Մի քանի բառ էլ ինտերնետում ինչ֊որ ակտիվ շրջանառության մեջ մտած լուրի վերաբերյալ, թե ռուսները զորքը հանում են և հարաբերակցությունը փոխվել է 50-50-ից 80-20-ի՝ Հայերի գերակշռությամբ:
Չասեմ, որ ամիսներ առաջ, էն նույն մարդիկ, ովքեր հիմա վայ-վայ են կապել, թե բա ոնց եղավ, ռուսը զորքը հանում է, բա սենց, բա նենց, իրենք էին կոչ անում, որ պետք ա պահանջել էդ զորքը ընդհանրապես հանել ու մենակ հայեր պիտի կանգնեն էդ սահմանին: Իմաստ էլ չկա դա քննարկել, քանի որ ով աչք ունի, նա տեսնում է էդ ամենը և հասկանում մարդկանց բուն նպատակը:
Մի այլ հանգամանքի վրա ուղղակի կցանկանայի կանգ առնել: Անգամ եթե 80-20 կոչվածը լիներ գերակայությամբ ռուս զինվորականների, դա չի, որ կանգնեցնում է Թուրքիայի հավանական առաջխաղացումը՝ գործող անօրինական սահմանին (անօրինական բառը շեշտում եմ, քանի որ Թուրքիան օկուպացրել է Հայաստանի տարածքները և գործող սահմանը՝ հայ-թուրքական իրական սահմանը չէ): Մարդիկ, ովքեր բացի վայ-վայ կապելուց, մի քիչ, շատ քիչ տեղյակ են իրերի դրությունից, գիտեն, զորքերի թվաքանակների տարբերությունները սահմանին: Բոլոր գործից մի քիչ հասկացողները, նաև նրանք, ովքեր ինֆորմացիան տարածում եմ ինտենսիվ, իրենք էլ առիթից առիթ պնդում են, որ հայ-թուրքական էս սահմանին պատերազմի հավանականությունը կանխողը էնտեղ տեղակայված ռուսական զորքի ոչ թե թիվն է, այլ առավելապես այլ հանգամանքներ, ինչու չէ, նաև ռուսական զորամիավորման շրջակայքում կանգնեցված դրոշը: Շատերը գիտեն, որ զորամասում, ռուսական ներկայությունը գերազանցապես սպաներն են, իսկ զինվորների մեծ մասը եղել են ու էլի կան հայերը:
Ասելս ի՞նչ է, է հայ-ռուսական ստորաբաժանման ռուսների զորք հանելու թեման, ամենասովորական տեղեկատվական քարոզչական մեխանիզմի մի էջն է ընդամենը: Չեմ ցանկանում ավելի մանրանալ, ուղղակի էս խառը ժամանակներում, երբ առանց էդ էլ խառնվել է ու մարդ նորմալ գլուխ չի հանում՝ ով ում բարեկամն է, մի քիչ ավելի զուսպ եղեք էմոցիոնալ ղալմաղալների մեխանիզմով ինչ֊ինչ հարցեր լուծելուց: Հիմա ավելի քան զուսպ ու հավասարակշռված լինել է պետք մեզ դատողություններում: Իսկ գործողություններում՝ վստահ և տղամարդավարի: