Հայկական "քաղաքագիտական վերլուծությունները" այնքան միապաղաղ են, այնքան ոչ պրոֆեսիոնալ, որ ուղղակի կարդալդ ու լսելդ չի գալիս: Ուզում ես վերլուծություն լսես, կարծիք, տեսակետ, հանդիպում ես նույն դեմքերին, ովքեր այնպիսի բաներ են ասում, որ դրա համար պետք չի քաղաքագետ լինել ամենևին ու, ընդհանրապես, լրագրողներն էլ զարմանալիորեն կարևորում են դրանց կարծիքներն ու "վերլուծությունները", որոնք իրենց մոտ ավելի լավ է ստացվում, միկրոֆոններով այնպես են բարձրացնում են այդ "վերլուծաբանների" ինքնագնահատականը, որ սրանք ոգևորված, երբեմն, ցիտում են իրենց իմացած միակ քաղաքագետին՝ Բժեզինսկուն: Քաղաքագիտական միտքը պիտի ոչ միայն մի երկու ինֆորմացիայի սինթեզ լինի, այլ հասարակական-քաղաքական հարաբերությունների մոդելավորման պոտենցիալ ունենա նույնիսկ: Թե չէ, կարդում ես "վերլուծություններ". "իշխանությունը չի ցանկանում քառյակի հետ համագործակցել", "ընդդիմությունը մինչև աշուն ժամանակ է տվել", "Ռուսաստանն անտեսում է Հայաստանի շահերը", "ընդդիմությունն ու իշխանությունը տարբեր բաներից են խոսում", "ԵՄ-ը մրցակցում է Ռուսաստանի հետ", "Կովկասում պայքար է նավթի համար", "ոչինչ էլ չի փոխվի" և այլն, ու չկա խորքային վերլուծություն, ուղղակի փաստական արձանագրային կարծիքներ, որոնք կարող են արտահայտել յուրաքանչյուրը: Բայց քաղաքագետը կամ քաղաքական վերլուծաբանը պետք է հասկանա քաղաքական գործընթացի էությունը, դրա դրսևորման փուլերը, ձևերը, քաղաքական երևույթներն ու հարաբերությունները պետք է վերլուծի դրանց քաղաքագիտական արժեբանական հիմքով, հասկանա, թե ինչ բան է համակարգը, ենթահամակարգը, ինստիտուտը, ֆունկցիան դրանց սպեցիֆիկան և այլն: Սա նրանից է, որ, ասենք, ճարտարագետը (թող ներեն ինձ բոլոր ճարտարագետները, սա պայմանական օրինակ է) մի երկու անգամ հնգօրյա դաս է անցնում մոդայիկ դարձած փիառի մասին, ու ի՞նչ,-վերլուծաբան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել