Էս թեման էլ պիտի իր տրամաբանական ու բարոյական լուծումը ստանա վերջապես:
Հիմա պատմեմ, թե ինչի մասին է խոսքը:
Հրազդանցի մի բալիկի, որ, ավաղ, մահացավ դեկտեմբերին. մենք բլոգերներով որոշեցինք տեր կանգնել: Ամեն ինչ արվեց շատ արագ ու մակարդակով: Հավաքվեց համապատասխան գումարը, Գերմանիայում մեր ընկերները նախապես պայմանավորվեցին կլինիկայի հետ ու արագ կազմակերպեցինք հետազոտությունները:
Բիոփսիայից հետո պարզվեց, որ բալիկին այլևս անհնար է փրկել:
Ցավոք, մահացավ, ու մենք նույն ձև կազմակերպված ամեն ինչ դասավորեցինք, բալիկին՝ ծնողների հետ տեղափոխեցինք Հայաստան:
Թաղումից հետո երեխայի մոր հաշվեհամարին մնացել էր մոտ 29 հազար դոլար: Ընկերներիս մոտ կա բանկի հաշվետվությունը: Գուցե մի քիչ սխալվում եմ` նրանք կճշտեն:
Շատ ենք զանգել ու բանակցել էդ գումարի պահով, որ որոշ գումար փոխանցեին էդ պահին կարիքը զգացող մի ուրիշ երեխայի: Անգամ վեճ ու կռիվ ա եղել, բայց լռել ենք, չենք բարձրաձայնել, որովհետև բոլորս միաձայն էն կարծիքին էինք, որ ինչ մարդիկ էլ որ լինեն, ամեն դեպքում երեխա են կորցրել: Գուցե դարդից չեն հասկանում՝ ինչ են անում:
Մեկ էլ սպասում էինք գերմանական Շարիտե հիվանդանոցից որ հաշիվը ներկայացնեն մեզ, տեսնենք՝ ինչն ինչոց է:
Արդեն քանի ամիս է՝ հիվանդանոցը հաշիվը ուղարկում է Գերմանիայում իրենց օգնած ու ձեռք մեկնած Լիլիթին, Լիլիթն էլ ուղարկում է էս հաշիվը համ ծնողներին, համ ծանոթ-բարեկամներին: Ու ոչ մի պատասխան չի ստանում` ոչ դրական, որ հա, կմուծենք, ոչ էլ բացասական, որ չենք մուծելու:
էդ գումարը, որ ներկայացրել է կլինիկան, ճիշտ էնքան է կազմում, ինչքան որ իրենց հաշվեհամարին մնացել է բալիկի մահվանից ու թաղումից հետո:
Ես նաև շատ մարդիկ գիտեմ, որ առձեռն գումարներ են փոխանցել` մանավանդ գերմանահայերը: Այսինքն՝ բալիկի պահով շատ ավելին է հավաքվել, քան հիվանդանոցի ծախսերն են: Անգամ անձամբ խնդրել եմ շատերին, որ արդեն դրա կարիքը չկա այլևս: Այո ու սպոնսերները կարդալով դադարեցրել են օգնել գումարով, հարգելի բալիկի մորաքույր:
Հիմա բալիկի ծնողները կլինիկային նամակ են գրել, որ մենք չունենք հարկավոր գումարը, որպեսզի վճարենք մեր բալիկի բուժման ծախսերը: Հարց է ծագում` ինչի՞ չունեք: Մենք էդքան գումարը հավաքել էինք, որ ուտեք-խմե՞ք: Կլինիկան էլ մոտավորապես պատասխանել է, որ պիտի հայթայթվի էդ գումարը ու ուղարկվի:
Հիմա հարց` ո՞ւր է անհայտացել քսանքանի հազար դոլարը հաշվեհամարից ու ահագին էլ առձեռն գումարը:
Ես իրավունք ունեմ հարցնելու, որովհետև ինքս համակարգչի մոտ գիշերներ եմ անցկացրել ու իմ բարեկամ-ծանոթներից, ընկերներից գումար հայթայթել:
Գրառումներիս մեջ միշտ նշել եմ, որ ոչ մեկին պետք չի առձեռն տալ գումարը, միայն հաշվեհամարին փոխանցեք: Որպեսզի հարկ եղած դեպքում հանգիստ կարողանանք պատկերացնել գումարի չափերը ու հանրությանը ներկայացնենք, երբ պետք լինի:
Ավելորդ չեմ համարում ասել ու թող բոլորը ականջներին օղ անեն՝ ես երբեք իմ անունով հաշվեհամար չեմ բացում, գումարային առումով մաքրեմաքուր ռեպուտացիա ունեմ: Հաշվեհամարը միշտ օգնություն աղերսողի անունով է լինում: Ու մեր բոլորիս կոնֆլիկտներն էլ առաջանում են էն ժամանակ, երբ ստիպում ենք մաքուր լինել, ազնիվ լինե,լ ու երբ որ ինչ-ինչ պահերի խանգարում ենք, վերահսկողություն ենք դնում հաշվեհամարի վրա, որովհետև, ցավոք սրտի, ոչ բոլոր ծնողներն են կարողանում իրենց մեջ ճնշել այդ փողերը այլ հարցերի լուծմանն ուղղելու գայթակղությունը:
Մեր փորձից եկել ենք էն եզրակացության, որ ամենաճիշտը էն կլինի, որ բոլորս, ովքեր շահագռգռված են հիվանդ բալիկների պահով, համախմբվենք ու հիմնադրամ ունենանք, որը կլինի ավելի թափանցիկ ու ավելի պարտաճանաչորեն կհրապարակի տեղակտվություն՝ գումարային ծախսերի վերաբերյալ, ինչը պրոցեսը շատ ավելի ցիվիլ կդարձնի ու ավելի վերահսկելի:
Ես նաև ցանկանում եմ մի քանի հարց տալ բալիկի ծնողներին ու այն հարազատներին, ովքեր այսօր հոխորտում են ու մեղադրանքների տարափ են տեղացնում իրենց վաղամեռիկ բալիկին ժամանակին սատարած մարդկանց հասցեին:
1. Ինչո՞ւ բոլորիս, ովքեր ձեռք են մեկնել իրոնց բալիկին, գումարը հավաքվելուց հետո սկսեցին վարկաբեկել` հենց հաշվետու լինելու մասին խոսք էր գնում:
2. Ո՞ւր են չքացել էն գումարները, որ մնացել էին բալիկի մահվանից հետո:
3. Ինչո՞ւ էիք թաքցրել, որ Մոսկվայում բժիշկները ոչ մի հույս չէին տվել՝ զննումից հետո, այլ նոր թափով էիք սկսել գումարներ հանգանակելու կոչեր անել:
4. Ինչո՞ւ արդեն Գերմանիայում դուք ավելի շատ ժամանակ էիք հատկացնում պարզելու վրա, թե ոնց հաստատվեք ու մնաք էնտեղ, փոխանակ ամբողջ ձեր ուշադրությունը երեխան լիներ: Ու եթե չեք մոռացել, թե ինչքան ջանքեր թափեցինք, մինչև որ դուք հասկացաք` չենք թողնի մեզ օգտագործած լինեք գերմանիաներում հաստատվելու համար: Հիշում եք՝ ո՞նց ստիպեցինք, որ վերադառնաք: Ինչքա՞ն բանակցություներ վարեցինք էդ պահով, բա դրա ժամանա՞կն էր:
5. Չե՞ք ուզում փակել մարդավարի էս թեման, որ երեխայի հոգին էլ խաղաղվի:
6. Ինչու մինչ երեկ բարեկամների ու ծնողների էջերում փակված չէր գումարի մասին աղերսանքները: Չնայած, գուցե ոչ դիտավորյալ, բայց դե հիմա ասում եմ` փակեք:
Հ.Գ. Իմ ու երեխային օգնած իմ ընկերների հասցեին հիմա երեխայի մորաքույրն ու հարազատները զրպարտող հայտարարություններ են անում, այդ թվում՝ նաև համացանցում: Ի՞նչ խոսք, ամեն ոք ազատ է ցանկացած բան ասելու, բայց եթե դուք փորձում եք հարցականի տակ դնել մեր բարի անունը, ապա բարի եղեք, բացի էմոցիոնալ գնահատականներից, ի ցույց աշխարհի դնեք փաստեր՝ փաստաթղթեր, նամակներ, չեկեր, որոնք կարող են որևէ կերպ հաստատել ձեր ասածները: Ասեմ ավելին, այդ փաստերը ու հատկապես բանկային հաշվետվություններն ու վճարման կտրոնները խիստ ցանկալի է ներկայացնել անկախ ամեն ինչից, որովհետև դրանից է կախված հենց ձեր բարի անունի հետագա ճակատագիրը:
Ես էս գրառումը արեցի ինչքան կարելի է զուսպ, առանց էմոցիաների, առանց բոլոր փակագծերը բացելու:
Էս պատմությունից հետո կես տարի է անցել, բայց դեռ չեմ կարողանում շատ բաներ ըմբռնել, հասկանալ ու մարսել: Մարդկային առումով եմ ասում:
Իմ հին գրառումներից էս երկուսն են մնացել միայն (տես՝ նյութ 1, նյութ 2):