Հենրի Ֆորդ – աշխարհի ավտոարդյունաբերության թագավոր, 20-րդ դարի լավագույն գործարար, մարդ ում համար անհնարին ոչինչ չկար: Հենրի ֆորդի կյանքը նվիրված էր մի գաղափարի: Ամերիկացիները կարող են մոռանալ իրենց նախագահներին, սակայն նրան՝ երբեք: Ֆորդը կրել է բազմաթիվ պարտություններ, ընկել անելանելի իրավիճակների մեջ, պայքարել իր թշնամիների դեմ, բայց հասել է այն ամենին, ինչին երազում էր: Նա ամբողջ կյանքն ապրել է մի կնոջ հետ, ով բոլորից շատ էր ամուսնուն հավատում և օգնում: Երբ Ֆորդին հարցրեցին, թե կուզենար կրկին ապրել, նա պատասխանում է, որ միայն այն դեպքում, երբ Կլարան կրկին իր կինը կլինի: Շատ նախանձելի պատասխան էր անկեղծ ասած: Մի քանի մասերից բաղկացած գրառումներում կներկայացնեմ, թե ով էր նա, ինչպես հասավ նման հաջողությունների և ինչն է պատճառը, որ Ֆորդը դարձավ 20-րդ դարի լավագույն գործարարը: Իսկ հիմա ամեն ինչ սկզբից՝
Հենրի Ֆորդը ծնվել է 1863 թվականի հուլիսի 30-ին Միչիգանում՝ ֆերմերի ընտանիքում: Նրա ընտանիքն այդքան էլ աղքատ չէր, բայց նման ապրելակերպի համար երեխաներն ու հայրը շատ էին աշխատում: Սակայն այդ աշխատանքը միշտ Ֆորդին զայրացնում էր, քանի որ հնարավոր էր ձեռքի աշխատանքը նվազեցնել շնորհիվ տեխնիկայի: Հենրի Ֆորդն ուներ վեց քույր և եղբայր, որոնք ծառ էին կտրում, խոզ էին պահում, կով էին կթում, որպեսզի կարողանան ապրել: Ֆորդը երբեք չի սովորել համալսարանում, իսկ դպրոցն այնպես է վերջացրել, որ կյանքի վերջում անգամ շատ բառեր տառասխալներով էր գրում:
Հայրը միշտ դժգոհ էր Հենրիի աշխատանքից, քանի որ նա տանել չէր կարողանում ֆերմերային գործը և միշտ խուսափում էր աշխատելուց: Ատում էր բոլոր կենդանիներին, այնպես էր ատում, որ կաթ չէր խմում: Հենրին միշտ ասում էր, որ այդ աշխատանքը կարելի է անել այլ մեթոդներով, միայն թե ոչ ձեռքով, բայց հորն այնպես էլ չկարողացավ համոզել: Օրինակ՝ ամեն առավոտ Հենրին ջուր էր տեղափոխում դեպի հավանոց և ամեն վերադառնալուց հետո հորը խնդրում էր խողովակ պատրաստել, որով հնարավոր կլինի առանց չարչարվելու ջուր տեղափոխել հավանոց, բայց ապարդյուն:
Ֆորդի սենյակը լցված չէին խաղալիքներով, այլ այն հիշեցնում էր փոքրիկ արհեստանոց, քանի որ փայտե արձանիկների փոխարեն այնտեղ առկա էին միայն մետաղի կտորներ ու բոլոր հնարավոր միջոցները՝ պտուտակ, մուրճ և այլն: Երբ երեխաներին հայրը խաղալիք էր նվիրում, բոլորը միահամուռ գոռում էին, որ հանկարծ Հենրիին չտան, քանի որ գիտեին՝ մի քանի ժամից այդ խաղալիքի մասերն են հավաքելու: Ապագա միլիարդատերի գրպանում միշտ առկա էին մետաղի ջարդոններ, քանի որ ձեռքի տակ ընկած յուրաքանչյուր մետաղի ջարդոն դրսում չէր մնում: Ֆորդի հայրը լուրջ չէր վերաբերվում այդ ամենին և ցանկանում էր, որ որդին նույնպես ֆերմեր դառնար:
Ըստ լեգենդի Ֆորդը ցանկացավ մեքենա ստեղծել այն բանից հետո, երբ 12 տարեկանում ընկավ ձիուց: Բայց իրականում այդ նույն տարիքում առաջին մեծ տպավորությունը Ֆորդի վրա թողնում է գնացքի լոկոմոտիվը, երբ տեսնում է ու ցնցվում, թե ինչպես կարելի է ինքնուրույն շարժել այս մեքենան: Երբ հայրը զբաղվում էր ինչ որ գործով, Հենրին մոտենում է մեքենավարին ու հետաքրքրվում այս լոկոմոտիվի մասին, իսկ մեքենավարը մեծ ոգևորվածությամբ ամբողջությամբ նկարագրում է: Այդ օրվանից Հենրիի բոլոր խաղալիքները վերածվում են փորձերի համար նախատեսված միջոցների: Նույն տարում հայրը նրան ժամացույց է նվիրում: Ֆորդը, չդիմանալով գայթակղությանը, միանգամից քանդում է այն: Ֆորդը ցնցված էր այդ մեխանիզմների շարժումներից ու աշխատանքից, որից հետո միանգամից հավաքեց այն և այդ օրվանից նա կարողացավ քանդել ու հավաքել բոլոր ժամացույցները:
1979 թվականին, երբ Ֆորդը դարձավ 16 տարեկան, առանց որևէ մեկին ասելու՝ գիշերը ոտքով ճանապարհ է ընկնում դեպի Դեյտրոյտ, որտեղ սկսում է աշխատել որպես մեխանիկի օգնական: Ֆորդը սենյակ վարձեց, որտեղ սննդի և անկողնու համար վճարում էր շաբաթը 3.5 դոլար, սակայն նա ստանում էր շաբաթը 3 դոլար: Դա ստիպեց Ֆորդին, որպեսզի նա աշխատի նաև երեկոյան: Մեխանիկի մոտից նա միանգամից վազում էր ժամագործի մոտ և ամբողջ գիշեր ժամ էր սարքում 50 ցենտի համար: Ֆորդը հանգստանալ չուներ, լինում էին օրեր, երբ նա վերանորոգում էր մի քանի տասնյակ ժամացույցներ: Հետաքրքրության համար նշեմ, որ Ֆորդը աշխատել է ընդամենը 2 ընկերությունում՝ 1893-1899 աշխատել է Edison United-ում, իսկ ահա 1899-1902 թվականներին Դեյտրոյտի ավտոմոբիլային ընկերությունում:
Հայրը Ֆորդին համոզելու համար տրամադրում է 40 ակր տարածք, բայց մի պայմանով, որ նա կյանքում չի օգտագործելու մեքենա բառը: Հենրին միանգամից համաձայնվեց, բայց հայրն այդպես էլ գլխի չընկավ, որ տղան խաբում է իրեն: Հենց այդ օրվանից Հենրին հասկացավ, որ եթե ուզում ես դառնալ թագավոր, պատրաստ եղիր երբեմն ՍՏԵԼ:
Նա հիանալի էր հասկանում ժամացույցներից և կարող եր մեծ ժամագործ լինել, սակայն.. Ֆորդը ժամագործ չդարձավ մի պատճառով, որովհետև մտածեց՝ մարդիկ կարող են առանց ժամացույց ապրել, ուստի պետք է մի բան մտածել՝ առանց որի չեն կարող ապրել: Այդ ժամանակ նրա գլխում ամեն ինչ խառն էր, նա երազում էր այնպիսի ապրանքի մասին, որի կարիքը բոլորը կունենային:
Շարունակելի…