6 ամիս մարզվում էր Սան Դիեգոյում: Փոլսոնն ասում է, որ մարզումները շատ խիստ էին: «Ստիպված ես լինում կրկին ու կրկին փորձել միևնույն բանը այնքան ժամանակ, մինչև կարողանում ես հմտորեն անել դա, իսկ երբ լավ ես անում ինչ-որ բան, դա քեզ ինքնավստահություն է հաղորդում»:

Այդ մարզումները Փոլսոնին մեծ ինքնավստահություն հաղորդեցին, որը նրան պետք էր գալու մի քանի ամիս անց՝ 1965 թ.-ի հուլիսին: Այդ ժամանակ նրան ուղարկեցին Հարավային Վիետնամ: Նա պատասխանանտու էր 40 հոգուց բաղկացած դասակի համար, թեպետ այդ ժամանակ նա ընդամենը 22 տարեկան էր: Փոլսոնն ասում է. «Ռազմածովային ուժերում համար առաջին նպատակը առաքելությունն իրագործելն է, իսկ երկրորդը՝ դասակի զինվորներին պաշտպանելը: Այսպիսով, առաքելությունը զինվորների ապահովությունից ավելի կարևոր է: Իբրև դասակի առաջնորդ՝ դու գիտես, որ ստիպված ես զինվորներին կրակի բերան ուղարկել, սակայն դու ստիպված ես անել դա ավելի կարևոր առաքելությունն իրականացնելու համար: Այսպիսի որոշումներ կայացնելիս դու պարտավոր ես պահպանել վստահությունդ: Անգամ եթե դու ընդամենը 4 հոգու ես առաջնորդում, դու պետք է վստահություն ունենաս»:

Ռազմածովային ուժերում գործող այս սկզբունքը (տքնաջան մարզումներ՝ միտված վստահության աճին) կարող է կիրառվել նաև հասարակ քաղաքացիների կողմից:

Վարժություն

Փոլսոնը իր ինքնավստահությունը զարգացրել է Ամերիկայի ռազմածովային ուժերում, սակայն Դուք ևս կարող եք զարգացնել Ձեր ինքնավստահությունը: Ինքնավստահության զարգացումը սկիզբ է առնում կայուն ու նպատակաուղղված պրակտիկայից:  «Ուժեղ մտքի գաղտնիքները» գրքի հեղինակ Քվայը առաջարկում է մի ռազմավարություն, որի միջոցով կարելի է բարձրացնել ինքնավստահությունը՝ հաղթահարելով փոքրիկ ձախողումները: Նպատակն է օգնել Ձեզ ավելի վստահ դառնալ ավելի մեծ մարտահրավերներ դիմագրավելիս: Նա խորհուրդ է տալիս.

«Ձեր կյանքում թող լինի մի բնագավառ, որում Դուք դեռևս հաջողակ չեք: Սովորեք երաժշտական գործիք նվագել կամ նոր լեզու ուսումնասիրեք կամ նոր մարզաձևով զբաղվեք: Ինքներդ Ձեզ ամեն օր մարտահրավեր նետելով այնպիսի մի ոլորտում, որին լիովին չեք տիրապետում, Դուք ավելի մեծ վստահություն եք ձեռք բերում Ձեր կարողությունների նկատմամբ և ավելի մեծ ձախողումների ժամանակ խուսափում ավելի մեծ ընկճվածությունից»:

2. Կարևորեք Ձեր պատասխանատվության զգացումը

My Grandfather’s “Diploma” from completing 35 bombing missions as part of the 390th Bomb Group during WWII

Սա իմ պապի «դիպլոմն» է, որը նա ստացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ իբրև 390-րդ ռմբային խմբի անդամ 35 ռմբային առաքելություն իրականացնելու համար:

Հաճախ հոգեկան տոկունության ամենապարզ դրսևորումն է ասել ինքդ քեզ. «Սա իմ աշխատանքն է»:  

Իմ պապիկը Երկրորդ հանաշխարհային պատերազմի տարիներին B-17-ի օդաչու էր: Նա ռմբակոծություն կատարելու առաքելություն կատարող զինվորականներին փոխադրում էր Անգլիայից Գերմանիա: 1945 թ.-ի մայիսին պապս Նյուրեմբերգում ռմբային առաքելություն էր կատարում, երբ գերմանացի մարտիկները հարձակվեցին նրանց վրա:  

Պատերազմից հետո իմ պապիկը մառախլապատ Գրինլենդում գտնվող ռազմաբազայում փրկարար-օդաչու էր: Մի օր երկու ինքնաթիռ թռիչք էին կատարում, իսկ մառախուղն այնքան խիտ էր, որ հնարավոր չէր անգամ շրջակա լեռները տեսնել: Ինքնաթիռները սպառազինված չէին անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և չէին կարող վայրէջք կատարել առանց կողմնակի աջակցության:   

Ռազմաբազայի հրամանատարները նշեցին, որ իրենք կարող են ընկնել սառցե գլխարկի վրա: Պապս ու նրա անձնակազմը կամավոր ստանձնեցին թռիչք կատարելու և երկու ինքնաթիռներին վայրէջք կատարել օգնելու պատրաստակամությունը: Պապիկս մեծ դեր խաղաց երկու ինքնաթիռների օդաչուներին ու ուղևորներին փրկելու գործում և անգամ շքանշան ստացավ դրա համար: Ես հայրիկիս հարցրի, թե ինչու պապիկս կամավոր ստանձնեց այդ երկու ինքնաթիռների մարդկանց օգնելու պարտականությունը, իսկ հայրիկս ասաց, որ պատասխանատվության զգացումն է նրան դրդել դրան: Դա նրա աշխատանքն էր:

Վարժություն

«Աշխատանքի նկարագրություն» գրեք այն բոլոր դերերի համար, որոնք ստանձնում եք Ձեր կյանքում: Օրինակ՝ Դուք որպես հայր, ամուսին, ուսուցիչ և այլն: Այս նկարագրությունները այնպիսի տեղ դրեք, որտեղ հաճախ կտեսնեք դրանք կամ պահեք դրանք նոթբուքի մեջ և ամեն շաբաթ աչքի անցկացրեք: Երբ Ձեր կյանքում դժվարին ժամանակներ են սկսվում, և Դուք հոգնած կամ զայրացած եք, հիշեք, որ Ձեր պարտականությունն է կատարել Ձեր աշխատանքը: Դուք համաձայնել եք կատարել այն, իսկ մարդ պետք է իր խոսքի տերը լինի: Ձեր շրջապատի մարդիկ, սիրելիներն ու մտերիմները ցանկանում են, որ Դուք ուժեղ մնաք, երբ նրանց կյանքում ինչ-որ բան այն չէ և օգնեք նրանց»:

Հեղինակ՝ Ջոն Կորկորան

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել