imagesԵրբ կյանքս լցվել էր երիտասարդ ու վառ գույներով, ու շուրջս միայն անհոգ իրականություն էր, երբեք չէի մտածում, որ կյանքում ավելի շատ դժվարություններ կան, քան ես տեսնում էի: Երբ հազար համեմատական էի անցկացնում իդեալի ու իրականության միջև, հասկանում էի, որ իրականը իմը չէ, ու ես դեռ շատ հեռու եմ նրանից, ով իմը պիտի լինի: Երբ ամբողջ կյանքում մատների արանքով էի նայում իրականության ու իդեալի տարբերությանը, մտածում էի, որ կյանքը հենց էդպես էլ շարունակվելու է, հազար պատմություններ ու իդեալին անհամապատասխան իրականություններ են հայտնվելու: Երբ կյանքս իր թեթև հունով անցնում էր, ես մտածում էի, որ էդպես էլ լինելու է ամբողջ կյանքում, ես երբեք չեմ հասնի իմ իդեալին ու դա ինձ բոլորովին պետք էլ չէ, ես ունեմ այն, ինչ ունեմ, ունեմ այն, ինչն ինձ թեկուզ պետք չէ, բայց երևում է, ու դու հիմա սա կարդալով ինձ շատ ճիշտ ես հասկանալու, որ գիտակցաբար հարմար թեկնածուն կարող է նույնիսկ սիրելի չլինել ու ես դրան համաձայն էի…
Ես երբեք չէի մտածի, որ սերը կարող է մարդուն դնել անելանելի պատերի մեջ ու, չնայած, ինչպես դու ես ասում, ամեն տեղից էլ ելք կա ու ելքը պիտի լինի ցեխոտ ու զզվելի, սարդոստայններով ու փոշոտ, քարքարոտ ճանապարհով ուղեկցվող, ու եթե այդ ելքի լույսը մի օր երևա, ուրեմն ինձ իդեալը հաստատ պետք է: Ու ես շատ լավ հասկանում եմ, որ նման հարցերին չանդրադառնալը գիտակցությունը անջատելու ու անիրական իրականությամբ ապրելու հետևանքն է, երբ գիտակցությունը չի հաղթում սրտին ու հոգու բոլոր մասնիկները միասնաբար սիրում են քեզ, երբ սրտիդ ոչ մի անկյուն բաց չի մնում, որովհետև մի փոքր մասում շատ մարդիկ են, իսկ մի մեծ մասում միայն մի մարդ, ով թեկուզ անհնարին իրականություն է, բայց և իմն է, ով իմ կյանք մտավ միանգամից ու համարձակ քայլերով, ում խելահեղությունը, թեև գովազդի է նմանվում, բայց սահմաններ չունի, ում կողքին քեզ զգում ես ամենազոր, բայց իրականությունը գիտակցելիս դառնում ես տկար ու անկարող, դառնում ես թույլ ու նույնիսկ մտքովդ չես էլ ուզում անցկացնել, որ նրան հասնելը իրոք դժվար է: Դժվար է, որովհետև վախենում ես ասել՝ ես քեզ սիրում եմ, դժվար է, որովհետև թաքուն ու գաղտնի արարքներն այնքան շատ են, որ իրականությունը բացահայտելու հնարավորություն չկա, դժվար է, որովհետև վախն էլ շատ է, դժվար է, որովհետև մարդիկ մեզ չեն հասկանում, դժվար է, որովհետև մենք ինքներս էլ մեզ չենք հասկանում, դժվար է, որովհետև, թեև սիրում եմ, բայց լռում եմ, դժվար է, որովհետև հեշտ ոչինչ չի լինում այս կյանքում, մանավանդ հեշտ չի լինում իդեալը ու ոչ մի անգամ էլ երջանկությունը հեշտ չի տրվում, բայց այսօր իմ երջանկությունը դու ես, որովհետև ես միշտ էլ քո կողքին եմ լինելու, որովհետև, չնայած երեք օրվան, դեռ 90 տարի ունենք ու դու ինձ այնքան շատ ես սիրում, որ դա միայն քո աչքերից էլ է երևում, ու ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ մեզ համար ամեն ինչ հեշտ է լինելու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել