Իրավաբանական անձի պետական գրանցման համար դիմողը փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ մուտքագրելու միջոցով: Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը: Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ: Եթե անձը օրենքով նախատեսված կարգով ներկայացնում է նմուշային փաստաթղթեր, ապա իրավաբանական անձի գրանցումն իրականացվում է անմիջապես:
Իրավաբանական անձի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում գործակալությունում տեղեկատվական համակարգի միջոցով պետական միասնական գրանցամատյանում գրառվում են օրենքով սահմանված տեղեկությունները: Տեղեկատվական համակարգը գրանցվող իրավաբանական անձին օրենքով նախատեսված կարգով ինքնաշխատ կերպով շնորհում է գրանցման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը:
Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող, միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը: Անձի պահանջով անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրությունում գրառվում են իրավաբանական անձի գրանցման համարը և գրանցման տարին, ամիսը, օրը, որը հավաստվում է գործակալության էլեկտրոնային ստորագրությամբ կամ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
Նելլի Հարությունյան
ՀՀ փաստաբանների պալատի
երիտասարդական խորհրդի նախագահ
Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին:



