Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է որոշում, որով նախատեսվում է սահմանափակել պետական և համայնքային կարիքների համար արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների գնման հնարավորությունները:
Նա հույս է հայտնել, որ այդ քայլը կնպաստի «շուկայում անհրաժեշտ հաշվեկշռի պահպանմանը» և հայտարարել, որ ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանն ուղղված բյուջետային հոդվածներով նախատեսված ծախսերը պիտի ուղղվեն տեղական արտադրողին: Ընդ որում, սա վերաբերում է նաև հասարակական տրանսպորտում օգտագործվող մեքենաներին և հատուկ տեխնիկային:
Այս ամենը, անշուշտ, մեծապես ձեռնտու է Ռուսաստանին: Երկիրը պետք է սատարի իր արտադրողին, որ հետո իրավունք ունենա նաև նրանից պահանջել: Դա, անշուշտ, բերում է նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտադրության ընդլայնմանը, գործազրկության նվազմանը:
Մեզ մոտ ևս նման որոշման կարիք կա: Իհարկե, առայժմ ոչ ավտոմեքենաների մասով, քանի դեռ չենք արտադրում, սակայն պետությունը պետք է խթանի տեղական արտադրությունը՝ ստեղծելով տեղական արտադրողի համար լրացուցիչ շուկաներ:
Մենք ասելիք ունենք նաև ավտոարտադրության ոլորտում: Ունենալով հսկայական էներգառեսուրսներ՝ մենք պետք է դառնանք էլեկտրամոբիլների արտադրության առաջամարտիկը, և հաշվի առնելով աշխատուժի էժանությունը, բարձրակարգ մասնագետների առկայությունը և մի շարք այլ գործոններ, կարող ենք տալ շատ ավեի էժան արտադրանք՝ այդպիսով դերակատարում ունենալով նաև համաշխարհային մասշտաբով:
Ժամանակին մենք ունեինք ավտոարտադրություն և արտադրում էինք «ԵրԱԶ» ավտոմեքենաները: Դրանք, իհարկե, որակական հատկանիշներով առանձնապես չէին փայլում, սակայն դրանով մենք ստեղծեցինք համապատասխան ավանդույթներ, որոնք պետք է շարունակվեն:
Սեփական հանածո վառելիք չունեցող և ներմուծման առումով մեծ խնդիրներ ունեցող երկրի համար էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում գործունեության ծավալումը կարող է դառնալ կարևորագույն քայլ էներգետիկ անվտանգության տեսակետից:
Ուստի այդ կապակցությամբ պատկան մարմինները պետք է մշակեն համապատասխան ծրագիր:
Որպեսզի «ԵրԱԶը» երազ չմնա....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=331738160324432&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել