Ինչպես հայտնի է, եվրոպական ակումբային մրցաշարերը հայկական ակումբների համար ավարտվեցին, կարելի է ասել, չսկսված՝ մեր բոլոր չորս ակումբները դուրս մնացին առաջին իսկ փուլում:
Այդ փուլը, որպես կանոն, անց է կացվում հուլիսի առաջին օրերին, և թիմերն ունենում են ֆուտբոլիստների մարզավիճակի խնդիր: Նախորդ առաջնությունն ավարտվել է մայիսի վերջին, իսկ մինչև նոր մրցաշրջանի սկիզբը դեռ կա շուրջ երկու ամիս: Ուստի ստացվում է, որ ֆուտբոլիստները, վերադառնալով կարճատև արձակուրդից, չեն հասցնում ձեռք բերել անհրաժեշտ մարզավիճակ եվրագավաթների խաղերի համար, իսկ այդ խաղերից հետո միայն սկսում են պատրաստվել հանրապետության առաջնությանը:
«Այս պահին, որքան հնարավոր է, պատրաստել ենք թիմին: Մենք ամեն ինչ կանենք լավ խաղալու համար, թեև մրցակիցները լավ մարզավիճակում են, քանզի Ղազախստանի առաջնությունն ընթացքի մեջ է»: Սրանք «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի խոսքերն են, ու չհամաձայնելը դրանց հետ առավել քան բարդ է:
Թե ինչի հանգեցրեց այդ «լավ խաղալը»՝ հայտնի է բոլորիս: Սակայն դրանից առավել կարևոր է պարզել, թե որտեղից են աճում ոտքերը, այլ կերպ ասած՝ որտեղից է ծագել մարզիչ Հովսեփյանի մատնանշած խնդիրը:
2012թ., չգիտես ինչու, որոշվեց տուրք տալ եվրոպական հովերին և զանց առնելով Հայաստանի կլիմայական պայմանները և այլ առանձնահատկություններ, անցնել եվրոպական երկրների մեծ մասում կիրառվող «աշուն-գարուն» համակարգին, ինչի արդյունքում, ինչպես նշվեց, մեր թիմերի ֆուտբոլիստները հուլիս ամսին եվրագավաթների խաղերին մասնակցում են գտնվելով ոչ լավագույն մարզավիճակում: Եվ իսկապես, ասենք, հունիս-հուլիսին Հայաստանի բնակլիմայական պայմաններն ավելի նպաստավոր են ֆուտբոլային հանդիպման անցկացման համար, քան նոյեմբերն ու դեկտեմբերը:
Ավելին, մեր դեպքում անգամ «աշուն-գարունն» է ուրիշ: Եթե այլ առաջնություններում (թերևս բացառությամբ գերմանականի), մրցաշրջանի կեսին ընդմիջումը տևում է 1-2 շաբաթ, ապա մեր դեպքում միևնույնն է՝ եռամսյա ընդմիջումը ձմեռային ամիսներին անխուսափելի է:
Եվրոպական ինչ-որ բանին ընդօրինակեուց առաջ նախ պետք է հստակորեն հաշվարկել Հայաստանում դրա կիրառելիության հնարավորությունն ու նպատակահարմարությունը, ապա միայն, դրական արդյունքի դեպքում, սկսել ընդօրինակման փորձերը:
Իսկ մինչ այդ՝ առաջին փուլի հաղթահարումն անգամ կմնա մեզ համար որպես մի քաղցր երազ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1443453892587217&id=100007678606149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել