Լիային այդ առավոտ ոչ ոք չարթնացրեց: Նա երբեք այսքան երկար չէր քնել, նույնիսկ ամառային արձակուրդներին: Տանն անսովոր լռություն էր: Ափսեների ու բաժակների զնգզնգոցն անգամ չէր գալիս: Մայրիկը երևի արդեն դասավորել է դրանք սեղանի վրա: Ամեն դեպքում պետք է գնալ լվացվելու, թե չէ իրենց նորից Սեթուհի կկոչեն: Տանել չի կարողանում, երբ իրեն այդպես են դիմում: Ինքը երբեք էլ փնթի ու թափթփված չի եղել…
Այս ծրարը…. մայրիկը խնդրեց, որ միայն երեք օր հետո բաց անի այն, բայց թե ինչու` չգիտի: Եթե շուտ բաց անի, նա անպայման կնեղանա, չի համբուրի իրեն ու գանգուրների հետ չի խաղա: Հայրիկն էլ կմտածի, որ մայրիկից շատ է սիրում իրեն, և ամբողջ օրը կնվիրի իր հետ խաղալուն: Դա իհարկե լավ է, բայց առանց մայրիկի համբույրների, որոնք քիթիկում քոր ու խուտուտ են առաջացնում, նա մի օր անգամ ապրել չի կարող: Հիմա ծրարը կպահի բարձի տակ ու կիջնի մայրիկի մոտ: Նա վերջերս մոռացկոտ է դարձել, նույնիսկ իրեն չարթնացրեց այսօր:
Հայրը նստած էր հյուրասենյակի հսկայական օվալ սեղանի գլխամասում, առանց վերնազգեստի: Անհագ քաշում էր ծխախոտի ծուխը, որն այնքան զզվելի բույր ուներ: Սեղանի վրա երկու մեծ շշեր էին, մեկի մեջ շագանակագույն, մյուսի մեջ` թափանցիկ, անգույն հեղուկներ: Նա մեկ այս շշից, մեկ մյուսից բաժակն էր լցնում ու մի ումպով դատարկում այն: Հոր դեմքը կարմրած էր, աչքերն ուռած, որոնք նա մի կերպ բարձրացրեց ու հառեց ասես ուրիշ աշխարհում հայտնված դստեր ապուշ կտրած հայացքին, ում համար խիստ տարօրինակ ու արագ էր ընթանում իրադարձությունների բնականոն ընթացքը:
- Որտե՞ղ է մայրիկը….
- Նա քեզ չի՞ ասել, ի՞նչ է:
-Ոչ:
- Ափսոս, անուշիկս, – դանդաղ մրթմրթաց հայրը, – այդ անամոթ կինն անգամ քեզ հրաժեշտ չտվեց:
- Նա մեկնել է ճամփորդությա՞ն:
Հայրը տարօրինակ ու բարձր ծիծաղեց: Բայց միանգամից էլ լռեց: Այն թափանցիկ հեղուկը հենց շշից դատարկեց ու աչքերն արյունոտ հառեց աղջկան.
- Չքվիր աչքիցս…
- Որտե՞ղ է մայրիկը….
- Կորի~ր աչքիցս:
Հայրը երբեք այդպես չէր խոսել իր հետ: Նման հայացքով նա նայում էր մայրիկին, երբ ապտակեց նրան հյուրասենյակում, կամ էլ աղախնին, երբ բարկանում էր նրա վրա` անպիտան համարելով նրան ու նրա աշխատանքը: Իսկ հիմա հայրը նույն կերպ խոսում էր իր հետ` իր ոսկեմազիկի, ում մազերը նրա հպարտությունն էին:
Լիան կոկորդում խանգարող ու ձգված մի բան զգաց: Զսպեց արցունքները: Այտերն ու շուրթերն ուռչեցին` իրենց ուսերին վերցնելով արցունքները պահելու ամբողջ պատասխանատվությունը: Նրա մանրիկ քայլերը նրան տարան խոհանոց: Աղախինը` Մարիան, այնտեղ էր:
- Որտե՞ղ է մայրիկը:
-Գնա սենյակդ, հագնվիր, լվացվիր ու եկ նախաճաշելու:
- Ես ուտել չեմ ուզում… Նա տանը չէ՞:
-Ոչ… գործեր ուներ, դուրս է եկել, բայց ինձ պատվիրել է, որ դու անխոս նախաճաշես:
Լիան ստիպված էր հոր խղճուկ տեսքը ևս մեկ անգամ ուսումնասիրել, որպեսզի բարձրանար սենյակ:
<<Նա մոր կրկնօրինակն է>>, մտածում էր հայրը` անհագ քաշելով հերթական ծխախոտի ծուխը, <<ստիպված եմ լինելու ողջ կյանքիս ընթացքում երեխայիս արտաքնի մեջ տեսնել այն կնոջն, ում հիմա ատում եմ բոլորից շատ…>>:
Լիան նստեց անկողնու վրա: Ամեն ինչ գլխի վրա շուռ է եկել: Ախր ամեն բան լավ էր, ուղղակի հրաշալի: Իսկ հիմա մայրիկն անհետացել է, իսկ հայրիկն իրեն այլմոլորակայինի պես է պահում, գոռգռում է, այն անգույն հեղուկից խմում անընդհատ: Լիան բնազդաբար ձեռքը տարավ դեպի բարձի տակ, որտեղ շոշափեց ծրարը: Երեք օր սպասել չի ուզում: Միգուցե սա կարևոր է: Նա բացեց ծրարն ու նկատեց ծալապատիկ թուղթը, բարակ շղթան` գեղեցիկ քարե կուլոնով: Նամակը շատ բան պիտի ասեր նրան, երևի նաև, թե որտեղ է մայրը.
<< Իմ ամենաքնքուշ ու ջերմ արև….
Երբ սա կարդաս, ես այնքան հեռու կլինեմ քեզնից, որ դու ստիպված կլինես ինձ փնտրել մեր առանձնատան բոլոր անկյուններում, մինչև համոզվես, որ մայրիկն իրոք քեզ հետ չէ: Ես քեզ ոչինչ չեմ կարող բացատրել հիմա: Տարիներ հետո, երբ կդառնաս իսկական գեղեցկուհի, ավելի գեղեցիկ, քան հիմա ես, կհագնես կարճ ու նուրբ զգեստներ, կհարդարես ոսկեթելիկ մազերդ, շուրթերդ կներկես կարմիր շրթներկով, որ այնքան սիրում ես, միգուցե հենց այդ ժամանակ կարողանաս հասկանալ մայրիկիդ, ով այսքան հեռու պիտի լինի քեզնից: Ուզում եմ միշտ հիշես, որ ես քեզ սիրում եմ, երբեք չեմ դադարի սիրել մի հրաշքի, ով իմ միսն ու արյունն է, իմ շարունակությունը: Երբ մեծանաս, կհասկանաս, թե ինչ է իսկական սերը, կսիրես ու կներես մայրիկիդ այսօրվա ու շատ տարիների բացակայությունը քո կողքից: Խոստացիր ինձ, որ կլսես հայրիկիդ: Նա հրաշալի մարդ է: Նա սիրում է քեզ, երբեք չի թողնի քեզ, ինչպես ես թողեցի: Միգուցե հետագայում դու մեղադրես ինձ այսպես հեռանալու համար, բայց ես չեմ կարող մնալ այս տանը, քո ու հայրիկիդ հետ: Լավ մնա, սիրելի~ս, ես քեզ սիրում եմ: Փորձիր ապրել առանց ինձ: Ներիր ինձ…
Քո մայրիկ Էլիզա>>
Նամակն անմիջապես տեղ գտավ հիշողությունների տուփում, որտեղ Լիան պահում էր ամենանվիրական ու հարազատ իրերը: Իսկ շղթան գրկեց աղջկա նուրբ պարանոցը` ի նշան արհեստական որբացման: Լիան այդ օրը մեծացավ մի քանի տարով: Հագավ մայրիկի ասած կարճ ու նուրբ զգեստները, շուրթերը ներկեց կարմիր շրթներկով, իր էջը հավերժ փակեց մոր համար, ումից ծնվելով ու սիրվելով` այսօր որբացավ ու մեծացավ միաժամանակ: Այո, մի օր նա կհասկանա, ամեն բան կհասկանա, միգուցե նաև ների…
Շարունակելի…