Երևանի մարդաշատ վայրերում տեղադրված հայտարարությունների տախտակների վրա պարբերաբար հայտնվում են միջպետական ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունների գովազդային պաստառներ: Բնական է, որ դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու երևույթի մեծ տարածում ստանալու հետ կապված պիտի գտնվեին ուղևորափոխադրում կազմակերպողներ և դրա հաշվին շահույթ ստացողներ: Սակայն… Տարօրինակ է, բայց փաստ՝ դեպի Ռուսաստան ավտոբուսային ուղերթներ կազմակերպող ընկերությունում հավանաբար չկա անգամ մեկ քիչ թե շատ գրագետ մարդ: Այլապես ինչով բացատրել պաստառների վրա «Ստավրապոլ», «Կրասնադար», «Ռաստով», «Պիտիգորսկ», «Սիմֆերապոլ», «Պիտերբուրգ» (ներկայացվում է՝ հավատարիմ մնալով բնագրին. Խնդրվում է ընթերցողին չընկալել որպես ճիշտ գրելաձև. – հեղ.) աշխարհագրական «անվանումների» առկայությունը: Ու հարց է ծագում՝ որևէ լուրջ մարդ կօգտվի արդյո՞ք նման հիմնարկի մատուցած ծառայություններից: Ակամա ցանկություն է առաջանում հարց ուղղել նշված ձեռնարկությունների ղեկավարներին՝ «Դուք ո՞ր դպրոցն եք ավարտել»: Եթե ճիշտ եմ հիշում՝ մենք տասնամյակներ ի վեր վայելում ենք 100 տոկոսանոց գրագիտություն ունեցող երկրի համբավ: Լավ, եթե մարդիկ մի բանում վստահ չեն, մի թե՞ այդքան բարդ է բացել հանրագիտարան կամ այցելել համապատասխան կայք: Իսկ եթե վստահ են, որ իրենց կիրառած գրելաձևերը ճիշտ են, ապա սա արդեն ողբերգություն է: Չլինի՞ անգրագիտության վերացման լիկվիդացիոն կայանները վերաբացելու ժամանակն է եկել: Ու եթե այդպես է՝ ապա մենք 100 տարով հետ ենք գլորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել