Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ 3000 դրամ): Ինչպես նկատել էր «Ազատություն» ռ/կ-ն, սա նշանակում է, որ այլ երկրում վեց ամսից ավելի գտնվող յուրաքանչյուր միգրանտ Հայաստան վերադառնալիս տուգանվելու է` թեկուզ սիմվոլիկ 3000 դրամի չափով: Այս փոփոխության նկատմամբ առաջին արձագանքն այն եղավ, որ իշխանությունները պետական բյուջեն համալրելու հերթական անհեթեթ քայլն են մտածել: Դա ոչ միայն հեռու չէ գործող կառավարությունից, այլև միանգամայն համապատասխանում է նրա գործելաոճին, որը հանգում է ցանկացած ճանապարհով բյուջեն փող լցնելու «քաղաքականությանը»: Բայց այդպիսով տնտեսական աճի մասին ամեն օր խոսող իշխանությունը խոստովանում է, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը ոչ միայն վատ է, այլև օր օրի ավելի վատանալու է: Առաջիկա աշնանը Հայաստանին իսկապես ծանր տնտեսական ժամանակներ են սպասվում: Արդեն այսօր արձանագրվող լայն սպառման առարկաների թանկացումը, գազի գնի` դե ֆակտո ավելացումն ու դրա հետևանքով՝ մյուս ապրանքատեսակների գների անխուսափելի բարձրացումը հատկապես աշնան վերջին լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնելու իշխանություններին: Փող չկա և առայժմ փող ստանալու արտաքին աղբյուրներ չեն նշմարվում, ինչն էլ իշխանություններին գցել է ցայտնոտի մեջ: Նման պայմաններում անգամ մի քանի տասնյակ միլիոն դրամով բյուջեի մուտքերը համալրելու հնարավորությունը կառավարությունը չէր կարող ձեռքից բաց թողնել: Անգամ՝ եթե այդպիսով կոպտորեն ոտնահարվում են մարդու` ազատ տեղաշարժի, ինչ-որ իմաստով՝ նաև անձնական կյանքի գաղտնիության իրավունքները:
Գոնե դեկտեմբեր ամսին Ամանորը տոնելու նպատակով արտագնա աշխատանքի մեկնած մի քանի ստանյակ հազարավոր քաղաքացիներ վերադառնում են Հայաստան: Նրանք` որպես կանոն, Հայաստանից մեկնում են ապրիլ-մայիս ամիսներին և դեկտեմբերին ստիպված են լինելու վճարել իրենց 3 հազարական դրամները:
Սակայն օրենսդրական այս փոփոխություններն ունեն մեկ այլ նպատակ ևս, և դա թաքնված է «ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը» արտահայտության մեջ: Այսինքն` իշխանությունները ցանկանում են հաշվառել արտերկրում գտնվող քաղաքացիներին, ինչը հնարավորություն կտա Հայաստանում փաստացի բնակվողների վերաբերյալ ավելի արժանահավատ տեղեկատվություն ապահովել:
Հաշվի առնելով այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ կատարելագործված՝ «բացակայողների փոխարեն» բազմակի քվեարկողների մեխանիզմը, այդ տեղեկատվությունը շատ օգտակար կարող է լինել փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:
Նյութը`168.am-ից