Lragir.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը
Պարոն Բաբայան, նոր սերնդին նոր արձաններ են հրամցնում՝ Միկոյան, մարշալ Բաբաջանյան, Կալաշնիկով: Ընդհանրապես ի՞նչ պետք է արձանը փոխանցի երիտասարդներին, ինչո՞ւ հանկարծ որոշեցին կենդանացնել խորհրդային գործիչներին՝տեղյակ լինելով նաև նրանց դաժանություններին: Որտեղի՞ց է գալիս այս մտայնությունը:
Վերջերս մի բան կարդացի, որը տալիս է դրա պատասխանը: Մամուլի ասուլիսներից մեկում ես մեջբերեցի Սոլժենիցինի խոսքերը «Արշիպելագ գուլագ»-ից: Խոսքը անձնական պատասխանատվությունից: Դրանից մեկ ամիս անց «Գոլոս Արմենիի» թերթում կարդացի Միկոյանի թոռան ծավալուն հոդվածը, որը հիմնականում ուղղված էր ինձ: Մի կողմ դնելով անձնական վիրավորանքները՝ հոդվածում ամենահետաքրքիրն այն է, որ նա բերում է իմ խոսքերը, բայց չի նշում, որ դա Սոլժենիցինի խոսքերն են: Որովհետև Ռուսաստանում շուտով ամենաբարձր մակարդակով նշվելու է Սոլժենիցինի 100-ամյակը և նրան դիպչել, նշանակում է դիպչել այդ տոնակատարությունների կազմակերպողներին: Շատերն են դեմ արտահայտվել Միկոյանի արձանի տեղադրմանը, ինչո՞ւ նրա թոռը հենց ինձ ընտրեց որպես թիրախ: Հետո հասկացա, որ ճիշտ է արել, քանի որ հասկացել է, որ իմ խոսքն ուղղված չէր Միկոյանին, այլ այդ քաղաքակրթությունը հետ բերելուն: Ամբողջ հոդվածի մթնոլորտը հետևյալն է. ո՞վ ես դու, ինչ-որ մի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, որ համարձակվում ես խոսել Միկոյանի մասին: Սա մտածողություն է: Նա չի էլ պատկերացնում, որ մենք բոլորս քաղաքացիներ ենք և իրավունք ունենք խոսել ամեն ինչի մասին, առավել ևս այն հանրային խնդիրների մասին, որոնք անմիջապես կապված են մեզ հետ: Այդ բաժանումը՝ դու սրա մասին չխոսես, չմտածես, քո փոխարեն մտածողներ կան, հենց այն քաղաքակրթական ընտրությունն է, որի մեջ տեղավորվում են Միկոյանը, մարշալ Բաբաջանյանն ու Կալաշնիկովը: Շատերը հիշատակում են Միկոյանի հայ լինելը: Նա հայ էր այնքանով, որքանով Ստալինը վրացի էր, որքանով Խրուշչևը ուկրաինացի էր, Մալենկովը ռուս էր, իսկ Կագանովիչը՝ հրեա: Իրականում նրանք բոլորը մարդասպան բոլշևիկներ էին: Սա էր նրանց միացնում: Այդ ինչպես եղավ, որ այդ ողջ թիմը, տարբեր ազգություններից լինելով, հավաքվեց ու սկսեց իրագործել այդ ոճրագործությունները, որովհետև նրանց միավորում էր այլ բան:
Կարևորն իրականում Միկոյանը չէ. Կարևորն այն է, որ այդ քաղաքակրթական վեկտորը վերադարձնելու փորձերը մեր պարագայում, կարծում եմ, անպտուղ են: Ես նույնը չէի ասի Ռուսաստանի մասին, որտեղ այդ փորձերն անպտուղ չեն: Այն, ինչ մենք տեսնում ենք Ռուսաստանում, մոլորված հասարակության ոգևորություն է, իսկ մեզ մոտ նման ոգևորություն չկա: Մեզ մոտ կա հարմարվելու ցանկություն, հասկանալով, որ դա պետք է, բայց քաղաքակրթական վեկտորն այսպես փոխելու ոգևորություն չկա: Ավելին ասեմ, բոլորն զգում են այդ վեկտորի մամլիչ ճնշող ուժը, և նորմալ մարդկանց մոտ դա չի կարող չառաջացնել ոչ դրական զգացմունքներ: Այն, ինչ կատարվում է մեր ավագ եղբոր երկրում, կբնութագրեի մի ռուսերեն նախադասությամբ. «бытовое российское хамство превратилась в государсвенную политику»:
Բոլոր այս արձանները տեղադրելու ցանկությունները չեմ կարծում, որ ծնվում են մեր երկրում: Չեմ կարծում, որ սա մեր պահանջն է, որ հանկարծ արթնանում ենք ու ասում՝ վայ, էս ինչու Միկոյանի արձանը չկա Երևանում: Երկրորդ՝ հասկանում եմ, որ կա մի ախմախ արտահայտություն, որ ճաշակին ընկեր չկա, բայց ճաշակ հասկացողություն էլ կա: Ընդհանրապես, վերջին տարիներին Երևանում տեղադրված արձաններից միայն մեկն է ճաշակով՝ Առնո Բաբաջանյանի արձանն է, որը մեծ բողոքի ալիք առաջացրեց: Հիմա Ռուսաստանում նոր աղմուկ է սկսվել, պարզվում է իրենց փողի վրա Ապոլոնի արձանի գոտկատեղից ներքևի մասը երևում է: Հիմա մենք էլ նման հիմարությունների հետևից գնա՞նք:
Միկոյանի արձանի տեղադրման հարցում մեծ աղմուկ բարձրացավ, ընդվզում կար, անգամ հնչեցին տեսակետներ, որ կոչնչացնեն արձանը, եթե տեղադրվի: Այս պահին այդ գործընթացը կարծես կանգ է առել: Հնարավո՞ր է, սա մեխանիզմ է՝ ստուգելու հասարակության վերաբերմունքը այս կամ այն արձանի տեղադրման նկատմամբ:
Ոչ, դուք շատ լավ կարծիքի եք նման որոշում ընդունողների մասին: Նրանք այդքան հեռուն չեն նայում, այս պահին պետք էր բավարարել ինչ-որ ցանկություններ, ու այդ ժամանակ չեն մտածում հասարակության տրամադրությունների մասին: Եթե իսկապես մտածենք, որ ուզում էին ստուգել հանրության արձագանքը, դա արևմուտքում անվանում են մարկետինգ, իսկ մեզ մոտ արևելյան շուկա է, որտեղ նման չափանիշներով չեն շարժվում: Հերթական չմտածված որոշումն է կայացվում, և այս լայն արձագանքը բացարձակապես սպասելի չէր նրանց համար, որովհետև կա կարծիք, որ հասարակությունը կազմված է քեզ նման մարդկանցից, և եթե դու նորմալ ես համարում արձանի տեղադրումը, մտածելով, որ դրանով ինչ-որ աշխարհաքաղաքական հարցեր ես լուծում, ուրեմն հանրությունն էլ պիտի դա նորմալ համարի: Բայց հանրությանն էլ չի հետաքրքրում, թե դու ինչ հարցեր ես լուծում, և նա ասում է՝ ես թույլ չեմ այդ արձանը տեղադրել: Այստեղ գալիս է բնազդային վախի զգացողությունը՝ բա որ արձանը դնենք, մարդիկ էլ հերն անիծեն, ավելի վատ չի՞ լինի, ավելի լավ է չդնենք, ավելի լավ է հայ-թուրքական արձանագրությունների պես թողնենք օդում կախված:



