-Անկողինս, վերնաշապիկս, պատերը,-քթի տակ մրմնջում էր Էմիլը:
-Այդ ի՞նչ ես հաշվում,-հարցրի ես:
-Այն ինչ ունեմ:
-Սխալվում ես:
-Ինչու՞,-իմ պատասխանից զարմացած հարցրեց նա:
-Որովհետև այն ինչ դու թվարկեցիր, պատկանում է հիվանդանոցին:
-Ստացվում է ես ոչինչ չունեմ:
-Նման մի բան:
-Շատ խելացի ես այստեղ գտնվելու համար: Ինչու՞ ես այստեղ:
-Ասում են շատ եմ սիրել...Իսկ դու՞:
-Բավական ագրեսիվ եմ:

Բավականը այդ խոսքը չէր: Էմիլը հենց դրա համար էր այստեղ: Չորս տարի էր ինչ անցկացնում էինք այստեղ մեր օրերը, բայց առաջին օրն էր, երբ զրուցում էի նրա հետ: Անկրկնելի էր Էմիլը: Կարծես երկնքից էր իջել: Ժանգագույն մազերն ու մոխրագույն աչքերը, թույլ չէին տալիս աչքս կտրել նրանից այսքան տարի: Եվ նա միակ բանն էր, այս գրողի տարած հոգեբուժարանում, որ ինձ մի քիչ դիմանալու հույս էր տալիս: Ժամերով կարող էի նստել և առանց աչքս թարթելու հետևել նրան: Էմիլի ագրեսիվ նոպաները հաճախակի բնույթ էին կրում, բայց դա չէր խանգարում ինձ հիանալ նրա հրեշտակային կերպարով: Բայց երջանկությունս կարճ տևեց: Մեր զրույցը ընդհատվեց մեր մշտական դեղերի ժամը հիշեցնող զանգով:
-Պետք է գնալ,-տխուր ասաց նա:
-Այո...
-Ծաղիկներ սիրու՞մ ես:
-Իսկ դու՞:
-Ինչի տղաները պետք է ծաղիկնե՞ր սիրեն:
-Բոլորն են ծաղիկներ սիրում:
-Դե որ այդպես է, ես երիցուկներ եմ սիրում:
-Ես էլ: Բայց քո սիրած երիցուկներից:
-Ասում եմ էլի շատ խելացի ես:
-Անունս Էլիզ է:
-Գիտեմ:

Մի քանի հաճելի վայրկյաններ, որոնցից հետո նույնիսկ դեղերն էին հաճելի թվում: Էմիլն իմ անունը գիտեր: Տեսնես որտեղից: 
Մոտենում էր խմբակային զրույցի ժամը: Բուժքույրը հավաքում էր բոլորիս և հետաքրքրվում, թե ինչ ենք արել շաբաթվա ընթացքում և նմանատիպ այլ հարցեր: Էմիլն էր էլ այնտեղ:
-Դե այսօր կսկսենք Էմիլից: Էմիլ ինչ-որ հետաքրքիր դեպք քեզ հետ տեղի ունեցել է,-հարցրեց բուժքույրը:
-Ես սպասում էի, իսկ նա չեկավ,-գլուխը կախ պատասխանեց նա:
-Ու՞մ Էմիլ:
-Իսկ գիտե՞ք ինչ է սպասելը: Օրինակ, մեր փոքրիկ այգում դա շատ դժվար գործ է: Ես գիտեի, որ նա սպիտակ է հագնելու, իսկ բոլորը մեր այգում սպիտակ են հագնված և ամեն մի սպիտակ հագնված մարդ անցնելիս, իմ սիրտը սկսում էր արագ բաբախել: Բայց նա չեկավ:
-Ցավում եմ, որ նա չի եկել:
-Նա չգիտեր, որ ես սպասում էի:
-Լավ Էմիլ: Թող մեկ ուրիշը սկսի...

Էմիլի տարօրինակությունները սովորական էին բոլորիս համար: Բայց, երբ բուժքույրը բոլորիս ուղղեկցում էր քնելու, նա հանկարծ բռենց իմ ձեռքը:
-Ես քեզ իմ սիրած երիցուկներից մի օր կբերեմ...

Ի պատասխան, ես նրան միայն ժպտացի:
Հաջորդ առավոտ նա էլի նստած էր այգում: Կարծես էլի սպասում էր: Այս անգամ ես առաջինը մոտեցա և լուռ նստեցի նրա կողքին:
-Գիտես որ աստղերը գույն չունեն: Նրանք միայն երկնքում բացված անցքեր են՝ ճանապարհներ, որոնք տանում են դեպի հավերժություն: Մի օր միասին կգնանք չէ՞:
-Իհարկե...

Ու ես կգնայի նրա հետ, թեկուզ և աստղերից այն կողմ:

Ճաշի ժամին նա չկար: Մտածում էի երևի նրան տարել են այլ բուժման կուրսերի: Սակայն ճաշը խանգարվեց հենց նրա ձայներից: Նա իմ անունն էր գոռում: Արագ վազեցի մեր միջանց: Էմիլը՝ ձեռքին մի մեծ փունջ երիցուկներ, խենթորեն պարում էր: 
-Էլիզ քեզ համար եմ բերել,-բղավում էր նա:

Կարճ տևեց ուրախությունս: Բժիշկները կոպտորեն բռնեցին նրա թևերից և համարյա թե քարշ տալով տարան: Երիցուկներիս թերթիկները ողողեցին ամբողջ միջանցքը: Իսկ Էմիլի ձայները գնալով խլացան:
Հաջորդ առավոտ Էմիլին բերեցին սենյակ: Ես նրան սպասում էի, որպեսզի հայտնեի շնորհակալությունս երիցուկների համար: Բայց նախկին Էմիլը չվերադաձավ: Նրա փոխհարեն բերել էին մի անշարժ մարմին, ով աչքերը հազիվ էր բացում: 
-Գիտես ես երիցուկներ չեմ սիրում, ես քո սիրած երիցուկներն եմ սիրում,-կիսաձայն ասացի ես:
-Գիտեմ, ես գիտեմ:
-Մի խոսիր...
-Գիտես, այն օրը ես քեզ էի սպասում...
-Ափսոս...
-Անկողինս, վերնաշապիկս, պատերը...
-Էմիլ դու ինձ ունես: Միայն ինձ: Եվ ես քեզ հետ կգամ նույնիսկ աստղերի այն կողմ, քո սիրած երիցուկներով:
-Գիտեմ...

Այդ օրվանից Էմիլը դադարեց ապրել: Չէ չմահացավ, պարզապես էլ չապրեց: Կես տարուց ես դուրս գրվեցի: Իսկ Էմիլը իր կյանքի վերջին օրերը անցկացրեց այնտեղ: Նա ոչինի չէր հիշում, նույնիսկ ինձ: Բայց դա չէր խանգարում ամեն անգամ նրան տեսակցելիս երիցուկներ տանել. իր սիրած երիցուկներից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել