... Կան պահեր, երբ մի «չէ՛» կամ «այո՛» ասելը հավասարվում է կյանքի կամ մահվան՝ վերանալով նույնիսկ հերոսությունից։ Այն ժամանակվա մեր «այո»-ն կամ «ոչ»-ը բախտորոշ նշանակություն ուներ։ Եվ մեր նախնիք ասացին՝ «ոչ»։ Եվ այսօր ոչին չասող «Քաղկեդոնի ժողով» և «միաբնակ» բառերը դարձան մեր հին պատմական գլխագրերից մեկը ...
Համաշխարհային նշանակություն ունեցող այս իրադարձությունը տեղի էր ունենում Մաշտոցի մահից ընդամենը 10-11 տարի անց՝ 451 թվականին։ Ծանո՜թ թվական. մերոնք կենաց ու մահու մարտ էին տալիս Ավարայրում՝ թերևս անտեղյակ, թե ի՛նչ նոր Ավարայր էր պատրաստվում Պոլսո այսօրվա թաղերից մեկում՝ Գատը-գյուղում, որ այն ժամանակ կոչվում էր Քաղկեդոն։ Մերոնք չէին մասնակցում քաղկեդոնյան ճակատամարտին, որովհետև ճակատամարտում էին Ավարայրում։ Մերոնք Ավարայրում չհաղթեցին, բայց նաև չպարտվեցին, որ արդեն հաղթանակ էր և մեծ հաղթանակ. Պարսկաստանը ստիպված եղավ Հայաստանից ետ կանչել իր Զրադաշտին, և հայը մնաց քրիտսոնյա։
Մերոնք չէին կարող խուսափել Քաղկեդոնի ճակատամարտից, որտեղ նույնպես պիտի չհաղթեին, բայց նաև պիտի չպարտվեին, որ արդեն հաղթանակ էր և մեծ հաղթանակ. Հռոմը պիտի ետ տաներ իր ծուռ խաչը, և հայաստանցին պիտի իրեն կոչեր հայ քրիստոնյա... Այսօր, իհարկե, այս բառակապակցությունը զուտ, կրոնական է. այն ժամանակ «հայ քրիստոնյա» կոչվելով՝ մերոնք կարողացան համընդհանուրի մեջ մասնավորվել, համանմանության մեջ տարբերակվել. այդ համընդհանրությամբ ու համանմանությամբ կանխեցին զրադաշտական (ապա՝ նաև իսլամական) սպառնալիքը, իսկ այդ մասնավորմամբ ու տարբերակմամբ դիմադրեցին հույն-բյուզանդական համահարթիչ վտանգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել